«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի՝ շուրջ 4 տարի առաջ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը դեռ շարունակվում է. ՔԿ քննիչներն ընկերության շենքում էին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկջոկատայինները վարույթային գործողություններ են իրականացնում:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ դեռևս 3 տարի առաջ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակում էին իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ էլ Կոմիտեից հայտնել էին, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում, ըստ նախաքննական մարմնի, իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի, ինչպես նաև «Էլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունների հաշվապահների կողմից խարդախությանը և փաստաթղթերի կեղծմանն առերևույթ առնչություն ունենալու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը որոշում էր կայացրել՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել էր նաև ընկերությունների հաշվապահների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն  միևնույն ժամանակ թույլատրելի համարել նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Հիշեցնենք, որ քրեական գործով տվյալներ էին ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ:

Քննչական կոմիտեից հաստատեցին՝ ընկերության գրասենյակում նախաքննության շրջանակներում գործողություն իրականացնում էին Քննչական կոմիտեի քննիչները: Այլ մանրամասներ չհայտնեցին:

168.am-ը ուղիղ հեռարձակմամբ հետևում էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի շենքում իրականացվող գործողություններին, սակայն ոչ ՔԿ աշխատակիցները, ոչ էլ ընկերության փաստաբանը որևէ տեղեկություն չհայտնեցին տեղի ունեցողի վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ ընկերությունը փողոցներում տեղադրված արագաչափերի և տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս