«Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պահվածքով. Ալիևի որոշ հայտարարություններ այնքան էլ չեն վկայում նրանց լոյալության մասին». Գագիկ Հարությունյան
Հունիսի 22-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
«Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը։
Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել էր Զախարովան:
Այցի ընթացքում արդյո՞ք ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը կանդրադառնա Ադրբեջանի գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին, կխոսի՞ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված կետերի չկատարման մասին, մասնավորապես՝ հայ գերիներին հայրենիք չվերադարձնելու հարցի՝ հայկական կողմը Լավրովի միջոցով որևէ մեսիջ կուղղի՞ Ադրբեջանին։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ նշեց, որ առհասարակ ընդունված է, որ եթե Արտաքին գործերի նախարարը գնում է ինչ-որ երկիր, ապա դա ինչ-որ տեղ նշանակում է համակրանք դեպի այդ երկիր, սակայն սա այդ դեպքը չէ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պահվածքով։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանից կամավորներ են գնում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար, և Ալիևի որոշ հայտարարություններ այնքան էլ չեն վկայում նրանց լոյալության մասին։ Ռուսաստանն իսկապես շահագրգռված է, որպեսզի հնարավորինս սառեցնի ակտիվ գործողությունները մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Ռուսաստանի ախոյանները ձգտում են, որպեսզի ՌԴ խաղաղապահ ուժերը լքեն Արցախի Հանրապետությունը։ Ակնհայտ է, որ երբ ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից, այդ պահից սկսած կսկսվի հայաթափումը՝ ամենածանր հետևանքներով։
Ըստ իս՝ Լավրովի այցի առաջին նպատակներից է նման հարցերի քննարկումը, քանի որ նա հմուտ դիվանագետ է, և հնարավոր է՝ ինչ-որ տեղ մեղմի ադրբեջանական հավակնություններն Արցախի ու Հայաստանի նկատմամբ»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների քննարկմանը, ապա ըստ քաղաքագետի՝ հայկական կողմը Լավրովի միջոցով որևէ մեսիջ չի հղի Ադրբեջանին, որ մասնավորապես՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների մեծ մասը չի կատարել, հատկապես այն դեպքում, որ Հայաստանի իշխանությունները որևէ ակտիվ քայլ չեն կատարում Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի օրվա իշխանությունը հակառուսական տրամադրություններ ունի, հետևաբար՝ այդ խնդիրները նա չի կարող ներկայացնել Ռուսաստանին, որպեսզի նա աջակցի գերիներին վերադարձնելու համար։
Չգիտեմ, թե Լավրովն ինչպես այս խնդիրը կբարձրացնի, բայց լինելով հմուտ դիպլոմատ՝ նա չի կարող բարձրացնել այդ հարցը, որ կան հումանիտար խնդիրներ, և անհրաժեշտ է լուծել։ Սա են վկայում նրա մի քանի հայտարարությունները, որոնք նա արեց Երևան այցի ժամանակ, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ, այդ թվում՝ Փառուխի, որը, բացի ռազմավարական նշանակությունից, այդ պահին ռուս խաղաղապահների իմիջի խնդիրն էր»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։