«Հայաստանը զիջումների հերթական խոստումն է տվել. սա այն գինն է, որը ստացել է դրա դիմաց». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրություններից միայն հայկականում էր նշվում, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

«ԵՄ նախագահն իր հայտարարության մեջ առաջին հերթին նշում է այն հարցերը, որոնց առավել մեծ կարևորություն է տալիս, և որոնք հիմնական քննարկման առարկան են եղած լինում: Այստեղ կար նախորդ հանդիպման հետ տարբերություն: Եթե նախորդ հանդիպմանը դա սահմանների և կոմունիկացիաների հարցն էր, այս անգամ առաջին կետով հենց խաղաղության պայմանագրին է անդրադարձ կատարվում: Եթե նախորդ հանդիպումից հետո խոսվում էր այս ուղղությամբ աշխատանքներ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ, այս անգամ տպավորություն է ստեղծվում, որ կա որոշակի գործընթաց, որովհետև խոսվում է փաստաթղթի տեքստի վրա աշխատանք սկսելու վերաբերյալ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ Շառլ Միշելի հայտարարությունը ցույց է տալիս, որ արդեն կա խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց և արդեն խոսվում է տեքստի մասին. «Սա կարևոր է նրանով, որ Ադրբեջանն այսօր խնդիր է հետապնդում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելով, իսկ հետագայում՝ նաև խաղաղության պայմանագիրը ստորագրելով՝ վերջնականապես ամրագրել, որ արցախյան հակամարտություն այլևս գոյություն չունի, այն պատերազմով լուծվել է, իսկ հիմա միակ խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելն է:

Նույն Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Արցախի մասին, արցախյան հակամարտության մասին: Եթե գոնե նախորդ հայտարարության մեջ խոսվում էր Արցախի հայության իրավունքների մասին՝ այս նույն խաղաղության պայմանագրի համատեքստում, ինչը նույնպես մեր կողմից զայրույթ, մտահոգություններ և քննադատություն էր առաջացնում, այս անգամ նույնիսկ դա չի հիշատակվում: Այսինքն՝ տպավորություն է, որ ընդհանրապես հակամարտություն չկա, և այսօր միակ խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելն է:

Էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում այն, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի կողմից կային առաջարկված 5 սկզբունքներ, որոնք բացառապես Ադրբեջանի դիրքորոշումն էին արտահայտում, և դրանց հիմնական նպատակն էր այսօր և նաև ապագայի համար մեկընդմիշտ փակել արցախյան հակամարտության էջը և զրկել Հայաստանին որևէ մակարդակով որևէ հարթակում արցախյան հակամարտության մասին խոսելու իրավունքից: Հայկական կողմը տվել էր իր համաձայնությունն այդ սկզբունքներին, և այս հիմքի վրա տեսնել, որ կա որոշակի գործընթաց, և արդեն խոսում ենք տեքստի համաձայնեցման մասին, սա, իհարկե, մտահոգիչ է, և էլ ավելի է խորանում արցախյան հակամարտության գոյությունն անտեսելու հանգամանքը»:

Աննա Կարապետյանը նկատեց՝ ԵՄ նախագահողն իր հայտարարության մեջ տեղիք է տալիս Ադրբեջանի այդ մոտեցմանը և չի անդրադառնում արցախյան հակամարտությանը.

«Սա՝ այն պարագայում, երբ ընդամենն օրեր առաջ, երբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների դեմարշն Ադրբեջանում, որոնք չայցելեցին Շուշի, շատերը փորձում էին այդ քայլը գնահատել՝ որպես հայամետ քայլ, բայց այսօր ընդամենը տեսնում ենք այդ նույն միջնորդական միջնորդությունը, իսկ բոլորս հասկանում ենք, որ ԵՄ-ն այսօր նաև ԱՄՆ հովանավորությամբ է գործում, իր հայտարարության մեջ որևէ բառով չի անդրադառնում Արցախին կամ արցախյան հակամարտությանը»:

Նա շեշտեց՝ հայկական դիվանագիտական աշխատանքի մասին խոսելու որևէ հիմք չկա. «Այդ նույն շեշտադրությունների կամ գերակայությունների փոփոխությունները Հայաստանի հետ կապ չունեն, սա Արևմուտք-Ռուսաստան լարվածության, տարածաշրջանում նրանց շահերի արդյունքն է, ցավոք, որոշ դեպքերում Ադրբեջանի՝ իրենց պետք լինելու աստիճանի արդյունքն է: Հայաստանը՝ որպես գործոն, այսօր այս ամենում ընդհանրապես չկա, և ինքը՝ Հայաստանն է վերացնում իրենց որպես գործոն՝ մի շարք գործողություններով: Ընդամենը վերջերս տեսանք Բերձորի շուրջ գործընթացները, երբ ՀՀ իշխանությունը նախընտրեց այդ ամենի հետ կապ չունենալ և ձեռքերը լվանալ»:

Աննա Կարապետյանն անդրադարձավ նաև գերիների վերաբերյալ շեշտադրմանը. «Սա որոշակի գին է, որը վճարվում է Հայաստանին՝ որոշակի զիջումների դիմաց: Այսինքն՝ գործընթացը որևէ կերպ այսօր չի հուշում, որ Հայաստանն ունի այնպիսի դիրքեր բանակցային գործընթացում, որ նրա շահերը հաշվի առնեն, և ինչո՞ւ այս ողջ ընթացքում չի եղել նման շեշտադրում, իսկ այսօր այն հայտնվում է: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը որոշակի զիջումների հերթական խոստումն է տվել, և սա այն գինն է, որը ստացել է այս խոստման դիմաց: Եթե տեղի ունենա գերիների վերադարձ, դա կրկին տեղի է ունենալու որոշակի զիջման դիմաց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս