Ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին Քաղաքացու օրը փոխել` անվանակոչելով Կապիտուլյանտի օր. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիները» նշում են Քաղաքացու օրը: Իրենց իշխանամուտից հետո՝ 2019 թվականի մարտի 21-ին, կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ նոր տոն։

Այս անգամ, թեև առանց «հպարտ» բառի, բայց Նիկոլ Փաշինյանն օրվա առթիվ ուղերձ է հղել քաղաքացիներին։

«Ինչի՞ մասին է այս տոնը և ի՞նչ կա շնորհավորելու» հարցադրմամբ նա ուղերձում նշել է, որ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո «ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում», ապա հայտարարել է՝ «համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար»:

Հակառակ Փաշինյանի այս պնդմանը` Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսում չի բարելավել իր դիրքերը։

Կարդացեք նաև

Ուղերձում առկա այս և այլ հեղափոխական արդյունքների մասին անդրադարձներին հանրային, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկով` «Քաղաքացու օր» փոխել` անվանակոչելով «Կապիտուլյանտի օր»։

«2018 թվականի այս օրերին Հայաստանում հիմք դրվեց հայ կապիտուլյանտների կերտմանը. հասարակության մեջ, ցավոք սրտի, մի բավականաչափ ոչ փոքր սեգմենտ են նիկոլիզմի վտանգավոր, կազմաքանդող աղանդի հետևորդները,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը` մանրամասնելով,- Հայ կապիտուլյանտը բնորոշվում է մանկուրտությամբ, գենետիկ հիշողության բացակայությամբ, լափիզմի հանդեպ տոտալ ձգտմամբ, սեփական երկրի ապագայի հանդեպ անտարբերությամբ, սեփական եկեղեցին անարգելու մոլուցքով, սեփական արժեքային համակարգը թուրքի «թաջ» հողաթափի հետ փոխելու պաատրաստակամությամբ:

Ուստի այս օրը պետք է կոչվի «Հայ կապիտուլյանտի օր»՝ երկրի թիվ մեկ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Ամփոփելով՝ նա նկատեց` իր համար տարվա մեջ 365 օր Քաղաքացու օր է, ապա հավելեց` մուտանտ իշխանությանը հաջողվել է հասարակության մի հատվածի վերածել մանկուրտի, որի արժեհամակարգը Նիկոլի ասած` որտեղ հաց, էնտեղ կացն է։

Տեսանյութեր

Լրահոս