Դրամի ամրապնդումն առաջիկայում կարող է խնդիրներ ստեղծել  

Գնաճն այս տարի ևս Հայաստանում բարձր է։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում բյուջեի եկամուտների վրա։ Որքան գները բարձրանում են, այնքան ավելանում են գանձվող հարկերը։ Այդ ավել գումարները վճարում են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։

Սպառողների գրպանի հաշվին բյուջե լրացուցիչ գումարներ են մտնում, կառավարությունը հպարտանում է, որ կարողացել է ավելացնել բյուջեի մուտքերը։ Թե դա ո՞ւմ և ինչի՞ հաշվին է եղել, կառավարությանը քիչ է հուզում։

Չեն էլ փորձում այդ եկամուտների հաշվին սոցիալական խնդիրներ լուծել գոնե այն քաղաքացիների համար, որոնք առավել շատ են տուժել գների այսպիսի խայտառակ բարձրացումների հետևանքով։ Մարտիկ տուժում են, կառավարությունը հպարտանում է, որ բյուջեի եկամուտներն ավելացել են։

Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի շատ, քան նախատեսված էր։ Ավելացումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնց մեջ պակաս դեր չունի արձանագրվող բարձր գնաճը։

«Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով. դրանց թվում հարկային վարչարարության բարելավումն է, 2021թ. արդյունքներով, շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է։ Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է, որ մենք նախատեսել էինք 2022թ. բյուջեում, բայց մի քիչ զգուշավոր էինք եղել։ Նախատեսել էինք տարվա համար 50 մլրդ դրամ, մինչդեռ՝ այսօրվա դրությամբ արդեն 38 միլիարդ ունենք։

Առաջին կիսամյակում ունենք որոշակի գնաճային միջավայր, որն ավելի բարձր է, քան բյուջեի հիմքում դրված ցուցանիշները։ Սա որոշակի հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման»,- ասում է ֆինանսների նախարարը։

Մայիսի տվյալներով, տասներկուամսյա գնաճը Հայաստանում հասել է 9 տոկոսի։ Եթե 9 տոկոսանոց գնաճն ընդամենը «որոշակի գնաճային միջավայր» է ֆինանսների նախարարի համար, թող այդպես լինի։ Բայց այն կրկնակի ավելին է, քան նախատեսված միջին թիրախային ցուցանիշն է։

Գնաճի միջին թիրախային ցուցանիշը 4,5 տոկոսն է, բայց մայիսին ունեցել ենք 9 տոկոս գնաճ։ Առաջիկայում էլ սպասվում է գնաճի տեմպի արագացում։

Գնաճը միանգամայն դրական գործոն է հարկային եկամուտների համար։ Ինչպես ասում է ֆինանսների նախարարը, դա առանձին հարկատեսակների գծով հանգեցնում է հարկման բազայի ընդլայնման։ Այսինքն՝ գների բարձրացումը նպաստում է, որպեսզի ավելի շատ հարկ գանձվի։

Այդ ազդեցությունը երևում է առաջին հերթին ավելացված արժեքի հարկի մուտքերի վրա։

Սա հարկ է, որը գանձվում է ապրանքների գներից։ Որքան բարձրանում է ապրանքի գինը, այնքան այդ հարկի գումարներն ավելանում են։

Բայց չպետք է մոռանալ, որ ԱԱՀ-ն անուղղակի հարկատեսակ է, որը վճարում է սպառողը՝ տվյալ ապրանք գնելիս կամ ծառայություններից օգտվելիս։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա առաջին 5 ամիսներին բյուջեի ԱԱՀ մուտքերը կազմել էին 198,4 մլրդ դրամ, այս տարի կազմել են 234,8 մլրդ դրամ։ Հինգ ամսում ավելացել են շուրջ 36,4 միլիարդով, որտեղ մեծ է գնաճի ազդեցությունը։

Գնաճն ազդում է նաև շրջանառության հարկի մուտքերի վրա։ Գները բարձրանում են, հետևաբար՝ ավելանում է նաև դրանից գանձվող շրջանառության հարկը։

