19-րդ դարի Մոխրաթաղը, ձիաբուծարանն ու հույների արծաթի հանքն Արցախում. Րաֆֆու բացառիկ հուշերը

1881 թվականի հուլիսի վերջերին հայ մեծանուն վիպասան Րաֆֆին ուղևորություն է սկսում դեպի Սյունիք և Արցախ։ Րաֆֆու ճանապարհորդությունը տևում է մոտ 2 ամիս։ Րաֆֆին ինքը վկայում է, որ ճանապարհորդության նպատակն էր պատմական, փաստական ու տեղագրական նյութերի սակավությունը, որն առաջացել էր «Դավիթ Բեկ» վեպը գրելիս։ Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Րաֆֆու երկար ու հարուստ ճանապարհորդությունից մեզ հասել են շատ քիչ տեղեկություններ, և ամենայն հավանականությամբ հեղինակն ուղղակի շարադրել է իր տեսածի մի մասը։ Հեղինակի այս ճանապարհորդությունը ևս աչքի է ընկնում պատմական բացառիկ տեղեկություններով։ Րաֆֆու աչքով մենք տեսնում ենք 19-րդ դարավերջի Արցախն ու Արցախի գյուղական վարքն ու բարքը։ Ճանապարհորդական գրության վերջին` Է գլխում մենք հանդիպում ենք բացառիկ տեղեկություններ Արցախի Մեծ Շեն, Հին և Նոր Մոխրաթաղ գյուղերի մասին։

«Մեծ-շենից ես ճանապարհ ընկա դեպի Հին-Մոխրաթաղ. այդ գյուղի ավերակները և գերեզմանատունը այժմ ծածկված են թփերի ու անտառի տակ, իսկ նրանց ոչ այնքան հեռու շինված նույն անունով Նոր Մոխրաթաղ գյուղը, որ թուրքերը կոչում են Քեչիկ-ղարաբեկ։ Այստեղ ինձ հետաքրքիր էր տեսնել Մելիք Ադամի ապարանքը, որի մեջ բնակվում էր Չարաբերդի հզոր իշխանը և որը նա շինել տված է։ Այդ ապարանքը գտնվում է Ինն մասանց անապատի մոտ, մի փոքրիկ դաշտավայրի վրա, ուր դեռ մնում են հին այգու ծառերից շատերը, որ զարդարում էին նրա շրջակայքում։ Ապարանքի շրջապարիսպը, սենյակներից և դահլիճներից շատերը դեռ ողջ են. Այստեղ ու այնտեղ երևում են խորտակված սյուների և հոյակապ կամարների փշրանքները։ Դահլիճներից երկուսի ճակատին կարդացվում է արձանագրություն, որից երևում է այդ պալատի Մելիք Ադամից շինված լինելը։ Այստեղ էր բնակվում այն մարդը, որ սարսափեցնում էր լեզգիներին ու թուրքերին, իսկ այժմ դատարկ է նա, երբեմն խաշնարած թարաքամանները լցնում են այնտեղ իրենց անասուններին»։ (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 9-րդ, էջ 281-282):

Խոսելով Մելիք Ադամի ապարանքի մասին՝ Րաֆֆին ընդգծում է, որ ապարանքի մոտ էր գտնվում Ինն մասանց անապատը, որն արդեն ավերակ էր դարձել։ Սակայն այնտեղ է եղել մի վարդապետ, ով այլ գյուղերից իրեր հավաքելով՝ փորձում է անապատում վերակենդանացնել հոգևոր կյանքը։ Ճանապարհորդն այնուհետև շարժվում է Մարտակերտ և այնտեղ հանդիպում 90-ամյա մի ծերունու հետ, ում անունն էր Միրզա Ասրի։ Րաֆֆին ցավալիորեն է նշում, որ ծերունու ուղեղն այլևս այնպես չէր աշխատում, ինչ նախկինում։ Նա սովորել էր Շուշի քաղաքում, գերմանացի միսիոներների մոտ, ինչպես նաև տիրապետում էր ռուսերենի, պարսկերենի և գրել էր աշխատություններ, սակայն դրանք պատառոտվել էին և ոչինչ չէր պահպանվել։ Րաֆֆին իր ճանապարհը շարունակում է և հասնում Գյուղ–յաթաղ, որից որոշ հեռավորության վրա էլ գտնվում է Ջան-յաթաղ հայաբնակ գյուղը։ Հենց այդ գյուղում է գտնվում մի մեծ ձիաբուծարան, որը հիմնադրվել է 1871 թվականին և տարեկան մոտ 50 հազար ռուբլի գումարի ձի է վաճառում։ Ձիաբուծարանի մասին ճանապարհորդը ևս հետաքրքիր մանրամասներ է պատմում.

«Ղարաբաղը հայտնի է Հայաստանի մեջ որպես արդյունաբերող ընտիր նժույգների։ Հիշյալ զավոդի նպատակն է պահպանել տեղային նժույգների ցեղը, հետզհետե ազնվացնել և թույլ չտալ, որ այլասերվին։ Այդ կետից նայելով, զավոդը մասնավոր շահատակության հիմնարկություն չէ, այլ նա պիտի նպաստե ամբողջ գավառի ձիաների ցեղի բարելավությանը։ Դրա համար էլ սահմանված է, որ գյուղացիները իրավունք ունենան իրանց մատակները մի մասնավոր վճարով (50 կոպեկից մինչև 1 ռուբլի) զավոդի նժույգներից քաշել տալ, իրավունք ունենան իրանց մատակները հղանալու համար առժամանակ թողնել զավոդի նժույգների մեջ, վճարելով 3-ից մինչև 5 ռուբլի և վերջապես իրավունք ունենան մատակները պահել տալ զավոդի մեջ, ծնունդների կեսը իրանք վեր առնելով, իսկ կեսը զավոդի օգտին թողնելով։ Բացի դրանցից, զավոդը պարտավոր է յուրաքանչյուր տարի նժույգների ընտիր տեսակներից երկու-երկու հատ ուղարկել գավառի զանազան կազմերում, ու եզդի նաչալնիկների միջոցով նախապես իմացում տալով գյուղացիներին, որ իրանց մատակները բերեն այնտեղ և քաշել տան»։ (Նույն տեղում` էջ 284):

Րաֆֆին պատմում է նաև Մեհմանայի հանքերի մասին, որտեղ կա պղնձի, արճիճի և արծաթի հանք։ Հետաքրքրական է, որ հանքերը շահագործում էր հույների մի ընտանիք, ովքեր ապրում էին անտառում` փայտաշեն մի տանը։ Հանքերը գտել էին նրանք, մի մասը վաճառել շուշեցի մի հարուստ վաճառականի։

Րաֆֆին իր հերթական ճանապարհորդությամբ ներկայացնում է հայկական Արցախ աշխարհի կյանքը, վարքն ու բարաքը։ Նա մանրամասն ներկայացնում է 19-րդ դարավերջի Արցախն ու մարդկանց։ Սրանք պատմական փաստեր են, հայ մեծ վիպասանի աչքով տեսած իրողությունները, որի մասին ցավալիորեն շատերը չգիտեն։ Նաև այս պատճառով այժմ ոմանց համար Արցախի հայկականության հարցն անգամ քննարկման առարկա է։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս