
ՄԻՊ–ն ու Հունաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին Մանասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:
«Ողջունելով հյուրին՝ բարձր եմ գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները՝ կարևորելով երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների համագործակցության ընդլայնումը»,–նշել է Մանասյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Քննարկել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները:
«Այս համատեքստում ընդգծել եմ ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի ներկայիս անթույլատրելի ծավալները Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր»,–տեղեկացրել է ՄԻՊ–ը:
Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՄԻՊ հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։