Այստեղ էլ ունենք հարկային մուտքերի ավելացում, որի վրա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել գնաճը։ Մարդիկ նույն ապրանքի համար ստիպված են եղել ավելի շատ վճարել, ու այդ գումարի մի մասը հարկի տեսքով գնացել է պետական բյուջե։

Ինչքան էլ կառավարությունը փորձի թաքցնել, մուտքերի վրա էական դեր է ունեցել նաև մի շարք ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի ծանրացումը։

Խոսքն այնպիսի ապրանքների մասին է, ինչպիսիք են բենզինն ու դիզելային վառելիքը, ծխախոտը, խմիչքները և այլն։ Ու երբ խոսում ենք դրանց թանկացումների ու հատկապես արտաքին գործոնների հետևանքով տեղի ունեցող թանկացումների մասին, պետք է իմանալ, որ դրանում պակաս դեր չի ունեցել կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը։ Այդպիսի քաղաքականության արդյունքում ամեն տարվա սկզբին ավելանում է այդ ապրանքների ակցիզային հարկի բեռը՝ արհեստականորեն խթանելով նաև դրանց գների բարձրացումը։

Սա ևս անուղղակի հարկ է, որը վճարում է սպառողը՝ ապրանքի սպառման ժամանակ։

Հարկային եկամուտների ավելացման վրա էական ազդեցություն թողած մյուս կարևոր գործոնը եղել է մետաղների արտահանման պետտուրքը։

Հիշեցնենք, որ անցած տարվա երկրորդ կեսից կառավարությունը մետաղների արտահանման վրա հարկ դրեց։ Քանի որ միջազգային շուկաներում մետաղների գները գտնվում են բարձր դիրքում, դա հնարավորություն է տվել այդ հարկատեսակի գծով ամսական մի քանի միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե։

Այս տարվա առաջին 5 ամսում մետաղների արտահանման պետտուրքից ստացվել է 38 մլրդ դրամ։ Նախորդ տարվա սկզբին այդ գումարը չկար. պետտուրքը սկսեց գործել օգոստոսից։ Այս տարի գործում է տարեսկզբից։

Առանց մետաղների արտահանման տուրքի՝ բյուջեի եկամուտներն առնվազն 38 միլիարդով պակաս կլինեին։

Հիշենք նաև այն 15 միլիարդը, որը միանվագ բռնագանձվեց «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախորդ տարիների գործունեության դիմաց։

Միայն այս երկու գործոնի արդյունքում 53 մլրդ դրամի մուտք է եղել, որոնք որևէ կապ չունեն մեր տնտեսության զարգացումների հետ։

Պղնձի ու նաև այլ մետաղների արտահանումից հարկերի տեսքով մի քանի տասնյակ միլիարդ դրամ է ստացվել, ինչը տեղի է ունեցել արտադրության ծավալների նույնիսկ նվազման պայմաններում։ Դա ոչ թե կառավարության, այլ բացառապես միջազգային շուկաներում ձևավորված բարձր գների շնորհիվ է։

Ի դեպ, վերջին շրջանում մետաղների գներն անկման միտում ունեն։ Ու եթե դա պահպանվի, ապա ինչ-որ պահից կարող են խնդիրներ ստեղծվել ոլորտում գործող ընկերությունների համար, եթե արդեն չեն ստեղծվել ազգային արժույթի արժևորմամբ պայմանավորված։ Մետաղների արտահանումն այն ոլորտն է, որը դրամի ամրապնդման պայմաններում առաջին տուժողներից մեկն է։

Դրամի ամրապնդումն առաջիկայում կարող է խնդիրներ ստեղծել նաև այլ ոլորտներում գոյացող հարկային եկամուտների համար։ Հավանաբար նաև դա է պատճառը, որ կառավարությունը որոշել է բյուջեի եկամուտները՝ գոյացած լրացուցիչ հարկերից, քիչ ավելացնել. 46 միլիարդի փոխարեն՝ բավարարվեց 40 միլիարդով։ Մնացած 6 միլիարդը հետագայում կարող է փոխհատուցվել չստացվող հարկերի դիմաց։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս