Արևմուտքն առաջ է բերում այդ հարցը, որպեսզի ռուսական միջնորդությամբ հաստատված ձևաչափը տապալի ու խաղաղապահների տեղակայման հարցը վերանայի. Լուկիանով
«ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հնարավորություն գրեթե չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված իրավիճակին ու ՀՀ իշխանությունների ակնարկներին՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացող խնդիրների առնչությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացրել է, որ՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան»։
«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»,- ասված է գրառման մեջ:
Չնայած Վաշինգտոնից հնչող հավաստիացումներին, որ Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում, Ռուսաստանի արտգործնախարարն օրերս Բաքվում կրկին պնդել էր՝ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի՝ հավելելով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո բանակցային այդ գործընթացի աշխատանքը մնացել է անցյալում, քանի որ արևմտյան համանախագահներն են հրաժարվել աշխատել այդ ձևաչափում:
Այս մասին ռուսական կողմը պնդումներ էր արել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի Երևանում արած դիտարկումներից հետո, թե չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման:
Լուկիանովը հիշեցրեց, որ ռուսական կողմն ամիսներ առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերականգնման վերաբերյալ հայտարարություն է արել՝ նշելով, որ դա հնարավոր չի եղել:
Ըստ նրա, աշխարհակարգի, բոլոր միջազգային կարգավորումների ու մեխանիզմների տապալման ֆոնին դա գրեթե անհնար է:
«Ավելին՝ այդ ձևաչափը երբևէ որևէ արդյունք չի կարողացել ապահովել, սակայն Արևմուտքն առաջ է բերում այդ ձևաչափի հարցը, որպեսզի ռուսական միջնորդությամբ հաստատված ձևաչափը տապալի ու խաղաղապահների տեղակայման հարցը վերանայի: Բայց կարծում եմ՝ Բաքվի ու Մոսկվայի դիրքորոշումն այս հարցերում առանցքային է, և քիչ հավանական է, որ այդ ձևաչափն արդյունավետ գործի»,- նկատեց Լուկիանովը:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղվող մեղադրանքներին՝ Լուկիանովն ասաց, որ բնական է, այս փուլում որևէ մեղադրանքի, որևէ իրավիճակի ռուսական կողմը չի կարողանալու արձագանքել այնպես, ինչպես դա կաներ այլ իրավիճակում: «Ներկայումս ռուսական դիվանագիտության հնարավորությունները նեղացել են հասկանալի բազմաթիվ խնդիրների պատճառով: Որքան էլ կա խաղաղապահ կոնտինգենտ, ընդհանուր առմամբ այս բարդ փուլում Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հետ այնպիսի առանձնահատկություններ ունեն, որ հավասարակշռությունը պահպանելն է ձեռնտու ռուսական տեսանկյունից, իսկ այդ հավասարակշռությունն այսօր պահպանելը բարդ է, որը կողմերին մտահոգում է։ Բայց այսօր այլ հնարավորություններ Ռուսաստանը չունի»,- ասաց Լուկիանովը: