«Ադրբեջանական պատմագիտությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր պատմության նենգափոխումներով զբաղվի. Ժամանակին մենք սուր հակահարվածներ տվել ենք». Էդիկ Գևորգյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, պաշտոնական Բաքուն, Ալիևի գլխավորությամբ, մշտապես հայտարարում է, որ «Հայաստանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելուց հետո, Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի բոլոր «անկլավները», քանի որ դրանք Ադրբեջանինն են»։ Հայկական կողմից մասնագիտական տարբեր շրջանակներ փաստերով հակադարձել են ադրբեջանցիների նման հայտարարություններին՝ ընդգծելով, որ այդ ամենն Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու արդյունքն է՝ Հայաստանում ադրբեջանական որևէ անկլավ գոյություն չունի։

168.am-ի հետ զրույցում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան  Էդիկ Գևորգյանն էլ հաստատեց, որ այդ ամենն Ադրբեջանն է հորինել, ապա  պատմական կարճ էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով.

«Հայաստանի խորհրդայնացումից՝ 1920 թվականից  հետո և, մասնավորաբար, 1922 թվականի մարտի 12-ի Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո,  Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նույն ֆեդերացիայի կազմում էին։ Այստեղ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի որոշումներով պարզապես «քոչի» արոտավայրերի տեղեր էին հատկացվում երեք առանձին հանրապետություններին։ Միտքս ավելի պարզեցնելու համար ասեմ՝ ասենք, Հայաստանի անասնապահների համար տարածքներ էին հատկացվում և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում և Վրաստանում, և հակառակը։ Նկատի ունեմ Վրաստանի հետ այսօրվա Ալավերդու հարևանությամբ հյուսիս-արևելյան շրջանները, Նոյեմբերյանը, նույնը՝ Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզը՝ Վարդենիսի շրջանը, և այլն։

Մենք՝ հայերս, լինելով նաև խիստ ինտերնացիոնալիստ, որպեսզի միշտ որոշումները կատարեինք, ամեն ինչ անում էինք, որպեսզի Անդրֆեդերացիայի որոշումները կենսագործվեին, և նրանց հատկացնում էին ամենալավ տեղերը։ Նույն Ադրբեջանը մեզ տեղեր էր հատկացնում ոչ թե Հայաստանի սահմանակից վայրերում, այլ Ադրբեջանի խորքերում։ Մեր անասնապահները վախենում էին, չէին գնում, բայց ադրբեջանցիները գալիս ու մնում էին, իսկ ժամանակի ընթացքում ամրապնդվեցին»,- նշեց Էդիկ Գևորգյանը։

Շարունակելով՝ պատմաբանն ասաց, որ այդպես առաջացավ «Բասարգեչարը»՝ Վարդենիսի շրջանը, որտեղ ադրբեջանցիները բնակություն հաստատեցին մեծամասամբ, իսկ այսօր ինչ-որ զառանցանքներով ցույց են տալիս, թե դա իրենցն է։

«Գիտենք՝ ինչն է հետաքրքիր, մեր վերաբերմունքի դիմաց, դեռևս այն ժամանակ ադրբեջանցիները փորձում էին բողոքել, թե իբր իրենց լավ չենք վերաբերվում, մինչդեռ հակառակն էր։ Անդրֆեդերացիայի վերացումից հետո, բոլորն առանձին-առանձին մտան Խորհրդային Միության կազմի մեջ, այսպես կոչված՝ դրանք եկան միացան։ Եթե մենք ասում ենք՝ «անկլավներ, տարբեր շրջաններում եղել են գյուղատնտեսական, անասնապահական նշանակությամբ պայմանավորված որոշակի խախտումներ, բայց մենք այստեղ ավելի շատ կորցնողի դերում ենք եղել, քան վերցնողի»,- հավելեց պատմաբանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատողներ Կարեն Խաչատրյանը և Համո Սուքիասյանը հրատարակել են աշխատանք տարածքային կորուստների վերաբերյալ, հետևաբար, եթե խոսում են «անկլավների» մասին, ապա խորհուրդ կտար, որպեսզի ճշգրտորեն օգտագործվեն ժամանակի քարտեզները, արխիվային նյութերը, որից հետո պարզ կդառնա, թե ով է կորցրել, ով՝ շահել։

«Այստեղ «անկլավային» որևէ խնդիր չկա, դա չպետք է բերենք ու քաղաքականացնենք։ Այս դեպքում ինչո՞ւ մենք չենք խոսում մեր Արծվաշենի մասին, որը մենք արցախյան առաջին պատերազմում տվեցինք ու այսօր կարծես թե մոռացել ենք։

Ադրբեջանական պատմագիտությունը ամեն ինչ արել է, որպեսզի մեր պատմության նենգափոխումներով զբաղվի։ Ժամանակին մենք ավելի սուր հակահարվածներ տվել ենք ադրբեջանական պատմագիտության, նրանց բոլոր նենգափոխներին, չմոռանանք իրենց, այսպես կոչված, ակադեմիկոս Զիա Բունիաթովին։ Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի ցույց տային, թե հայկական տեղանուններն ադրբեջանական են, այսօր էլ նույնը կրկնում են իրենց նախագահի մակարդակով։ Ինքս՝ որպես պատմաբան, խորհուրդ կտամ մեր քաղաքական գործիչներին, խորհրդարանականներին ցանկացած պատասխան տալուց հենվել նաև մեր պատմագիտության նվաճումների վրա, և այս դեպքում մենք ավելի շահեկան վիճակում դուրս կգանք»,- եզրափակեց Էդիկ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս