
BRICS-ի երկրները պետք է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում նոր սպառնալիքներին. ՉԺՀ ԱԳՆ

BRICS-ի անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) աշխարհում աճող անկայունության պայմաններում պետք է պատրաստ լինեն անվտանգության բնագավառում ինչպես ավանդական, այնպես էլ նոր սպառնալիքների հակազդմանը: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարությունը։
«BRICS-ի պետությունները (…) պետք է պատրաստվեն ավանդական, ինչպես նաեւ ոչ ավանդական սպառնալիքներին, ակտիվորեն աջակցեն համընդհանուր անվտանգության պահպանմանը»,- մեջբերում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի խոսքը, որը տեսակապով հանդես է եկել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպման ընթացքում:
Ինչպես ընդգծել է նա, միջազգային ասպարեզում մեծ փոփոխությունների պատճառով միավորման անդամները պետք է ուժեղացնեն աշխարհում կայուն իրադրության պահպանմանը նպատակամիտված գործողությունների համակարգումը: «Անհրաժեշտ է առաջ տանել իսկական բազմակողմ համագործակցությունը, (…) հաշվի առնել ներկայիս դարաշրջանի միտումները, արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին»,- հավելել է Յան Ցզեչին:
Հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել BRICS-ի՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 12-րդ հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, ավելի ու ավելի բարդ միջազգային իրադրության կապակցությամբ Չինաստանը հույս ունի, որ կխորացվի միավորման անդամների համագործակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: