Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու շուրջ

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը հասցնել 15 մլն տոննայի, ինչպես նաև ապահովել բեռնահոսքի շարունակական աճ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որը վարել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆերզանե Սադուղը, ընդունվել է համատեղ հայտարարություն։

Փաստաթղթով կողմերը համաձայնել են ստեղծել ճանապարհային փոխադրումների հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հայտարարությունում նշվում է, որ «Հյուսիս–Հարավ» միջանցքի լիարժեք գործարկման համար կենսական նշանակություն ունի Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի և տերմինալի շինարարության ավարտը։ Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 մլն տոննայի և ապահովել դրանց շարունակական աճ՝ այդ նպատակով երեք ամսվա ընթացքում մշակելով համատեղ գործողությունների ծրագիր։

Փաստաթղթում ընդգծվել է նաև սահմանային անցակետերի ընթացակարգերի պարզեցման և փոխադրումների, մաքսային ու սահմանային գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել շարունակել տեխնիկական խորհրդակցությունները՝ ուղղված էլեկտրական ցանցերի ինտեգրման ծրագրին, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս