«Չգիտեմ, ինչպես միշտ, «յոլա» են գնում». Որոտանի գյուղապետը՝ տունը կորցրած բնակիչների մասին

2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ կորցրեցին իրենց տները։ Բանն այն է, որ 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի պայմաններում Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ՝ Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը տվեցին թշնամուն։ Դե, թշնամին այդ հատվածներում այնքան առաջ եկավ, որ հայտնվեց Շուռնուխ, Որոտան և այլ բնակավայրերում, տասնյակից ավելի բնակիչների տներ վերցրեց իր հսկողության տակ։ Բնակիչներին ոչինչ չէր մնում անելու, քան թողնել տունը և հեռանալ։ Այսպիսով՝ Շուռնուխ գյուղը կիսվեց երկու հատվածի, մի մասն անցավ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների հսկողության տակ։ Որոտանում 12 տուն մնաց թշնամու հսկողության տակ, իսկ Շուռնուխում՝ 13 տուն։

Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց անտուն մնացած սյունեցիներին «մխիթարել»՝ հայտարարելով, որ նրանց համար տուն կկառուցեն։ Տները կորցրած սյունեցիներին նաև կառավարությունը խոստացել էր փոխհատուցում տրամադրել։ Որոտանի բնակիչ Սեյրան Օհանջանյանը ևս կորցրել էր իր տունը, թշնամին այն վերցրել և իր համար անցակետ է սարքել։ Որոտանի բնակիչը դեռևս նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենց 2 անգամ կանչել և փորձել են իր տան համարժեք գումարի ուղիղ կեսը տալ, որից հրաժարվել էր, քանի որ գումարն այնքան քիչ չէր, որ ոչինչ չէր կարող անել։

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ տները կորցրած որոտանցիների մի մասն ապրում է Վերիշենում, մյուս մասը՝ Որոտանում բարեկամների տներում։

«Սեյրան Օհանջանյանի երեխաներն այս պահին Վերիշենում են ապրում, իսկ ինքը՝ Որոտանում։ Չգիտեմ, ինչպես միշտ, «յոլա» են գնում, էլի։ Իրենք ավելի լավ կասեն, թե ինչպես են ապրում»,- նշեց Որոտանի գյուղապետը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ էր եկել, մինչ օրս նրանք Հայաստանի Հանրապետության ներխուժած նույն հատվածներում պահպանում են իրենց դիրքերը և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել՝ առաջ գնալ, քանի որ համարում են, որ «այդ տարածքներն ադրբեջանական են»։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հենց առաջին կետում հստակ նշված է՝ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», սակայն անհասկանալի պայմաններում թշնամին մինչև օրս խորանում է ՀՀ տարածք։

Տեսանյութեր

Լրահոս