«Այս փուլում թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին դիտարկեն ոչ թե հարևան երկիր, այլ հակառակը». Կարեն Հովհաննիսյան
Արդեն հայտնի է, որ 2023 թվականին Թուրքիայում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցելու է գործող նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Մի խումբ թուրք իրավապաշտպաներ հայտարարում են, որ, Էրդողանը հանգիստ կարող է մասնակցել նախագահական ընտրություններին, և դրանով չի խախտվում երկրի Սահմանադրությունը։
Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել 2014 թվականին, 2018 թվականի արտահերթ ընտրություններում կրկին վերընտրվել է իր պաշտոնում։
168.am–ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Թուրքիայում նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին։
«Նախ, Էրդողանի նախընտրական քարոզչական քաղաքականության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ տեղ չեն զբաղեցնում, քանի որ նրա հիմնական ընտրազանգվածն ազգայնականներն են։ Էրդողանի վարչակազմը գիտի և լավ գիտակցում է, որ առանց Էրդողանի ընտրությունների գնալը՝ պարտություն է, հետևաբար՝ կրկին Էրդողանին բերեցին։ Հետևաբար՝ այս փուլում թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին դիտարկեն ոչ թե հարևան երկիր, որի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այլ հակառակը՝ դիտարկեն, որ Հայաստանի նկատմամբ ունեն տարածքային, ճանապարհային պահանջներ, այսինքն՝ հանդես են գալիս պահանջատիրական դիրքերից, որպեսզի բավարարեն այն ընտրազանգվածին, որն ունի ազգայնական նկրտումներ»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում պետք է դիտարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի վերջին հայտարարությունը, թե՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։
«Ադրբեջանն այս փուլում ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր», թեկուզ հուշագրի տեսքով ՝չստորագրվի, ի չիք դառնա՝ չեզոքացվի, քանի որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակներով՝ նախագահակական ընտրություններով պայմանավորված մեծ խնդիրների առջև են կանգնելու, եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն։
Ադրբեջանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունն ուղիղ գծով կապված է Թուրքիայի քաղաքականության հետ։ Եվ այստեղ Թուրքիան շատ մեծ խնդիրներ կունենա, որովհետև երբ ստորագրվում է «խաղաղության պայմանագիր», կատարվում է Թուրքիայի պայմաններից մեկը, և նա ցանկանա, թե՝ ոչ, պետք է գնա Հայաստանի հետ սահմանների բացման, ինչը չի բխում Էրդողանի նախընտրական քաղաքականությունից»,- շեշտեց Կարեն Հովհաննիսյանը։
Շարունակելով, ռազմական փորձագետն ասաց, որ, թերևս, վերը նշված պատճառներից ելնելով էլ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկա գոնե մեկ տարվա ընթացքում չլինի խաղաղության պայմանագիր։ Հակառակը, ըստ Կ. Հովհաննիսյանի, չի բացառվում, որ որոշակի դիվանագիտական բանակցություններ չեղարկվեն, դիվանագիտական փոխհրաձգություններ տեղի ունենան՝ ընդհուպ մինչև ռազմական որոշակի լարվածություն, որպեսզի իրենք իրենց հասարակությանը կարողանան ցույց տալ, որ ամեն դեպքում Հայաստանի հետ խաղաղության չեն գնում, որովհետև իրենց պայմաններն են թելադրում։
Կարեն Հովհաննիսյանը խոսեց նաև հունիսի սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հնչեցրած այն հայտարարության մասին, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ սահմանից երկուստեք զորքերի հետքաշումը, սեղանին է՝ քննարկվում է, նկատելով՝ զորքերի հայելային հետքաշումը նախևառաջ չի բխում հայկական կողմի շահերից։
«Որքան էլ տաօրինակ է, բայց այս առաջարկը եղել է Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ չի բխում, որովհետև Հայաստանի այն բնակավայրերը, որոնք այսօր դարձել են սահմանային՝ ընդամենը սահմանից հեռու են մինչև 100 կամ 200 մետր։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե բնակավայրերն ո՞ւր են մնալու, դրանք մնալու են պաշտպանությա՞ն, թե՞ ոչ պաշտպանության ներքո։ Մյուս հարցը, որն առաջանում է, և մենք այս խնդրին արդեն բախվում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այն է, երբ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով այս կամ այն ժամանակահատվածում մեր հովիվները, գյուղացիները հայտնվում են ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ։
Այսինքն՝ եթե նույնիսկ հանդերում ենք հետ քաշվում, ապա այդ ամբողջ օգտագործվող հողերը հայտնվում են ադրբեջանցիների ուղիղ հսկողության տակ»,- ընդգծեց Կարեն Հովհաննիսյան։