Մեր գլոբալ պահանջը Քաղաքաշինություն ՓԲԸ-ի փակումն է, որովհետև քաղաքացիներին ուղղորդում են՝ գնացեք այնտեղ ծառայություն պատվիրեք. Արայիկ Հակոբյան
Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն ՀԿ-ն օրերս նամակով դիմել է ՀՀ Կառավարությանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Կադաստրի կոմիտե: ՀԿ-ի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը պարբերաբար խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ազատ տնտեսական մրցակցության պահանջները՝ գեոդեզիական և հողաշինարարական ծառայությունների մատուցման բնագավառում, քաղաքացիների համար ստեղծվում են անհարկի խոչընդոտներ՝ խաթարելով նրանց իրավունքների իրացման ազատությունը հողօգտագործման բնագավառում:
Կառույցներին ուղղված նամակում նշված է, որ քաղաքացիներից պահանջում են փաստաթղթեր, որոնց բովանդակությանն անտեղյակ են նույնիսկ այդ փաստաթղթերը պահանջող համայնքային ծառայողները (պաշտոնատար անձինք)։ Մասնավորապես, ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացիներից պահանջում են հողամասի և շենք-շինության հատակագծեր, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման թղթային տեղեկանք (մինչդեռ 2021 թվականի ապրիլի 23-ից դրանք էլեկտրոնային են, և ողջ փաթեթը հնարավոր է դիտել e-cadastre.am կայքում համապատասխան ծածկագրով), քաղաքացիներից պահանջում են տեղագրական հանույթ (տեղագրական հատակագծեր) 1։500 և 1։2000 մասշտաբի, կներեք, չհասկանալով, թե ինչ է նշանակում տեղագրական հատակագիծ։ Նշում ենք, որ չեն հասկանում, թե ինչ է նշանակում տեղագրական հատակագիծ, քանի որ քաղաքացիները ներկայացնում են իրավիճակային (իրադրության) հատակագծեր, որին չի հաջորդում պատասխանն առ այն, որ դա տեղագրական հատակագիծ չէ։ Քաղաքացու կողմից սեփական հողամասում հողօգտագործման իրավունքի իրացման ժամանակ պահանջում են նաև հարևան սեփականատերերի ստորագրությունները (համաձայնությունները)։ Ավելին, ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացում, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման, ո՛չ տեղագրական հատակագիծ, ո՛չ հարևան սեփականատերերի ստորագրությունները (համաձայնությունները) չեն պահանջվում։ Խախտելով ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշմամբ սահմանված կարգի 10-րդ կետը, քաղաքացիներից պահանջում են նաև ինքնակամ կառույցի հաշվառման վերաբերյալ փաթեթներ։
ԸՍՏ ՀԿ-ի նամակի, Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ազատ տնտեսական մրցակցության պահանջները գեոդեզիական և հողաշինարարական ծառայությունների մատուցման բնագավառում, ոչ կոմպետենտ համայնքային ծառայողների (պաշտոնատար անձանց) կողմից քաղաքացիների համար ստեղծվում են անհարկի խոչընդոտներ՝ խաթարելով քաղաքացիների իրավունքների իրացման ազատությունը հողօգտագործման բնագավառում։
«Խնդիրն այն է, որ համայնքային գույքը Երևանում որ գնում է գրանցման, կամ քաղաքացին ուզում է ինքնակամ կառույցն օրինականացնել, երբ գլխավոր հատակագիծ է թողարկվում, սահմանված պահանջն այն է, որ Կադաստրի կոմիտեի հրամանով հաստատված կարգով պետք է լինի որակավորված մասնագետի տված հատակագիծը, որը համայնքի ղեկավարը պետք է հաստատի և գնա գրանցման: Երևանի պարագայում երևի տասնյակ տարի է՝ Քաղաքաշինություն ՓԲԸ-ն (Երևանի քաղաքապետարան) է իրականացնում, ու մի հատ էլ մասնավորից են հատակագիծ ուզում: Միայն գեոդեզիայի համար 30.000 դրամ է պահանջվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն ՀԿ նախագահ Արայիկ Հակոբյանը, ապա տեղեկացրեց նաև, թե ինչ ընթացք է տրվել որոշ գերատեսչություններում իրենց ուղարկած նամակին:
«Տեղեկություն ունեմ, որ Կառավարությունում գերատեսչություններին հանձնարարվել է ուսումնասիրել, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից և ՄԻՊ-ից ստացել եմ որոշում՝ վարույթ հարուցելու, գործն ուսումնասիրելու վերաբերյալ: Մեր հիմնական պահանջն այն է, որ օրենքն ընդամենը աշխատի: Աշտարակում, Մեղրիում կամ Տավուշում, երբ որակավորված մասնագետը տալիս է հատակագիծ, համայնքի ղեկավարը կնքում, ստորագրում է, իսկ Երևանի պարագայում ասում են՝ չէ, պետք է գաք մեզ մոտ վճարեք, մեր մոտի ծառայությունից օգտվեք: Մեր գլոբալ պահանջը Քաղաքաշինություն ՓԲԸ-ի փակումն է, որովհետև քաղաքացիներին ուղղորդում են, թե՝ գնացեք այնտեղ ու ծառայություն պատվիրեք: Երևանի պարագայում քանի որ ինքնակամի օրինականացումը սովորաբար ոչ թե 30.000 դրամ է, այլ մի քանի միլիոն դրամ, քաղաքացին ասում է՝ լավ, դա էլ կտամ, որ խնդիր չունենամ, սակայն դա մրցակցության տեսակետից ճիշտ չէ»,- նշեց Արայիկ Հակոբյանը:
Հարցին, եղե՞լ են դեպքեր, երբ քաղաքացին գումարը վճարել է ինքնակամ որևէ կառույց օրինականացնելու համար, սակայն դա չի արվել, Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն ՀԿ նախագահը պատասխանեց.«Նման վիճակագրության չեմ տիրապետում, բայց սովորաբար գեոդեզիան, այսպես ասած, ախտորոշման գործողություններից մեկն է: Առաջինը օբյեկտի ճիշտ տեղադիրքը որոշելն է, այսինքն, ըստ դրա՝ նոր կորոշվի՝ ենթակա՞ է օրինականացման, թե՞ ոչ: Բայց արված գեոդեզիաներից թե քանի տոկոսն է, որ օրինականացվել, ընթացք է ստացել, իսկ քանի տոկոսը՝ ոչ, դա չկա: Ես հարցում ուղարկեցի Երևանի քաղաքապետարան, թե քանի՞ հատակագիծ է եղել, որ սահման է ճշտվել, գլխավոր հատակագիծ է թողարկվել, որ մասնավորն է տվել: Համոզված եմ, որ զրոն է մասնավորը տվել: Հարցմանն իրենք չեն պատասխանել: Մենք Քաղաքաշինություն ՓԲԸ-ի փակման պահանջը դրել ենք, որովհետև իրենց թողարկած գլխավոր հատակագծերը չեն համապատասխանում Կադաստրի կոմիտեի նախագահի 2021թ. 75-Ն հրամանի պահանջներին»:
Երևանի քաղաքապետարանից էլ խնդրի հետ կապված պարզաբանեցին, որ խոշոր նախագծերի դեպքում փորձում են դիմել Քաղաքաշինություն ՓԲԸ-ին, որովհետև ի տարբերություն Քաղաքաշինություն ՓԲԸ-ի, երբ մասնավոր գեոդեզիստներ են խառնվում այդ ամենին, խնդիրներ առաջանալու դեպքում որպես կանոն իրենք ասում են՝ մենք մեր մասն արել ենք ու գնում են:
Իսկ, երբ դա անում է Քաղաքաշինություն ՓԲԸ-ն, նման խնդիրներ չեն առաջանում, որովհետև ամեն էլեմենտի համար պատասխան են տալիս, իսկ մասնավոր գեոդեզիստները այդ պատասխանատվությունից որպես կանոն խուսափում են:
Եվ, քանի որ ծանր ոլորտ է, որպեսզի փաստաթղթաշրջանառությունը չձգձգվի, հավելյալ ժամկետներ, ռեսուրսներ չծախսվեն՝ խոշոր նախագծերն անում է Քաղաքաշինություն ՓԲԸ-ն՝ համագործակցելով «Երևաննախագիծ» ինստիտուտի հետ: