«Սյունիքում Իրանի դիվանագիտական ներկայությունը միտված է Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը մեծացնելուն». Գարիկ Միսակյան
Դեռևս նախորդ տարվա վերջին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին:
Այս նախագիծը Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո, մի քանի ամիս շարունակ սկսեցին ակտիվ քննարկել, սակայն վերջին շրջանում այդ քննարկումները դադարել են։
Իրականում ինչո՞վ է պայմանավորված այդ պասիվությունը, հարցի վերաբերյալ այս պահին Իրանում ընթանո՞ւմ են քննարկումներ։
168.am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ Կապանում իրանական հյուպատոսություն բացելու վերաբերյալ նախագիծն ընդունելուց հետո, դրա վերաբերյալ շատ խոսվեց։
«Վերջին շրջանում եղան մի քանի հայտարարություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նույնպես հայտարարեց, որ շուտով բացվելու է, մի քանի խնդիր է մնացել լուծելու։ Խոսում էին շենքի ընտրության և այլ հարցերից, այսինքն՝ գործնականում հայտարարվում է, որ խնդիրը լուծված է և շուտով հյուպատոսությունը բացվելու է։ Իրանական կողմը բավականին կարևորում է այդ հյուպատոսության բացումը։ Իրանի ԱԺ նախագահի այցի ժամանակ էլ այդ մասին հայտարարվեց, նաև եղավ հայտարարություն Թավրիզում հայկական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ, ինչն այս իրավիճակում ևս կարևոր է»,- նշեց Գարիկ Միսակյանը։
Ինչ վերաբերում է իրանական լրատվական և սոցիալական ցանցերի տիրույթում եղած տեղեկատվությանը, ապա, ըստ իրանագետի, կան հայտարարություններ, որ Սյունիքում իրանական հյուպատոսության բացումը և առհասարակ Սյունիքի հետ կապված խնդիրները, լինի Հյուսիս-Հարավի շինարարությունը, ենթակառուցվածքների տարողունակության մեծացումը և այլն, պետք է այդ գործընթացները բավականին ակտիվացվեն։
«Եթե գործընթացների ընդհանուր համատեքստը նայենք, ապա Սյունիքում իրանական հյուպատոսությունը, այնտեղ Հյուսիս-Հարավի տնտեսական ներկայացվածությունն Իրանի համար բավականին կարևորվում է։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կան որոշակի բյուրոկրատական խնդիրներ, որոնք երկու կողմում էլ խանգարում են գործընթացներին։ Սա Իրանի կողմից կարելի է դիտարկել որպես մեսիջ, որ և՛ Իրանը, և՛ Հայաստանը որքան հնարավոր է շուտ վերացնեն ցանկացած բյուրոկրատիկ խնդիր, քանի որ բազմաթիվ են հայտարարությունները, որոնք մնացել են հայտարարության մակարդակում, և գործընթացներն այդքան արագ չեն զարգանում, որքան նախընտրելի են»,- շեշտեց իրանագետը։
Հարցին՝ Ադրբեջանը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և հյուպատոսության բացումը նրանց ձեռնտու չէ, Գարիկ Միսակյանը նկատեց՝ գործնականում Հայաստանի ու Իրանի համաձայնության դեպքում Ադրբեջանը չունի որևէ գործիքակազմ որևէ բան անելու, քանի որ Իրանը գործնականում հայտարարել է, որ պետք է բացվի հյուպատոսություն։
«Մեր լիարժեք համագործակցության և Իրանի ցանկության պարագայում միանշանակ իրականանալու է, և որևէ մեկը Բաքվի կարծիքը հաշվի չի առնելու։ Նույնիսկ Թավրիզում հայկական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ, կարծում եմ՝ Իրանը բավականին շահագրգռված է այնտեղ ունենալու հայկական դիվանագիտական ներկայացուցչություն սեփական խնդիրներից ելնելով՝ թուրքական ու ադրբեջանական ազդեցությունը նվազեցնելու համար։
Առհասարակ Ադրբեջանին ձեռնտու չէ Սյունիքի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացումը»,- ասաց մեր զրուցակիցը։
Միաժամանակ իրանագետն ընդգծեց, որ Իրանը մշտապես հայտարարում է, որ Սյունիքն իր «կարմիր գիծն» է, սակայն, եթե հայկական կողմը չի կասեցնում ադրբեջանական որևէ ներխուժում կամ որոշ դեպքերում հայտարարում է, որ այդ տարածքները հայկական չեն եղել և այլն, ապա այստեղ Իրանը որևէ կերպ չի կարող ազդել։
«Սյունիքում Իրանի դիվանագիտական ներկայությունը միտված է Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը մեծացնելուն, նաև հասկացնելու, որ այդ տարածքն իր համար հանդիսանում է «կարմիր գիծ»։ Սրա վերաբերյալ հայտարարությունները բազմաթիվ են, նաև հայ-իրանական սահմանի վերաբերյալ։ Այսինքն՝ եթե Սյունիքի հյուսիսում որոշակի առաջխաղացում ունի Ադրբեջանը մեր թողտվությամբ կամ առանց դրա, ապա դա Իրանին այդքան էլ չի անհանգստացնում։ Իրանի գերխնդիրն է՝ պահպանել նախ հայ-իրանական սահմանի անխափան գործունեությունը, և երկրորդը՝ իր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ներկայությամբ կասեցնել Սյունիքի հանդեպ գլոբալ ծավալապաշտական քաղաքականությունը»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։