Պատմությունը կրկնվո՞ւմ է. նոր պատերազմի դեպքում ՀՀ-ն ԳՇ ղեկավարի պաշտոնում բավարար փորձառություն չունեցող ԳՇ պետ է ունենալու

«Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին իր ելույթի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պլանավորում են ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և, որ Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձևավորման հարցով:

Հիշեցնենք, որ 2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։

Հակադարձմանը՝ եթե կար նման ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ, ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Գրիգորյանը պատասխանել էր.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։ Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:

Կարդացեք նաև

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ ցանկացած պետություն ուզում է ունենալ արտաքին հետախուզական հզոր ծառայություն, և դա նորմալ է, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում նման գործընթաց սկսել, և ամենակարևորը՝ ովքե՞ր են զբաղվելու այդ ծառայության ստեղծման գործով:

«Եթե դրանով զբաղվելու է Արմեն Գրիգորյանը, ապա բազմաթիվ օբյեկտիվ պատճառներից ելնելով, չեմ կարծում, որ մոտ ապագայում նորմալ աշխատող կառույց կարող ենք ունենալ։ Եվ հետո, բացի նրանից, որ ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում նման կառույց պահելը, այն նաև կադրային լուրջ խնդիրներ է առաջ բերելու: Գաղտնիք չէ, որ արտաքին հետախուզության բաղկացուցիչ մաս են կազմում արտերկրում գործող մեր դիվանագիտական ծառայությունները, մինչդեռ դիվանագիտական պատասխանատու պաշտոններին նշանակվում են մարդիկ, որոնք, մեղմ ասած, աղերս չունեն դիվանագիտության հետ: Ըստ այդմ՝ ակնկալել, որ այդ նոր ստեղծվող կառույցը լուրջ խնդիրներ է լուծելու, լուրջ չէ։ ԱԱԾ-ում արտաքին հետախուզությամբ զբաղվով տարբեր ստորաբաժանումներ են գործում, և եթե իրենք իսկապես իրենց գործով զբաղվեն, կարծում եմ, մեր նման փոքր պետության համար բավարար է»,- 168.amի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը:

Մոտ 5 ամիս հետո ՀՀ-ն ունեցավ ԳՇ պետ, այդ պաշտոնը վստահվել է գեներալ Էդվարդ Ասրյանին՝ 5 տարի ժամկետով, որը բանակի կառավարման մոդելի փոփոխությունից հետո լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Վիտալի Մանգասարյանի կարծիքով, ԳՇ պետի նշանակումն ուշացած է մեր երկրին շրջապատող արտաքին վտանգների պարագայում, որի մասին անգամ ահազանգում են իշխանության ամենաբարձր մակարդակում:

«Հինգ ամիս այդ պաշտոնը թափուր թողնել և Արտակ Դավթյանից հետո նորանշանակ ԳՇ պետին հնարավորություն չտալ այդ ամիսներն օգտագործել նման բարդ համակարգի կառուցվածքին և նրբություններին ծանոթանալ, իմ գնահատմամբ, մեծագույն սխալ է։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ընդամենը 2-3 ամիս էր, ինչ պաշտոնավարում էր, և եթե Նիկոլ Փաշինյանն ահազանգում է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում նոր պատերազմ հրահրելու համար, ապա անհասկանալի է՝ ինչո՞ւ են նորանշանակ ԳՇ պետին զրկել համակարգին մոտիկից ծանոթանալու հինգ ամիսներից»,- նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ըստ Վիտալի Մանգասարյանի, դա ակնհայտ երևում է անգամ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից: Այն է՝ այս փուլում ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ հնարավորություն ունի հայկական կողմից կորզել առավելագույնը, և այս ժամանակահատվածն օգտագործում է 44 -օրյա պատերազմից հետո իր բավականին մեծ կորուստների վերականգնման համար:

«Բավական է հետևել և վերլուծել իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստության գործընթացը, այդ ամենը համադրել քաղաքական տարբեր մակարդակներում հնչող հայտարարություններին՝ հասկանալու, որ միջնաժամկետ ժամանակահատվածում նրանք պլանավորում են անցյալ տարի Սև լճի հատվածում իրականացրած օպերացիայի տրամաբանության մեջ գործողություններ, և հնարավոր է՝ թիրախում լինի, այսպես ասած, անկլավների ուղղությունը: Եվ հաջողության դեպքում վերահսկողության տակ կառնեն Տավուշի ուղղությամբ միջպետական նշանակության Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, իսկ Սյունիքի ուղղությամբ՝ Երևան-Գորիս ավտոճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող հատվածներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում իշխանությունների՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին թիրախավորելուն, Վիտալի Մանգասարյանի խոսքով, Օնիկ Գասպարյանին թիրախավորելը իշխանության կողմից 44-օրյա պատերազմի պարտության ամբողջ պատասխանատվությունը բանակի ուսերին դնելու հերթական փորձն է։

«Իսկ թե ինչու է շահարկվում հենց «Իսկանդերի» թեման, կարծում եմ, հնարավորինս հնչեղություն հաղորդելու համար: Այստեղ գնդակը Օնիկ Գասպարյանի դաշտում է, և նա պետք է արձագանքի և մեկնաբանություն տա թեմայի վերաբերյալ, հակառակ դեպքում՝ այսօր «Իսկանդերի» թեման են շահարկում, վաղը «Ս-300» ՀՕՊ համակարգերի տեղակայման թեման կշահարկեն»,- եզրափակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս