#ՀԻՄԱ. Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին. #ՈւՂԻՂ

Ապրիլի 26-ին լրանում է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից՝ ոստիկանության մեքենայի հարվածից Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի զոհվելու 3 տարին:

Այդ առիթով Լեո-Պարոնյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ, հասարակական գործիչներ հիշատակի ակցիա են իրականացնում՝ մոմավառություն:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել 28-ամյա երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Չէր հաջողվել փրկել նաև պտղի կյանքը։

Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցուցաբերելու համար։

Կարդացեք նաև

Ավելի ուշ Ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ:

Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում էր տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Եվ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել էր և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը, սակայն, մերժվել էր։

Այս տարվա մարտին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով. 

«3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի շարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ:

Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե այդ ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որևէ ՔՊ-ականի, օրինակ, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, օրինակ, Սամվել Վարդանյանին, միանգամից րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերելը, սովորաբար կալանավորելը ու պատիժը: Իսկ երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, երբ պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք դա չի ունենում: Ստանդարտների երկակիությունը, հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում»։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկման հետ Նիկոլ Փաշինյանը չէր համաձայնել:

«Դուք ունե՞ք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, կամ տուժող կողմն ունի՞ հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, ես ասում եմ՝ բացառված է»,- շեշտել էր նա:

Ավելի ուշ արձագանքելով նշված թեմայով պատգամավոր-Փաշինյան հարցուպատասխանին, Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշել էր. 

«Տուժող կողմը ոչ թե կասկած ունի, այլ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ երեք տարի է՝ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել Սոնա Մնացականյանի մահվան համար, նույնիսկ պաշտոնից չի ազատվել, նույնիսկ պաշտոնավարումը չի կասեցվել: Այսինքն՝ այս ամենը կարող էր իրականացվել միայն պետական իշխանության բարձր հովանավորության ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս