«Արցախի անկախության ճանաչման հարցում ես Սերժ Սարգսյանի տեսակետին եմ». Հովիկ Աղազարյան
Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, որի հիմնական թեզն այն էր, որ պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի հարցից՝ հաջողությամբ լուծվում է։
«Ալիևը վերջին ժամանակներս հայտարարում էր, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և այլն, բայց փաստորեն մենք օր օրի ավելի ականատես ենք լինում իրողությունների, երբ միջազգային կազմակերպություններն ասում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է քննության առարկա լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Աղազարյանը։
Նա նշեց, թե իշխանությունը երբեք չի հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից։
«Կառավարության ծրագրի մեջ որ գրված է՝ ինքնորոշման հարց, դա մեր ծրագրային դրույթն է, որին պետք է ձգտենք հասնենք, այլ հարց է՝ մեր իշխանությո՞ւնը կհասնի, թե՞ այլ իշխանություն։ Մեր նպատակին հետևողականորեն հասնելու համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, պետք է արցախցին անվտանգ ապրի իր հայրենիքում։ Արցախի մեր հայրենակիցները 1992 թվականին արտահայտել են իրենց դիրքորոշումն անկախության վերաբերյալ»,- նշեց իշխանական պատգամավորը։
Հարցին՝ իշխանությունն արցախցիների անվտանգության հարցը կարո՞ղ է քննարկել Ադրբեջանի կազմում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Առանց արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանության, նման հարցի հետ կապված ինքնուրույն լուծում չենք կարող տալ։ Հայաստանի իշխանությունը չի կարող նշաձողի իջեցման հետ կապված որևէ որոշում կայացնել»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, Հովիկ Աղազարյանը նկատեց՝ միջազգային հանրությունը նման պահանջ չի ներկայացրել, այլ առաջարկել է և նման առաջարկ է արել՝ հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի օրգանական կապը։
«Մանրամասներին չեմ տիրապետում, մենք միջազգային հանրությանը պատասխանե՞լ ենք՝ դե՞մ ենք, թե՞ կողմ, բայց եթե ես իրավասու լինեի նման հարցադրումներ անելու, ապա միջազգային հանրությանը կասեմ՝ ենթադրենք՝ իջեցրեցինք, ասեք, թե ինչ ենք ստանալու։ Իսկի մենք չգիտենք, թե կարգավիճակի իջեցման հարց ի՞նչ է նշանակում։ Արցախի անկախության ճանաչման հարցը շատ նուրբ հարց է, դրան նուրբ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը, որ ճանաչել Արցախի անկախությունը՝ կնշանակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին և փակել բոլոր բանակցային դռները։ Արցախի անկախության ճանաչման հարցում ես Սերժ Սարգսյանի տեսակետին եմ»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։