2020թ․ Արցախից բռնի տեղահանված 96-98.000 արցախցիներից այս պահին ՀՀ-ում բնակվում են 20.000–ից ավելին. Միքայել Վիրաբյան
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներից հազարավորները բռնի տեղահանվեցին, նրանց մի մասն այսօր վերադարձել է Արցախ, իսկ մի մասը բնակվում է Հայաստանի տարբեր մարզերում՝ վարձով կամ բարեկամի տանը։
168.am-ն«Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին հարցրեց, թե բռնի տեղահանված արցախցիների իրավունքների խախտումը միջազգային տեսանկյունից ի՞նչ արձագանք պետք է ունենա, և ի՞նչ է սպասվում հազարավոր տեղահանվածների։
«Սա շատ բարդ հարց է, մենք պետք է տներով ապահովենք այդ մարդկանց։ Իհարկե, միջազգային հանրությունն օգնություն տրամադրում է։ Բայց մենք պետք է դա անենք, մտածենք, որ վաղը վերադառնալու են իրենց տներ` այդպես չէ։ Ադրբեջանը կարող է այդ քարտը շահարկման մեջ դնել և ասել՝ վերադարձեք ու ճանաչեք, որ դուք Ադրբեջանի քաղաքացիներ եք։ Եթե մարդն այդպիսի քայլի դիմի, ապա նա արդեն ավտոմատ կերպով դադարում է հայ լինելուց»,- նշեց Դավիթ Բաբայանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն էլ տեղահանված արցախցիների խնդիրների առնչությամբ նախ տեղեկացրեց, որ 2020 թվականի նոյեմբերի սկզբին՝ ամենապիկ շրջանում, ՀՀ տարածքում գտնվել են 96-98 հազար արցախցի տեղահանվածներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչներ՝ ծերեր, կանայք, երեխաներ։
«Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի համապատասխան մարմիններ հետ հաշվառումն իրականացվում էր, 96-98 հազար տեղահանվածներ են եղել։ 2020 թվականի նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբեր և հունվարի կեսեր՝ 42 հազարից մինչև 45 հազար մարդ Հայաստանից միանգամից տեղափոխվել են Արցախի Հանրապետություն։ Առաջին հաշվառումը, որն իրականացրել է օպերատիվ շտաբը, յուրաքանչյուր ամիսը մեկ բազան թարմացնում ենք, եղել է 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ այդ ժամանակ ՀՀ-ում եղել են 25-26 հազար տեղահանված արցախցիներ։ Այս պահի դրությամբ՝ 20 հազարից մի փոքր ավելի»,- նշեց Միքայել Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ տեղահանված արցախցիներն այս պահին բնակվում են ՀՀ ողջ տարածքում, գերակշռող մասը Երևանում է՝ տեղահանվածների մոտավորապես 30 տոկոսը, երկրորդ տեղում են Սյունիքի և Կոտայքի մարզերը, այնուհետև՝ Արարատի և Արմավիրի մարզերը։
«Տեղահանվածների գերակշիռ մասը Հայաստանում ապրում է վարձով, կան նաև հյուրընկալվածներ, մի մասն էլ ապրում է բարեկամների տանը։ Ունենք նաև մոտ 200 ընտանիք, որ ՀՀ սոցապ նախարարության միջոցով տարբեր հասարակական նշանակության օբյեկտներում են բնակվում։
Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ ծրագրերով իրականացվել են 2 տասնյակից ավելի սոցիալական ծրագրեր՝ տարբեր ուղղություններով։ Հուլիսի 1-ից գործելու է Արցախի կառավարության նոր սոցիալական ծրագիրը՝ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հատկացվելու է 40 հազարական դրամ, որպեսզի ուղղեն բնակվարձերի փոխհատուցմանը»,- հավելեց Մ. Վիրաբյանը։
Հարցին՝ կա՞ն արցախցի տեղահանվածներ, որոնք չեն վերադարձել Արցախ, այլ պատերազմից հետո մեկնել են արտերկիր, Միքայել Վիրաբյանը պատասխանեց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չունեն։
«Մեր հաշվառումներն իրականացնում ենք համապատասխան շրջանների գրասենյակների հետ, որոնք գործում են օպերատիվ շտաբի ներքո՝ պետական մյուս կառույցների հետ միասին և համայնքապետարանների ինստիտուտի հետ։ Ըստ այդմ, մեր ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտավորապես 250 ընտանիք մեկնել է արտերկիր»,- եզրափակեց Միքայել Վիրաբյանը։