Պաշտպանության նախարարը, նրան ենթակա որոշ կառույցներ պետք է վերականգնվեն՝ որպես զինվորական. Իշխան Մաթևոսյան
Գործող իշխանությունը գործուն քայլեր է սկսել՝ փոխելու բանակի կառավարման մոդելը, ինչի արդյունքում ԳՇ պետը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Ի՞նչ հետին նպատակի համար է սա արվում՝ 168.am-ի հարցին, ՀՀ ԶՈՒ ինժեներային զորքերի նախկին պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է, իսկ սա ավելի շատ քաղաքական հարց է, ուստի խնդրին կանդրադառնա այլ տեսանկյունից՝ բանակի ի՞նչ մոդելի կառավարում է մեզ պետք այսօր, և կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ:
«Ինչո՞ւ են դրան գնում իշխանությունները, ինչո՞վ է սա պայմանավորված, ես չեմ կարող ասել, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինված ուժերի համար կառավարման ամենաարդյունավետ մոդելը կլինի այն, որ պաշտպանության նախարարից սկսած՝ նրա տեղակալները և նրան ենթակա որոշ կառույցներ, վերականգնվեն՝ որպես զինվորական, իսկ նրանք, ովքեր լուծում են իրավաբանական, ապահովման, սոցիալական խնդիրներ, կարող են մնալ ոչ զինվորական: Բայց զինվորական ուղղահայացը պետք է վերականգնվի, սա կլինի ամենաարդյունավետը, որովհետև ներկա օրենսդրությամբ թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ ԳՇ պետն ունեն որոշակի խնդիրներ, որոնք կարծես թղթի վրա չեն երևում, բայց գործնականում (ինչը ցույց տվեց նաև վերջին պատերազմը) դրանք շատ անհասկանալի իրադրություններ են ստեղծում․ այն դժվարացնում է որոշումների կայացումը և ուշացնում է զորքերի կառավարումը ժամանակի առումով»,- շեշտեց գեներալը:
Այսինքն, ըստ նրա, այսօրվա սպառնալիքների միջավայրը ստիպում է վերադառնալ նշված մոդելին:
Հիշեցնենք, որ «Մեդիամաքսի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։
Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։
Իսկ 2021-ին 168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ասել էր․
«Պետք է յուրաքանչյուր օղակի պարտականությունները և պատասխանատվությունները հստակ տարանջատվեն՝ խաղաղության և պատերազմի պայմաններում: Օրինակ, պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ պաշտպանության նախարարին: Հիմա ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»: