Բաժիններ՝

ԱՄՆ-ին չի հաջողվել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում

Հութիների հակաօդային պաշտպանության համակարգերի գործողությունների պատճառով ամերիկացի զինվորականները դեռևս չեն կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում և ապահովել մարտական ​​ավիացիայի անխափան թռիչքները:

Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին։

Վերջինիս հավաստմամբ՝ հութիները շարունակում են խոցել ամերիկյան ծանր անօդաչու թռչող սարքերը։

Մարտի 3-ից հետո Միացյալ Նահանգները կորցրել են MQ-9 Reaper տեսակի 7 անօդաչու սարք, ինչը զգալիորեն սահմանափակել է մարտի դաշտում ավիահարվածների արդյունքները գնահատելու և հութիների առանցքային առաջնորդների գտնվելու վայրը պարզելու համար ամերիկացի զինվորականների հնարավորությունները: 

MQ-9 Reaper-ների ոչնչացմամբ ԱՄՆ զինված ուժերին հասցվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս, քանի որ յուրաքանչյուր ԱԹՍ-ի արժեքը 30 միլիոն դոլար է:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) արդեն 42 օր շարունակ օդից և ծովից հարվածներ է հասցնում Եմենին։ Ապրիլի սկզբին ամերիկացիները ցանկանում էին հասնել ռազմական գործողության երկրորդ փուլին, որի ընթացքում նախատեսվում էր հիմնականում կենտրոնանալ հետախուզությանը և հութիների բարձրագույն ղեկավարությանը հետևելուն:

Այս մասին Fox News-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնյան: Նրա խոսքով՝ քանի որ ԱՄՆ ցամաքային զորքեր չունի Եմենում՝ հետախուզումը նախատեսվում էր իրականացնել MQ-9 Reaper-ների միջոցով, որոնք, սակայն, հութիները հաջողությամբ խոցում են «երկիր-օդ» դասի հրթիռներով։

Այնուհանդերձ, ամերիկացիների հարյուրավոր հարվածների արդյունքում հութիների կողմից բալիստիկ հրթիռների արձակումները կրճատվել են 87, իսկ ԱԹՍ-երով հարձակումները՝ 65 տոկոսով: Այդ մասին հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը:

«Գործողության սկզբից ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածեր է հասցրել ավելի քան 800 թիրախների։ Ոչնչացվել են բազմաթիվ հրամանատարական կետեր, ՀՕՊ համակարգեր, զենքի արտադրության ժամանակակից ենթակառուցվածքներ, զենքի պահեստներ, ավելի քան 650 հութի զինյալներ և նրանց բազմաթիվ առաջնորդներ»,- նշել է հրամանատարության ներկայացուցիչ Դեյվ Իսթբերնը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս