
ԵՄ-ն արագացնում է Անդրկասպյան միջանցքի համաձայնեցման գործընթացը Հարավային Կովկասում․ ակտիվանում է նաև Չինաստանը

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնատար անձանց հետ։
Սա, թերևս, ԵՄ առաջին պաշտոնյայի այցն էր Ադրբեջան, որը դարձավ բազմաթիվ քննադատությունների առարկա՝ առաջին հերթին հենց եվրոպական քաղաքական համայնքի և վերլուծաբանների կողմից։
Եվրախորհրդարանի, եվրոպական տարբեր երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել էին Կայա Կալլասին Ադրբեջան այցելելու ծրագրերի համար։ Նրանք ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Կալլասը չի այցելում եվրաինտեգրման ճանապարհն ընտրած Հայաստան, փոխարենը՝ այցելում է բռնապետական Ադրբեջան, որը շարունակում է սպառնալ ժողովրդավարական ուղի ընտրած Հայաստանի անվտանգությանը։ Թեև ավելի վաղ տարբեր խողովակներով հաղորդվել է, որ Կալլասը ծրագրում է նաև այց Հայաստան։ Այս մասին վերջերս Երևանում հայտարարել էր նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանն անկեղծորեն հույս էր հայտնել, որ այցը կօգտագործվի Բաքվում բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար։ Սակայն Կալլասը Բաքվում գերիների մասին չխոսեց։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպման ժամանակ Կալլասը նշել էր, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։
Ընդգծելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կայա Կալլասը նշել էր, որ Ադրբեջանը հանդես է գալիս՝ որպես հուսալի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային՝ նա ընդգծել էր այդ համատեքստում Ադրբեջանի դերի կարևորությունն աշխարհաքաղաքական տարածքում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում էր տեղի ունեցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության ապահովման հարցերի շուրջ։ Ալիևը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով քայլեր են ձեռնարկվում, և քննարկումներ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել էր․
«Բրյուսելը ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, կայունության ապահովմանն ու խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստային մասի համաձայնեցումը։ Հուսով եմ, որ հերթական քայլերն ավելի արդյունավետ կլինեն»:
Նա հավելել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել օկուպացված Արցախում ականազերծման աշխատանքներին: Իր հերթին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ մեկ անգամ ևս կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է դադարեցվի:
Կալլասը Բաքվում նաև հայտարարել էր՝ Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար, և ակնկալում են հարաբերությունների ամրապնդում։ Ըստ Կալլասի՝ Եվրամիությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել՝ վերսկսել բանակցությունները նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ։ «Այս գործընկերությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները»,- ասել էր ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Իր ելույթի ընթացքում Կալլասը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական օգնության համար, ինչպես նաև գովաբանել Բաքվում COP29-ի նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները միայն կամրապնդվեն։
«Նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում մենք քննարկեցինք Կենտրոնական Ասիայի հետ կապերի ամրապնդումը և Ադրբեջանի դերն այս գործընթացում։ Մենք կբարելավենք փոխադարձ օգուտի և հարգանքի վրա հիմնված համագործակցությունը»,- ընդգծել էր նա։
Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս էր հայտնել, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել էր Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությանը։ Այդ միջանցքի համար, ըստ նրա, ԵՄ-ն պատրաստ է ներդնել 10 մլրդ եվրո։ Ֆոն դեր Լայենն ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաև ընդգծել էր այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են՝ ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ընդգծել էր նա։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ալիևի Չինաստան կատարած պետական այցի ֆոնին, որտեղ Չինաստանն ու Ադրբեջանն ամրագրեցին ռազմավարական գործընկերություն համապատասխան փաստաթղթով՝ բանակցություններում էական հատված հատկացնելով ռեգիոնալ հաղորդակցություններին և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեծ պրոյեկտին։ Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն օրերս թուրքական Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում ասել էր, թե Չինաստանը պատրաստվում է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նոր գլուխ՝ Հայաստանի մասնակցությամբ։ Դիվանագետը վստահություն էր հայտնել, որ այս նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և, որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Եվ հետաքրքրական է, որ հենց այսօր հայտնի դարձավ, որ Չինաստանը Հայաստանում նոր դեսպան ունի։ Նա արդեն ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան էջը։
«2025 թվականի ապրիլի 26-ին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը ժամանել է Երևան»,- հայտնել են դեսպանատնից:
Դեսպան Լին նշել է, որ Չինաստանը և Հայաստանն անկեղծ և վստահելի ընկերներ և գործընկերներ են, նրանք ձգտում են փոխշահավետ համագործակցության։ Դատելով աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից ու Ադրբեջանի հետ կոնտակտներից՝ Ադրբեջանն այս բոլոր պրոյեկտներում դիտարկվում է՝ որպես առանցքային գործընկեր, սակայն կենտրոններն ունեն հաշվարկներ՝ նաև Հայաստանի հետ կապված։ Սակայն իրականում դեռ լիովին պարզ ու հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ հաղորդակցություններ են դիտարկվում ու որքանով են դրանք հակասում կամ մրցակցում միմյանց հետ։
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Հարավային Կովկասը ԵՄ-ի համար հետաքրքիր է հենց հաղորդակցությունների ապագայի ու փոխկապակցվածության տեսանկյունից, քանի որ դա նպաստելու է շահի՝ գումարի մեծացմանը, ազդեցության ընդլայնմանը։
Ըստ նրա, բնականաբար, քանի դեռ չկա խաղաղություն, այդ ռեգիոնով բարդ է անցկացնել լուրջ ենթակառուցվածքներ, որոնք կապում են ռեգիոններ ու աշխարհաքաղաքական կենտրոններ։
«Ուստի այս այցերի վերջնանպատակը ենթակառուցվածքներն են, իսկ մինչ դրանց ձևավորումը ռեգիոնն անցնում է բարդ փուլերի միջով՝ բանակցություններ խաղաղություն ձեռք բերելու համար, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում և մնացած համաձայնեցումներ։ Չինաստանի հետ կարող է լինել և՛ համագործակցային իրավիճակ, և՛ մրցակցային՝ կախված իրավիճակից։ ԵՄ-ն դեռևս նպատակ է դնում ունենալ կապ Կենտրոնական Ասիայի հետ, Միջին միջանցքը ենթադրում է կապ դեպի Չինաստան, որի մաս կարող են դառնալ մեծ ու փոքր այլ հաղորդակցություններ, սակայն կան խնդիրներ թե Հարավային Կովկասում, թե Կենտրոնական Ասիայում։ Ուստի ասել, թե ինչ կլինի ու երբ, հնարավոր չէ։
Ակնհայտ է, ԵՄ-ն հասկանում է, որ կան խնդիրներ, հենց այդ պատճառով այց է կատարվել Ադրբեջան։ Խոսքը թե՛ ռեգիոնալ խնդիրների մասին է, թե՛ աշխարհաքաղաքական մրցակցության, և այս ամենի ֆոնին ռեգիոնալ տարաձայնությունները շատ փոքր խնդիրներ են դիտարկվում ավելի մեծ խաղացողների տեսանկյունից»,- ասաց Մենաղարիշվիլին։
Ըստ նրա, հարցն այն է, որ Չինաստանը թեև ռեգիոնում նոր է փորձում ակտիվանալ, սակայն կարող է այնպես ստացվել, որ շատ արագ կարողանա դիրքավորվել Հարավային Կովկասում։ «ԵՄ-ն նաև այս վտանգն է զգում ու փորձում հնարավորինս առաջ մղել սեփական օրակարգը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին, ապա, ըստ Մենաղարիշվիլիի՝ թվում էր, թե կողմերը կպայմանավորվեն, ռեգիոնում առաջընթացը դեպի խաղաղություն երկար սպասեցնել չի տա, սակայն գործընթացը բարդանում է։
«ԵՄ-ն, իհարկե, կարող էր ավելի ներգրավված լինել այդ հարցերում, իսկապես նպաստելով կոնսենսուսի ձեռքբերմանը, սակայն դա տեղի չի ունենում, հետևաբար՝ ԵՄ-ի ծրագրերը ևս դանդաղում են»,- նկատեց նա։