«Սփյուռքը ՀՀ քաղաքական գործընթացներից դուրս մղելու փորձ է». Խաչիկ Տեր-Ղուկասյանը՝ ԱԱԾ առաջարկի մասին
Արգենտինայի հայ համայնքում պրո/հակա Փաշինյան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
«Պառակտված վիճակ չկա, այստեղի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը մասնագետ և հայրենասեր դիվանագետներից է։ Իսկ համայնքի կազմակերպությունները համախմբված են IARA-ի (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ) մեջ, որը թեև պաշտոնական ներկայացուցչության կարգավիճակ չունի, այնուամենայնիվ, գործերը համակարգողի դեր է կատարում: Համայնքի հաստատություններն ունեն իրենց և՛ գաղափարախոսական, և՛ քաղաքական ուղղվածության տարբերությունները, բայց թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը հաճախ միանշանակ հավաքական ճիգով են հակազդում։ ՀՀ իշխանության հանդեպ կեցվածքները տարբեր են, անշուշտ, ՀՅԴ-ն դեմ է, սակայն ՀՀ դեսպանատան հետ հարաբերությունների խզում երբեք չի եղել, ընդհակառակը՝ միշտ աջակցելու պատրաստակամություն կա։ Ամեն ինչ չեմ ցանկանա վարդագույն ներկայացնել, որովհետև 44–օրյա պատերազմից հետո անորոշության, շփոթության և մի քիչ էլ նախկինում եղած ակտիվության հետ համեմատած՝ ավելի պասիվ վիճակ է: Բայց այնպես չէ, որ բախումներ կան պրո/հակա Փաշինյան բաժանման գծով։ Բարեբախտաբար»,- մանրամասնեց Տեր-Ղուկասյանը:
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել ՀՀ-ում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Այսպիսի պահանջի սահմանումը ՀՀ իրավասու մարմիններին թույլ կտա առավել երկար ժամանակ ունենալ այդ անձի ազգությամբ «հայ լինելու իսկությունը պարզելու համար», քանի որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում հայտնի են դարձել դեպքեր, երբ արտերկրում տրամադրվել են մկրտության և ազգությամբ հայ լինելու մասին կեղծ փաստաթղթեր:
ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ Ազգային անվտանգության ծառայության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է ավելի խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգը։
Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը հարցը դիտարկում է Սփյուռքի՝ ՀՀ-ում քաղաքական գործընթացներին մասնակցության համատեքստում:
«Հստակ է՝ Հայաստանի քաղաքական վերնախավը, անկախ օրվա իշխանությունից, չի փափագում Սփյուռքի ներգրավումը Հայաստանի քաղաքական գործընթացներում՝ ձայնի և քվեի օրինական հասցեակարգով։ Իսկ ԱԱԾ-ի վերջին առաջարկը՝ իր ծիծաղելի և անհեթեթ հիմնավորումով, ավելի ճիշտ` պատրվակով, եկավ ցույց տալու, որ շարունակվում է Սփյուռքը ՀՀ քաղաքական գործընթացներից դուրս մղելու հակամետությունը, և որ այն, հավանաբար, պետք է շեշտվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս հանգրվանում: Չգիտեմ՝ արդյո՞ք հայ հասարակության շրջանում ևս նման տրամադրվածություն կա, նման հարցով հանրային կարծիքի հարցախույզի չեմ հանդիպել: Երևի ավելի շատ անտարբերություն կլինի»,- եզրափակեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը: