
Կրեմլում արտաքին քաղաքական վերադասավորումներ են. հետսովետական տարածքում ամրապնդվում է փափուկ ուժը՝ էլիտաների հետ աշխատանքը բավարար չէ. Արեշև
«Ռուսաստանը վերանայելու է հետսովետական տարածքում իր հանրային դիվանագիտությունը՝ դասեր քաղելով ուկրաինական և հետսովետական զարգացումներից»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններից, ինչպես նաև ռեգիոնալ զարգացումներից:
Նա նշեց, որ այս փուլում ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանին ուղղված քայլերը, երկխոսության վերականգնման փորձերը միտված են հայ-ռուսական երկխոսությունը վերակենդանացնելուն: Բայց վերլուծաբանի համար լիովին հասկանալի չէ, թե որքանով դա արդյունավետ կլինի ներկայիս իրավիճակում, քանի որ ՀՀ արևմտամետ օրակարգը պահպանվում է:
«Իմ խորին համոզմամբ, այս ամենն առաջին հերթին ունի ներքաղաքական բնույթ հասարակության ուշադրությունն այլ խնդիրներից շեղելու նպատակով՝ գուցեև Թուրքիայի հետ հարաբերություններում մերձեցումից շեղելու նպատակով: Բրյուսելում ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության օրինագիծն առանձնահատուկ էյֆորիայով չընդունվեց, և ես կարծում եմ, որ եթե երկխոսությունը լրջորեն գնա այդ ուղղությամբ, ԵՄ ղեկավարությունը կպահանջի Երևանից ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների դադարեցում, որը հայկական կողմն իրեն այս փուլում թույլ տալ չի կարող: Այս իրավիճակը բավականին երկար ժամանակ կշարունակվի՝ հաշվի առնելով այն տուրբուլենտ և անորոշ բնույթը, որով շարունակվում է ներկայիս միջազգային օրակարգը»,- ասաց Արեշևը:
Նրա խոսքով, Մոսկվայում բավականին ուշադիր հետևում են ՀՀ արտաքին քաղաքական նախաձեռնություններին՝ հստակ և պարզ ընդգծելով, որ հնարավոր չէ համատեղել ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն: Հուսանք, որ առողջ բանականությունը կբավականացնի, և այլ երկրների, հետսովետական այն երկրների դասերը, որոնք շտապում էին Բրյուսել, հաշվի կառնվեն»,- նկատեց Արեշևը:
Ռուս վերլուծաբանն ասաց, որ ՌԴ արտաքին քաղաքականությունում անպայման կհայտնվեն նոր վեկտորներ ռուս-ամերիկյան բանակցությունների հաջող ընթացքի և ուկրաինական հարցում թեկուզ փխրուն կոնսենսուսի ձեռքբերման դեպքում:
Ըստ նրա, Ուկրաինայի խնդիրը պահանջում է դիվանագիտական, քաղաքական, կազմակերպչական լուրջ ռեսուրսներ:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ ՌԴ-ն, բախվում են լուրջ խնդիրների այլ ուղղություններում ևս, այդ թվում՝ անդրկովկասյան: Ինձ թվում է, որ Բաքվի ու Երևանի, Թբիլիսիի հետ հարաբերություններում ռուսական կողմը փորձում է կենտրոնանալ փոխշահավետ օրակարգի վրա՝ չնայելով երբեմն-երբեմն առաջացող դիվանագիտական սրացումներին»,- ասաց նա:
Անդրադառնալով տեղեկություններին, որ ՌԴ նախագահի աշխատակազմում Հայաստանի ուղղությամբ համակարգողը Սերգեյ Կիրիենկոն է, ով նախատեսում է փոփոխություններ և, ըստ մի շարք լուրերի, պատրաստվում է Կրեմլում ստվերային ԱԳՆ ձևավորել՝ Արեշևն ասաց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում որոշակի վերադասավորում, դիվերսիֆիկացիա է տեղի ունենում:
«Կա գիտակցում, որ էլիտաների հետ աշխատանքը բավարար չէ: Իրադարձությունները ոչ միայն ուկրաինական ուղղությամբ, այլև ողջ հետսովետական տարածքում ավելի ու ավելի են համոզում, որ հարկավոր է ավելի ակտիվ համագործակցություն հասարակությունների, հասարակական շրջանակների հետ՝ առաջին հերթին հետսովետական տարածքում և ոչ միայն: Աֆրիկյան երկրներում, օրինակ, Ռուսաստանը փորձում է նպաստել ռուսաց լեզվի ուսուցմանը, Հայաստանում նման հարց չկա, սակայն ՀՀ-ում էլ ՌԴ-ի համար այլ հարցեր կան, կան գործունեության տարբեր ուղղություններ:
Երևում է, որ ռուսական փորձագիտական կառույցները ևս, որոնք կարող են ուղիղ որևէ կապ չունենալ նախագահի աշխատակազմի հետ, հետաքրքրություն ունեն ՀՀ կուսակցական խճանկարի նկատմամբ, օրինակ՝ ինչպես Գյումրիում ընտրությունների դեպքում, կամ ինչպես հիպոթետիկ կերպով երրորդ ուժի փնտրտուքի հարցում, այն ամենում, ինչը վերաբերում է ռուս-հայկական հարաբերությունների խնդիրներին, կամ այն հարցի նկատմամբ, որ հաջողվել է հասարակության զգալի մասի գիտակցության վրա ազդել և տրամադրել Ռուսաստանի դեմ:
Սրանք լուրջ խնդիրներ են: Հանրային դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որով ակտիվորեն զբաղվում է Թուրքիան, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Հենց դա էլ պակասել է Ռուսաստանի դիվանագիտությանն ու փափուկ ուժին: Ներկայումս խոսքն առկա կոնցեպտի վերաիմաստավորման մասին է, որպեսզի այն ավելի համակարգային դառնա: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով ամրապնդում է փափուկ ուժը, և վերջերս Մոսկվայում կազմակերպված մի շարք միջոցառումներ ցույց են տալիս, որ այդ ակտիվ աշխատանքը սկսվել է»,- ասաց Արեշևը:
Անդրադառնալով հայ-թուրքական շփումներին և հայ-թուրքական պաշտոնական հաղորդագրություններում նույնական ձևակերպումներին՝ Արեշևն ասաց, որ այստեղ հարցերի մի ամբողջ համախումբ է, դա իսկապես զգայուն ու լուրջ թեմա է:
«Անկասկած, ֆորմալ և ոչ ֆորմալ շփումներ կողմերի միջև կան»,- ասաց նա:
Ըստ նրա, 1915-1923 թվականի իրադարձությունների վերաբերյալ ներկայումս ազդեցիկ է դառնում թուրքական նարատիվը, այդ թվում՝ փորձելով պատասխանատվությունը դնել երրորդ ուժի վրա:
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը փորձ են անում գցել Ռուսաստանի՝ Ռուսական կայսրության վրա»,- ասաց Արեշևը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: