«Կատեգորիկ դեմ եմ Ադրբեջանի հետ դիվանագիտական և տնտեսական այն համագործակցությանը, որոնք քաղաքական գործիչները փորձում են ձևավորել՝ որպես արտաքին քաղաքականություն». Արցախի ԱԺ փոխնախագահ
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը խոսեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, անդրադարձավ նաև այսօր՝ հուլիսի 18-ին, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք էներգետիկ հուշագրի ազդեցությանը Արցախի և առհասարակ տարածաշրջանի վրա։
ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագրի առնչությամբ Գագիկ Բաղունցն ասաց, որ Ադրբեջանի այսօրվա ցանկացած զարգացման քայլ՝ լինի ռազմաքաղաքական թե տնտեսական ոլորտներում, արդեն իսկ սպառնալիք է՝ ուղղված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։
«Այն, ինչը նպաստում է Ադրբեջանի ռազմական հզորացմանը, միշտ էլ ուղղված է Արցախի դեմ, որևէ մեկը թող դրանում չկասկածի։
Մենք շարունակում ենք մնալ այն միամիտ ազգը, որ սպասում ենք, թե Ադրբեջանի զարգացումն այս կամ այն ոլորտում կարող է ինչ-որ կերպ հիմք դառնալ մեր զարգացմանը, ոչ, կրկին ոչ»,- նշեց Գագիկ Բաղունցը։
Ինչ վերաբերում է Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, Գագիկ Բաղունցը նկատեց՝ լուրջ դժգոհություններ ունի, քանի որ պատերազմից երկու տարի անց չեն օգտագործվում բոլոր մեխանիզմները՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։
«Ռազմագերիների հարցը ոչ միայն ահռելի ցավ է այդ ընտանիքների համար, այլև լուրջ թերացում է մեր արտաքին քաղաքականության համար, որ ամենայն լրջությամբ չենք օգտագործում այս հանգամանքը, որպեսզի լուրջ պահանջներ ներկայացվի ադրբեջանական կողմին։ Սրանով մեր դիրքերը բավականին թուլանում են, և Ադրբեջանն օգտվելով մեր՝ այդ հարցում ոչ ակտիվ դիրքորոշումից, իր սեփական պահանջներն է քայլ առ քայլ առաջ քաշում։ Մենք, որ կարող էինք այս հանգամանքն օգտագործել և հրաժարվել մի շարք զիջումներից, որոնք հայկական կողմն ադրբեջանական թելադրանքով կատարում է, կարող էինք չեզոքացնել Ադրբեջանի հնարավորությունները և չունենալ զիջումներ, որոնք տեղի են ունենում հետպատերազմյան ժամանակահատվածում»,- հավելեց Գագիկ Բաղունցը։
Նա նաև ընդգծեց՝ այս կամ այն երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնումը բավականին լայն հասկացություն է, հետևաբար՝ հայկական կողմը չի կարող հրաժարվել այս կամ այն տեսակի բանակցություններից։
«Ինքս կատեգորիկ դեմ եմ Ադրբեջանի հետ այն լայն համագործակցությանը, խոսքը վերաբերում է և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական, որոնք այս կամ այն քաղաքական գործիչները փորձում են ձևավորել՝ որպես արտաքին քաղաքականություն։ Մյուս կողմից էլ՝ ճիշտ չեմ համարում առհասարակ փակել բանակցությունների դարպասը, մենք բանակցելու, պահանջներ ներկայացնելու բազմաթիվ ուղղություններ ունենք և ակտիվ քաղաքականություն, տանենք մեր պահանջները հասցնենք ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանը»,- եզրափակեց Գագիկ Բաղունցը։