
«Դու ի՞նչ պետություն ես ստեղծում, երբ քաղաքացին իր իրավունքը պաշտպանելու համար ստիպված է հազար դուռ թակել, ծանոթ գտնել». Լևոն Ջավախյան

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,- ահա այսպես` առանց ավանդական «հպարտ» բառի է Քաղաքացու օրվա իր ուղերձը հղել տոնի հեղինակ Նիկոլ Փաշինյանը և նկատել,- 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետև Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի-պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը»:
Տեր ու ծառայի մասին փաշինյանական այս պատկերացումները խորթ են հրապարակախոս, արձակագիր Լևոն Ջավախյանին։
«Երկրի տերը երկրի քաղաքացի՞ն է։ Ես այլ կարծիքի եմ. անտեր երկիր է։ Մեր երկիրը տեր չունի և ոչ մի առումով երաշխավորված չէ երկրի անվտանգությունն ու շարունակականությունը, ի՞նչ քաղաքացու տոն,- 168.am-ի հետ զրույցում նշեց հրապարակախոսը, ապա անդրադարձավ տոնի բովանդակային մեկ այլ կողմին,- Էդ Քաղաքացու տոնը կուզեի լիներ հայի ծագման տոն, Հայկ Նահապետի տոն։ Գլոբալ քաղաքականության հետևանքով ստեղծված մտքերը չեմ ընդունում. հիմա մենք էլ ենք քաղաքացի, ամերիկացին էլ է քաղաքացի…
Դրանք սուտ բաներ են։ Մենք անտեր երկիր ենք, մեր քաղաքացին էլ անտեր քաղաքացի է։
Ասում է՝ պետություն եմ ստեղծում. Դու ի՞նչ պետություն ես ստեղծում, երբ քաղաքացին իր իրավունքը պաշտպանելու համար ստիպված է հազար դուռ թակել, ծանոթ գտնել»։
Լևոն Ջավախյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի` հերոս-հարկատու ձևակերպումը` նկատելով, որ գուցե «քաղաքացի» ասելով` իշխանությունը հասկանում է միայն մարդու, որը հարկ է վճարում։
«Սա իր ստեղծած պետությունն է, ու իր ստեղծած քաղաքացու տոնն է, իսկ քաղաքացին անտեր է։ Ես չեմ ընդունում այս տոնը, այս տոնը, որ իրենց հետ շոշափվում է, ինձ համար սուտ տոն է` իրեն հարիր. ստերի հայրն է, չէ՞։
Այս օրվա հետ կապված ես հիշեցի իմ պատմվածքներից մեկում տեղ գտած մի դրվագ, որտեղ ասում եմ` հերս ինձ բերեց քաղաք, որ մարդ դառնամ, էն էլ` դարձա քաղաքացի։ Այսօր մարդու պակաս ունենք՝ այն մարդու, որին Դիոգենեսը ճրագը ձեռքին օրը ցերեկով փնտրում էր։ Ես այդ մարդու կարիքն ունեմ, ոչ թե իրենց ուզած կարծեցյալ քաղաքացու, որ հարկ մուծի ու հերոս կոչվի։ Ինձ համար կարևորը մարդն է, որը հայրենիք է ստեղծում, որը և անցյալն է, և ներկան, և ապագան»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ իշխանամուտից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը մեր տոնացույցում ավելացրեց քաղաքացու օրը։ Որոշվեց այն նշել ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այս տարի՝ ապրիլի 26-ին։