Բանկային գաղտնիքը դարձրել են խաղալիք. ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուզում ուղղակի հասանելիություն ստանալ հարկատուների, առավել ևս՝ քաղաքացիների բանկային հաշիվներին
Իշխանության տարբեր օղակներ առիթը բաց չեն թողնում՝ ուղղակի և անմիջական հասանելիություն ձեռք բերելու բանկային գաղտնիք պարունակող տվյալների նկատմամբ։ Այդ հնարավորությունը նրանք իրականում ունեն, բայց դրա համար պետք է անցնեն դատական համակարգով։ Դատարանն է որոշում՝ հիմնավո՞ր է այդպիսի պահանջը, թե՞ ոչ։
Մինչև այժմ այս ճանապարհով հարկայինը կարողացել է անհրաժեշտության դեպքում տիրապետել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությանը և որևէ դժգոհություն չի հայտնել։ Հիմա որոշել են, որ դա բավարար չէ։
Բայց խնդիրը բավարար լինել-չլինելու մեջ չէ։ Այն մեխանիզմը, որը մինչև հիմա գործել է, ամբողջությամբ թույլ է տալիս հարկային հետաքրքրությունների շրջանակներում ստանալ հարկատուի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տվյալները։ Դրա համար հարկավոր է ընդամենը մեկ նախապայման, որ պահանջը հիմնավորված լինի։
Եթե հիմնավորված չէ, բնականաբար, մերժվում է։ Սա էլ, ըստ էության, դուր չի գալիս հարկայինին։ Ուստի, ուղղակի հասանելիություն ստանալու նախաձեռնություն են ներկայացրել։
Կապ չունի, թե ինչպիսի փաստարկներ կբերեն դրա համար, ակնհայտ է, որ ներկայացված նախաձեռնության նպատակը մեկն է. ուզում են տիրապետել հարկատուի, ինչպես նաև քաղաքացու բանկային գաղտնիք պարունակող տվյալներին, անկախ նրանից՝ այդ ցանկությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե հիմնավոր է, հիմա էլ որևէ խոչընդոտ չկա։
Իսկ այն, ինչ մտադիր են անել, ոչ այլ ինչ է, քան ստանալ հնարավորություն՝ տիրապետելու բանկային այնպիսի գաղտնիքի, որի նկատմամբ դատարանի միջոցով չեն կարողանալու հասանելիություն ստանալ։
Թե հարկայինի ինչի՞ն է սա պետք, դժվար չէ հասկանալ։ Այն ցանկացած պահի կարող է գործիք դառնալ՝ անցանկալի կամ անհնազանդ հարկատուների վրա։ Սա անուղղակիորեն հաստատում է նաև Պետեկամուտների կոմիտեն՝ բանկային գաղտնիքին ուղղակի հասանելիություն ստանալու վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ։
Պատճառաբանություն-հիմնավորումն այն է, որ հարկային մարմիների կողմից իրականացվող հարկային հսկողության ժամանակ հարկատուները կամ քաղաքացիները հաճախ հրաժարվում են ներկայացնել իրենց բանկային հաշիվների շարժերը, վարկային և ավանդային պայմանագրերը, գրավի առարկաները, տեղեկատվություն՝ երաշխավորների վերաբերյալ, և այլն։
Տարօրինակ կլիներ, եթե ներկայացնեին։ Ինչո՞ւ պիտի հարկայինը, առանց հիմնավորումների, տիրապետի տնտեսվարողների, առավել ևս՝ քաղաքացիների բանկային հաշիվների շարժերին։ Եվ ոչ միայն տիրապետի, այլև սեփական ցանկությամբ ու հայեցողությամբ տնօրինի այդ տեղեկատվությունը։
Ի՞նչ է նշանակում այն, որ հարկայինը, այսպես թե այնպես, հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ Նույն տրամաբանությամբ բանկերի դռները կարելի է բացել բոլոր այն պետական կառույցների առաջ, որոնք հանդիսանում են գաղտնիք տնօրինող պետական մարմիններ։
Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, որը հարկայինին հասանելի է լինելու ցանկացած պահի, օգտագործվելու է միայն հարկային հսկողության սահմաններում և չի ծառայեցվելու այլ նպատակների համար։
Ի վերջո, հարկային հսկողության անվան տակ՝ հարկայինը կարող է տիրապետել և տնօրինել ցանկացած տնտեսվարողի և քաղաքացու բանկային հաշվի ու ֆինանսական միջոցների շարժերին։ Էլ ո՞ւր մնաց բանկային գաղտնիք հասկացությունը։ Առանց այդ էլ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ վերջին տարիներին հասցրել են այն չափից դուրս արժեզրկել։
Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այս նախաձեռնության մասին Կենտրոնական բանկն ու բանկային համակարգի մասնակիցները։ Ցանկացած քայլ, որն ուղղված է բանկային տվյալների տիրապետման հեշտացմանը, ռիսկային է լինելու բանկային համակարգի համար և ունենալու է իր բացասական հետևանքները։ Որպես ֆինանսական համակարգի երաշխավոր՝ ԿԲ-ն պարտավոր է պատշաճ արձագանքել բանկային համակարգի նկատմամբ գործադիր իշխանության մարմինների նման ոտնձգություններին։
Բանկային գաղտնիքը շատ նուրբ թեմա է, որին չի կարելի մատների արանքով նայել։
Թեև այն, ինչ արվում է վերջին տարիներին բանկային գաղտնիքի նկատմամբ, չպետք է զարմանալ։
Իշխանափոխությունից անմիջապես հետո բանկային համակարգը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակահարմարությունների տիրույթում։ Հրապարակվեցին անձնական տվյալներ բանկային հաշիվների վերաբերյալ։ Բայց դա այդպես էլ որևէ իրավական հետևանք չստացավ, չեղավ նաև բանկային համակարգի մասնակիցների արձագանքը։ Արդյունքում՝ գնալով բանկային գաղտնիքը կորցնում է իր իմաստը։ Դրա համար բերվում են տարբեր պատճառաբանություններ. նախկինում դա ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ էր արվում, հիմա էլ՝ հարկային վարչարարության ու հսկողության։ Թեև հասկանալի է, որ այս ամենի հիմքում այլ նպատակներ են դրված։
Բանկային գաղտնիք պարունակող տվյալներն անհրաժեշտության դեպքում, երբ խոսքը վերաբերում է ֆինանսական միջոցների ու դրանց շարժերի օրինականությանը, անշուշտ, չեն կարող ընդհանրապես անհասանելի լինել։ Բայց դրա համար կան ընդունված իրավական ընթացակարգեր։ Ինչո՞ւ են ուզում հասանելիության նոր հնարավորություններ ստանել, երբ եղածը լիովին բավարար է, և դրանց շրջանակներում ցանկության դեպքում կարող են բացահայտել ցանկացած կոռուպցիոն գործարք կամ, այսպես ասած, կեղտոտ փողերի տեղաշարժ։
Եվ ո՞վ է ասել, որ բանկային գաղտնիքի ձեռքբերումը պետք է հեշտ ու հանգիստ լինի, որպեսզի ՊԵԿ-ի աշխատակիցները ցանկացած պահի կարողանան բացել ու նայել տնտեսվարողների բանկային հաշվի շարժերը։ Բանկային գաղտնիքի հասանելիությունը պետք է բարդ ու դժվար լինի։ Դա նաև տնտեսական անվտանգության և առևտրային գաղտնիքի հետ է կապված։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ճանապարհով ցանկացած տնտեսվարողի ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությունը չի հայտնվի մրցակից ընկերության ձեռքի տակ։
Բանկային գաղտնիքի հասանելիության դյուրացման ցանկացած փորձ կթուլացնի վստահությունը համակարգի նկատմամբ։ Նման անհարկի միջամտությունները որևէ լավ բան չեն խոստանում համակարգին, անկախ նրանից՝ նպատակը բարի՞ է, թե՞ չար։ Բանկային գաղտնիքի հասանելիությունը հեշտացնելով` մարդկանց հետ ենք քաշում բանկերից, ինչը բոլորովին էլ համակարգի օգտին չէ։ Որքան էլ ստվերի դեմ պայքարը կամ գողացված փողերի բացահայտումը կարևոր է, այնուհանդերձ բանկային գաղտնիքի հասանելիության հարցում պետք է առավելագույնս զգույշ լինել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հ․Գ․ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ՊԵԿ–ը հաղորդագրություն տարածեց, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): «Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:
Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։
Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: