
Կոբախիձեն չեղարկել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը։
«Երեկ, ապօրինի հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ անելու պատճառով, վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը»,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
Էլինա Վալտոնենը Վրաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին։
Նա հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին, որից հետո միացել է խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին և այնտեղ կարճ տեսաուղերձ է ձայնագրել, որը հրապարակել է X հարթակում։
Ուղերձում Էլինա Վալտոնենը նշել է, որ խորհրդարանի շենքի դիմաց հավաքված են երկրի ընթացքով մտահոգված քաղաքացիներ.
«Ես Թբիլիսիում եմ, խորհրդարանի շենքի դիմաց։ Այստեղ տեղի է ունենում խաղաղ ցույց։ Շատ մարդիկ են գալիս՝ ծածանելով Եվրամիության, ՆԱՏՕ-ի և, ակնհայտորեն, նաև Ֆինլանդիայի դրոշները, բայց ամենակարևորը՝ Վրաստանի դրոշը։ Դրա պատճառն այն է, որ այս մարդիկ մտահոգված են այն ընթացքով, որը որդեգրել է այս երկիրը՝ խլելով մարդկանց հիմնարար ազատությունները, սկսած խոսքի և հավաքների ազատությունից։ Ավելորդ է ասել, որ այս մարդիկ արժանի են բոլոր այս իրավունքներին, և մենք այստեղ ենք նրանց աջակցելու համար»։