
«Տեր Փառենի նման մարդիկ քիչ կան, խելացի ու լավ մարդ է՝ եկեղեցու նվիրյալ». Սաղմոսավանի վարչական ղեկավար

Առավոտյան Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը «Սպուտնիկ Արմենիային» ասել էր, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Եսայի քահանա Արթենյանի տեղեկությամբ` Սրբազանին տարել են քննչական բաժին։
Նա նաև տեղեկացրել էր, որ իրավապահները նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն են խուզարկություն իրականացրել։
Սաղմոսավանի վարչական ղեկավար Գևորգ Ավագյանը մեզնից տեղեկացավ, որ գյուղի հոգևորականին ձերբակալել են։
«Ես ձեզանից եմ լսում, տեր Փառենին ինչո՞ւ պետք է ձերբակալեն, բնակիչները ևս տեղյակ չեն, եթե ես տեղյակ չեմ, բնակիչները որտեղի՞ց պետք է տեղեկանան։
Տեր Փառենի նման մարդիկ քիչ կան, նա խելացի ու լավ մարդ է, նաև՝ որպես հոգևորական։ Տեր Փառենը նոր է մեզ մոտ, մի քանի ամիս է եկել, նա եկեղեցու նվիրյալ է։ Երկար ժամանակ Սաղմոսավանքում տեր Օշինն է եղել, մի քանի ամիս առաջ բերեցին տեր Փառենին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սողմոսավանի վարչական ղեկավարը՝ իր զարմանքն արտահայտելով այս տեղեկատվության վերաբերյալ։
Նա պնդում է՝ գյուղից որևէ մեկն այսքան ժանանակ տեր Փառենից չի դժգոհել։
«Ես ձեզ հաստատ եմ ասում, որ չի կարող նման բան լինել, որ բնակիչներից որևէ մեկը տեր Փառենից դժգոհի, նա եկել է իր աշխատանքին, իր աշխատանքը շատ լավ կատարել է։ Նա նորմալ տեղի բնակիչների հետ շփվել է»,- շեշտեց Գևորգ Ավագյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Նրա վերաբերյալ ավելի վաղ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, քահանան նրան մեղադրել էր, թե իր հոգևոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել և սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։