«Պատերազմը խելագարի ցանկություն է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի ցանկություն, դրանք հավասարազոր են». Բագրատ սրբազան
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հերթ չտալով, տարբեր միջազգային կառույցների աչքերին թոզ փչելու համար պարբերաբար հայտարարում են, թե պատրաստ են Հայաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, մինչդեռ նրանց գործողությունները ճիշտ հակառակի մասին են վկայում։
Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին՝ մշտապես հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։ Ինչին ի պատասխան՝ Ադրբեջանի հստակ գործողությունները միայն կրակոցներն են։
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Թշնամու սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ զինծառայող է վիրավորվել։
Արդյո՞ք այս գործողությունները խաղաղության պատրաստվող երկրի գործողություններ են, և ինչո՞ւ է հայկական կողմը մշտապես հավատում Ադրբեջանի խոսքերին և հնազանդորեն ենթարկվում բոլոր պարտադրանքներին։
168.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ անձամբ իր համար երկրորդական է, թե Ադրբեջանը կամ այլ պետություն ինչ կասեն։ Հետևաբար՝ կարիք չկա սպասելու, որ ինչ-որ մեկը Հայաստանին խաղաղություն պարգևի, կամ Հայաստանը մուրա այդ խաղաղությունը։
«Բազմաթիվ առիթներով ասել եմ և այժմ էլ կրկնում եմ՝ պատերազմը խելագարի ցանկություն է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի ցանկություն, դրանք հավասարազոր են։ Հետևաբար՝ կոչված ենք ներքին պատրաստվածություն ունենալու, բոլոր արհավիրքները մենք մեր ձեռքով դիմակայելու, հաղթահարելու և հաղթանակելու։ Առանց հաղթանակելու խաղաղություն գոյություն չունի, միշտ այս վիճակն է լինելու, դա կեղծ արժեք է։ Նույնիսկ խաղաղության քարոզիչներն իրենք էլ չեն հավատում իրենց ասածներին, իրենք չգիտեն՝ դա ինչ է։ Ուստի մեր միակ միջոցն այն է, թե մենք ինչպես ենք պատրաստվում այդ խաղաղությունը պարտադրելուն և ոչ թե մուրալուն»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Տավուշի թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ մշտապես կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ, Գանձասարի հոգևորական հայր Սահակի հետ։
«Արցախցիներն ի գին ամեն ինչի վճռական որոշում են կայացրել հայրենիքը որևէ կերպով չլքել և չզիջել ոչ մի միլիմետր որևէ մեկին։ Մեր խնդիրը պետք է լինի, թե մենք ինչպես ենք զորակցում Արցախին, ինչ ենք կազմակերպում նրա համար։ Ուրախ եմ, որ վեհափառ հայրապետի տնօրինությամբ մեր թեմական կյանքում, գոնե եկեղեցու ճանապարհով, բոլոր թեմերից ուխտագնացության ծրագիր կա՝ մարդկանց, հերոս տղաների ընտանիքներին, պատանիներին ու երիտասարդներին տանել Արցախ։ Մշտապես այս կապն ու շնչառությունն այս պահին այդ ճանապարհով պահելու համար, որպեսզի մեր զորակցությունը ճիշտ լինի։
Մենք այդ նույնանալու զգացողությունը միայն խոսքով չարտահայտենք, այլ ուղղակիորեն ներկա գտնվելով մեր սիրելի եղբայրների ու քույրերի կյանքում։ Այսօր խնդիրը հիմնական իմաստով Արցախում է, բայց նույն խնդիրը Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում է, այսինքն՝ ամբողջական հայրենիքի մասին է խոսքը։ Մենք տարանջատելու հարց չունենք, բայց այսօր մեր ամենախոցելի վերքը, և որը նաև դրված է նժարին՝ Արցախն է հիմնական իմաստով, բայց առանց մոռանալու մեր ամբողջական հայրենիքը։ Մեր անելիքը պետք է լինի նույնանալ մեր սիրելի եղբայրների և քույրերի հետ, բազմաթիվ այցելություններ ունենալ Արցախ՝ բոլոր տեսակի դժվարություններն աչքի առջև ունենալով։ Վստահ եմ, որ մենք հուսահատվելու կարիք չունենք, պետք է վերարժևորենք ու վերագնահատենք ինքներս մեզ, և համոզված եմ, որ պետք է հաղթանակած սերունդ դառնանք՝ այս կյանքից օրհնված պիտի գնանք, այլ ոչ թե նզովված»,- եզրափակեց Տավուշի թեմի առաջնորդը։