
Արմեն Դավթյանի գրքում առաջին անգամ շումերերեն տեքստը ոչ թե թարգմանված, այլ ընթերցված է հայերենի հիմքի վրա

Լույս է տեսել Արմեն Դավթյանի նոր գիրքը` «Շումերների «Երկրագործական ուղեցույցը» հայերեն է»: Աշխատությունը նվիրված է շումերագիտության մեջ լայնորեն հայտնի մի սեպագիր տեքստի, որ գրի է առնվել մոտավորապես մ.թ.ա. 18-րդ դարում, բայց իրենից ներկայացնում է ավելի հին բնագրի արտագրությունը կամ վերաշարադրանքը:
111 տողանոց այդ տեքստում ծեր հերկահարը իր սանին ցուցումներ է տալիս, թե ինչպես պետք է կազմակերպել հողամշակության աշխատանքները (վարել, ցանել, ոռոգել, հնձել եւ այլն): Այս բնագիրը գիտնականները պայմանականորեն կոչել են «Երկրագործի հրահանգներ» կամ «Երկրագործական ուղեցույց»:
Արմեն Դավթյանի գրքում առաջին անգամ շումերերեն տեքստը ոչ թե թարգմանված, այլ ընթերցված է հայերենի հիմքի վրա: Սա առաջին հերթին լեզվաբանական ուսումնասիրություն է, որտեղ ցույց է տրվում շումերերենի եւ հայերենի նույնությունը: Խոսքը ոչ թե երկու լեզուներում հանդիպող ինչ-ինչ ընդհանրությունների, այլ ուղղակի նույն լեզվի մասին է:
Հեղինակի պնդմամբ չկա առանձին` հայերենից անկախ շումերերեն: Շումերերեն կոչված լեզուն հայոց լեզվի վիճակն է մ.թ.ա. 4-րդից 2-րդ հազարամյակներում, ինչպես գրաբարն էլ հայերենի վիճակն է 5-11-րդ դարերում: Գիրքը ծավալուն է (340 էջ), ունի նաեւ հավելվածներ, ընդգրկում է ոչ միայն լեզվական, այլ ազգագրական, աստղագիտական, դիցաբանական եւ չափագիտական (մետրոլոգիա) զգալի նյութ: