Օրենսդրական փոփոխությամբ գործադիրը սահմանում է նաև Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն դրսևորելու պահանջներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկեցին Կառավարության հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծն իշխանական պատգամավորներին ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ փաստաբանական ոլորտում բարեփոխումներն ընդունում են՝ որպես կարևոր ռազմավարական նպատակ։

«Այս նախագծով անդրադարձ է կատարվում ոլորտի բազմաթիվ հարցերի։ Սրանով նախատեսվում է  որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը, այսպես նախատեսվում է  ստեղծել կարգապահական հանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել փաստաբանների կարգապահական վարույթները։ Իսկ կարգապահական հանձնաժողովի որոշումներն էլ հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդին։ Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, հատկապես հանրային պաշտպանների գործունեության բնագավառում։ Խորհուրդը կկարողանա սահմանել հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան կատարողական ցուցանիշները, ստուգել և գնահատել հանրային պաշտպանների գործունեությունը»,- առաջարկվող փոփոխությունը հիմնավորեց Գրիգոր Մինասյանը։

Նա նաև շեշտեց, որ նախագծով սահմանվում են Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների՝ իրենց գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն և զսպվածություն դրսևորելու պահանջները։ Վերանայվում է  նաև պալատի մարմինների անդամների ընտրության կարգը՝ նպատակն ընտրությունների ընթացքում բացառելով տարատեսակ կորպորատիվ շահերի առկայության ռիսկը։

«Հաջորդ կարևոր ուղղությունը վերաբերում է անվճար ու անհատույց իրավաբանական օգնության կառուցակարգերի զարգացմանը, այսպես ընդլայնվում է  հանրային պաշտպանության շահառուների շրջանակը, հստակեցվում է  շահառուների անվճարունակության չափանիշները, բացառելու համար անհիմն դիմումների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ։ Նախատեսվում են հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ՝ հանրային պաշտպան չհանդիսացող կամ անհատույց իրավաբանական ծառայություն տրամադրող փաստաբաններին»,- հավելեց Գ. Մինասյանը։

Արդարադատության փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ սույն նախագիծը բազմիցս քննարկվել է փաստաբանական համայնքի հետ, բազմաթիվ քննարկումներ են եղել Փաստաբանական պալատի հետ, փաստաբանական դպրոցի դասախոսների հետ։ Հետևաբար՝ ըստ նրա, նախագիծը բացառիկ է այն առումով, որ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս Փաստաբանական պալատի հետ։

«Հանրային պաշտպանից օգտվելու դեպքում ստուգվելու է ֆիզիկական անձանց գույքային կարողությունները, եթե անհրաժեշտություն լինի, նույնիսկ հարցումներով հասկանալ, թե արդյո՞ք այդ մարդը օրենքով սահմանված անվճարունակության սանդղակում է, թե՞ ոչ»,-եզրափակեց նա։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրված նախագծին երեք կողմ ձայնով դրական եզրակացություն տրվեց։

Տեսանյութեր

Լրահոս