«Հայաստանը դառնում է Սիրիա. կարող է բաժանվել մի քանի ազդեցության գոտիների». Վիգեն Հակոբյան

Օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ կայացավ սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ հերթական նիստը, իսկ վաղը Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բրյուսելյան հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի աշխատանքային խմբի հարցն է լինելու, ըստ հայկական կողմի՝ հանդիպումից հետո կտարածվի հայտարարություն։ Ուշագրավ է, որ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրությամբ կողմերն անդրադարձել են 31-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը, կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրությամբ քննարկվել է վաղը կայանալիք հանդիպման օրակարգը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով վաղը եռակողմ հանդիպման մասին՝ վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ վաղվա հանդիպման օրակարգում է լինելու Արցախը՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով, այդ թվում և՝ կարգավիճակի հարցով, ուստի այստեղ կարևոր է հիշել, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենց համար Արցախ, Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, իսկ ՀՀ իշխանությունը դրան չի հակազդել՝ ցուցաբերելով ամեն ինչ զիջելու պատրաստակամություն։

Կարդացեք նաև

«Այս առումով, խաղաղության պայմանագիրը պատրաստող հանձնաժողովի ստեղծումը վտանգի տակ է դնում Արցախի կարգավիճակի հարցը՝ հատկապես հաշվի առնելով ցանկացած զիջումների գնալու պատրաստ Հայաստանի իշխանության դիրքորոշումը»,- ասաց Հակոբյանը։

Վերլուծաբանի փոխանցմամբ՝ բացառապես արտաքին քաղաքական տարբեր կենտրոնների շահերը սպասարկող և հենց այդ հանգամանքի միջոցով իր պաշտոնավարումը շարունակող Նիկոլ Փաշինյանը երկիրը բերել կանգնեցրել է այն հանգրվանին, որ արտաքին կառավարման տակ գտնվող Հայաստանը կանգնած է Սիրիա դառնալու խնդրի առաջ։

«Ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը գտնվում է ոչ թե մեկ, այլ տարբեր երկրների կառավարման տակ. այդ երկրներն են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան, թե՛ Իրանը, թե՛ անգլոսաքսոնական բլոկի երկրները։ Հենց այս կենտրոնների կառավարման տակ է մեր երկիրը՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ ֆինանսական առումով, հետևապես՝ Հայաստանի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի դերակատարումը հասցված է նվազագույնի, ես կասեի՝ պատմականորեն նվազագույն մակարդակի վրա ենք գտնվում։ Հայաստանն անկախ պետությունից վերածվել է քվազի պետության, որովհետև հիմնական գլխավոր որոշումները՝ կապված պետության սահմանների և պետության ֆինանսավորման հետ, կայացվում են այս իշխանությունից դուրս գտնվող օղակներում։ Մենք գնում ենք Սիրիա դառնալու ճանապարհով, ուստի Հայաստանը կարող է բաժանվել մի քանի ազդեցության գոտիների»,- ասաց Հակոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս