«Արցախն Ադրբեջանին հանձնելն ավելի քան իրատեսական է դառնում, իշխանությունների քաղաքականությունը տանում է դրան». Մենուա Սողոմոնյան
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ գրեթե 50 օր Հայաստանում տեղի ունեցած փողոցային պայքարով ի ցույց դրվեց, որ կա հասարակության մի հատված, որն անկախ ամեն ինչից՝ վճռական է և պայքարող է։ Նրա կարծիքով՝ սա կարևոր արձանագրումներից մեկն է, և Նիկոլ Փաշինյանի ցանկացած գաղափար և քայլ, որը դեմ է Հայաստանի պետական շահերին՝ հայ հասարակության մի հատվածը դեմ է գնալու դրան։
«Իհարկե, հայ հասարակության մեծամասնությունը գիտակցում է այն կործանարար քաղաքականությունը, որը տանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց այդ մեծ հատվածի մի հատվածն է, որ վճռականություն է ցուցաբերում՝ իր անձնական շահերը, մտավախությունները, վախերը, պաշտոն կորցնելու վախերը մի կողմ թողած՝ դուրս է գալիս պայքարի։ Պայքարի դուրս եկած մարդիկ քիչ չէին, որովհետև այս ամբողջ 45 օրերի ընթացքում տարբեր օրերի, տարբեր մարդիկ են եղել։ Եթե հաշվենք, թե այս օրերին որքան մարդ է մասնակցել շարժմանը, ապա բավականին մեծ թիվ կստացվի։ Ինքս էլ ամեն օր այնտեղ եմ եղել, ցավում ենք, որ չհանգուցալուծվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով, բայց խնդիրը մնում է առկախ։ Այսինքն՝ սրանով խնդիրը չի լուծվել, երկիրը բնականոն հունի մեջ չի մտել, որովհետև անվտանգության ճգնաժամը պահպանվում է, Արցախն Ադրբեջանին հանձնելն ավելի քան իրատեսական է դառնում՝ իշխանությունների քաղաքականությունը տանում է դրան։ Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վկայությունը դրա վառ ապացույցն էր, նա գրեթե բաց տեքստով ասաց, որ՝ այո, ճանաչելու է Արցախն Ադրբեջանի կազմում, նաև ժողովրդին վախեցրեց, թե եթե այդպես չանի, ապա Հայաստանն է տանուլ տալու»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով ոտքի տակ տվեց Հայաստանի կողմից տարած երկու տասնամյակից ավելի դիվանագիտական գործընթացը, մանիպուլյացիայի ու կեղծիքի մեծ չափաբաժին օգտագործելով՝ փորձեց հերթական անգամ մարդկանց մոլորեցնել։
«Պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ նրա մոտ որոշ չափով ստացվում է մարդկանց մանիպուլյացնելը, կեղծելն ու մոլորեցնելը։ Նրա համար թիմեր են աշխատում, թե մեսիջներն ինչպես անեն, և այլն։ Հիմնական խնդիրը սա է, որ այս դաշտում պետք է կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք չեզոքացնել այս մոտեցումները, և պայքարի մարտավարության մեջ պետք է անպայման այս հանգամանքը ճիշտ մշակել ու ճիշտ ձևով ներկայացնել։ Ծրագիրը շատ ավելի հստակ, շատ ավելի չափելի, տեսանելի պետք է լինի։ Ճիշտ է, ընդդիմության առաջնորդներն այս մասին խոսել են, սակայն ընդհանուր գծերով են խոսել, ըստ էության ժողովուրդը նաև կարիք ունի կոնկրետացումների»,- հավելեց Մենուա Սողոմոնյանը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ ավարտված չի համարում, որ պետք է հաշվի առնել՝ գործ ունենք նենգ հակառակորդի և նրա հետևում կանգնած տարբեր սոցիալական սեգմենտների՝ օլիգարխների, դրսի ուժերի հետ, որոնք ամեն գնով պահում են տխրահռչակ իշխանությանը։
«Իհարկե, քննադատության տեղեր կան, չեմ նախընտրի դա հրապարակավ անեմ, իմ շփումների մեջ էլ երբեմն-երբեմն այդ հարցերին անդրադարձել եմ, որոշ հուշումներ արել եմ, հետևաբար՝ այս հարցում ուզում եմ կառուցողական տրամադրվեմ, որովհետև բացահայտ քննադատելը որևէ օգուտ չի տալու։ Կոչս է այն մարդկանց, որոնք շարունակում են այս ճգնաժամային իրավիճակում օրակարգային համարել Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, դրան մոտենալ սրտացավորեն, ուշադրությամբ և չհուսահատվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Փողոցային պայքարը կարո՞ղ է զգոնության մեջ պահել իշխանությանը՝ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ որոշումներ չկայացնելու համար, հարցին Մենուա Սողոմոնյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը մտած է պայմանավորվածությունների մեջ և պետք է աշխատի հնարավորինս շուտ իրացնի այդ պայմանավորվածությունները։
«Նա միայնակ չի այդ ամենն անում, նրա չորս բոլորը պաշտոնյաներ կան, նրանք են ներգրավված։ Շարժումը պետք է մի բան էլ հաշվի առնի, որ շարժման տակտիկայի մեջ պետք է լինի ոչ միայն նա, այլև նրա մերձավոր շրջապատը և նրա հետ որոշում կայացնողները ևս թիրախավորվեն։ Սա շատ կարևոր է, որ ՔՊ-ական պատգամավորները, մարզպետները, նախարարները և այլ պաշտոնյաներ, որոնք պահում են Նիկոլ Փաշինյանի իշխանության բուրգը, պետք է թիրախի տակ լինեն, ինչը կթուլացնի այդ իշխանությունը և կարևոր բաղադրիչ կլինի պայքարի համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։