Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. սեր + ճգնաժամ = ընտանեկան դրամա
Ընտանեկան դրաման միշտ է եղել և շարունակում է մնալ համաշխարհային կինեմատոգրաֆի գլխավոր թեմաներից մեկը: Ընտանեկան լարված կյանք, էսթետիկ միզանսցեններ՝ պոետիկ ողբերգականությամբ, շախմատային քայլերի փորձ և հուզական ավարտ: Մոտեցումները շատ են, հիմքը մեկն է՝ սերը: Ներկայացնում ենք համաշխարհային կինոարդյունաբերությունից 5 ֆիլմ՝ բարձրաձայնող հարցեր, որոնց մասին հաճախ լռում ենք:
«Սիրո տրամադրությամբ»
2000 թվականին հայտնի կինոռեժիսոր Վոնգ Կար-Վայի կողմից նկարահանված ռոմանտիկ դրաման համարվում է ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին Շանհայում և պատմում են երկու միայնակ հարևանների մասին, որոնք պարզում են իրենց զուգընկերների արտաամուսնական կապերի մասին: Հարևանները կապվում են իրենց ընդհանուր նմանության պատճառով և ի վերջո սիրահարվում են, բայց որոշում են չտրվել բնազդներին՝ պահպանելով իրենց հարաբերությունները պլատոնականությունը:
«Ամուսնության պատմություն»
Ռեժիսոր Նոա Բաումբախի կողմից նկարահանված և Ադամ Դրայվերի և Սքարլեթ Յոհանսոնի տպավորիչ խաղով «Ամուսնության պատմություն» ֆիլմը պատմում է ամուսինների մասին, որոնց սերը տարիների ընթացքում փորձությունների է ենթարկվել և այժմ հասել է ամուսնալուծության շեմին: Ամուսինը կյանքը նվիրել է կարիերային, կինը՝ որդու դաստիարակությանը, սակայն վերջինս ևս ստեղծագործելու կարիք ունի…
«Դաժավաճանությունների սեզոն»
Քիլիան Մըրֆիի մասնակցությամբ իռլանդական դրաման պատմություն է, որը պտտվում է երկու զույգերի շուրջ՝ Ջիմ և Դենիել, Իվոնն ու Քրիսը: Ամենը հրաշաի է, կկարծեն անծանոթները, բայց մեկ գիշերվր ընթացքում երկու զույգերի հարաբերություններում ճաքեր են հայտնվում։ Որքա՞ն լավ են զուգընկերները ճանաչում միմյանց, և հնարավո՞ր է արդյոք իսկապես ճանաչել միմյանց:
«Անցյալի լաբիրինթոսներ»
Իսպանիա, հարսանիք, ընկերներ… Ընդամենը մեկ օր և մի անսպասելի դեպք, որն ամբողջովին փոխելու է Լաուրայի (Պենելոպե Քրուս) և Պակոյի (Խավիեր Բարդեմ) կյանքը։ Նրանք ստիպված կլինեն առերեսվել իրենց անցյալի հետ, որպեսզի կանխեն անուղղելին:
«Ցանկության այս անորոշ առարկան»
Վարպետ Լուիս Բունյուելի դրաման տարեց տղամարդու մասին է, ով սիրահարվում է մի երիտասարդ աղջկա: Վերջինս գիտակցում է իր իշխանության ուժը և ծաղրում է նրան: Ֆիլմում երիտասարդ կնոջը երկու դերասանուհիներ են մարմանվորել՝ Կարոլ Բուկեն և Անխելա Մոլինան: Համացանցում բազմաթիվ տեսակետներ կտեսնեք՝ մեկ դերում երկու դերասանուհիներին նկարելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ինչպես կարդում ենք «Բունյուելը Բունյուելի» մասին գրքում, նման հնարքը շատ պարզունակ պատճառ ունի: Ֆիլմի պրոդյուսերը՝ Սերժ Զիլբերմանը, գլխավոր հերոսուհու դերում նախընտրում էր Անխելա Մոլինային, իսկ ռեժիսոր Բունյուելը՝ Կարոլ Բուկեին:
Անի Գաբուզյան