«Եթե օրվա իշխանությունը նաև սրան է դիմադրում՝ ես այլևս կարիք չեմ տեսնում մեր հասարակությանը բացատրել, որ այս իշխանությունը դավաճանական է». Հրանտ Խաչատրյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլից Հայաստանում ընթացող փողոցային պայքարն ընդհանուր օրակարգի մի հատվածն է, և վերջին տասնամյակում, գուցե դրանից էլ առաջ, փողոցային պայքարի արդյունավետությունը մի քիչ ուռճացված է։
«Փողոցային պայքարում մարդիկ հավաքվում են ընտանիքներից, կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և ավելի ակտիվ դուրս են գալիս փողոց նրանց կարծիքը ներկայացնելու համար։
Մեզ մոտ հիմա ունենք ավելի լուրջ խնդիր՝ մեր հասարակության տրամաբանության ճեղքվածության խնդիրը, որն այժմ արտահայտվում է, այսինքն՝ խնդիր ունենք ազգային լիարժեք օրակարգի ձևակերպման, որն ավելի համահունչ է ներկայիս ընդդիմադիր շարժման դրույթներին, քան իշխանական թևի դրույթներին։ Թեկուզ, ասենք, այն պատճառով, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, այս դրույթը վաղուց հիմք է եղել մեր հասարակության մեջ էլ, իշխանությունում էլ, և վեճերը եղել են հիմնականում դետալների շուրջ։ Սա անձամբ ինձ համար ցավալի է եղել, որ նշաձողը սա է եղել, այն դեպքում, երբ Հայաստանն անկախացրեցինք, ես արդեն որպես մասնակից եմ ասում՝ Անկախության հռչակագրի քննարկման ու քվեարկության մասնակից, հետագայում տապալված սահմանադրական քննարկումների, նկատի ունեմ 1990-1991 թվականներին, երբ մենք արդեն պետք է սահմանադրություն ընդունեինք, սակայն այն ժամանակվա մեծամասնությունը տապալեց։ Իսկ 1995 թվականին Սահմանադրության մեջ հիշատակվեց անկախության հռչակագիրը, բայց Սահմանադրության նախաբանի մեջ Արցախի մասնակցությունը Հայաստանի կյանքին՝ չարձանագրվեց։ Բայց որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, սա մի քանի դրույթներով սահմանված է՝ սահմանադրությամբ, հռչակագրերով։ Եթե օրվա իշխանությունը նաև սրան է դիմադրում, ապա ես այլևս կարիք չեմ տեսնում մեր հասարակությանը բացատրել, որ այս իշխանությունը դավաճանական է, հանցագործ է և այլն, առավել ևս համեմատել այն ուժերի հետ, որոնք այսօր իշխանություն չունեն, սակայն հարցը բարձրացնում են այնպես, ինչպես հաստատված է ՀՀ օրենսդրությունում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Խաչատրյանը։
Ըստ նրա, այս ամենի ֆոնին նախկիններ-ներկաներ հակադրությունն ու համեմատությունը հասարակությանը տրոհել է երկու մասի, մի մասը կողմ է նախկինների վերադարձին, մի մասը՝ դեմ։ Եվ այս ամբողջ հասարակական էներգիան ծախսվում է այդ հակամարտության մեջ, և մոռացության է մատնվում հիմնական օրակարգային խնդիրը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, և անվտանգության խնդիրների լուծումը, որն ունի նաև դիվանագիտական բաղադրիչ, որն էլ այսօր ճիշտ հակահայկական ուղղությամբ է աշխատում։
«Նկատի չունեմ Եվրոպայի ուշացած մասնակցությունն այս խնդիրների լուծմանը վնաս է կամ վտանգավոր է, այլ, որ հայկական օրակարգը չի սպասարկում Հայաստանի միջազգային դիվանագիտական ծառայությունների շահերը։
Ինձ համար հասկանալի է, թե ինչու է հայ հասարակությունը մշուշված մտածողությամբ մոտենում այս հարցերին, հասկանալի է, բայց ընդունելի չէ, քանի որ կա առաջնահերթության խնդիր։ Ինձ հանդիպող մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող եմ այսօր հորդորել, որպեսզի մարդիկ մասնակցեն ընդդիմադիր շարժմանը, որի գլխին կանգնած են նախկինները։ Բացատրում ես, բայց միևնույն է՝ իրենք սևեռված են այն գաղափարի վրա, թե՝ բա նախկիններն ի՞նչ էին անում։ Մարդիկ հիշում են, որ նախկիններից դժգոհ են, մարդիկ իներցիայով հավատում են, որ Փաշինյանը եկել և ուզում է այդ հարցերը լուծել, բայց իրեն խանգարում են։ Ասում են՝ ավելի լավ է սա մնա, քան նրանք հետ գան, ու մնացած կարևոր խնդիրները մնում են ստվերում»,- շեշտեց Հրանտ Խաչատրյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ մարդիկ մտքի նախապատվությունը հաշվի առնելու փոխարեն՝ կենտրոնանում են անձերի վրա, և ամբողջ քարոզչությունն ուղղված է կենտրոնական անձերի վրա, մարդիկ էլ դրա վրա են սևեռվում, իսկ անձերը սուրբ չեն ու սուրբ էլ չեն լինելու։
«Իսկ հարաբերական առումով ժողովուրդը պետք է կարողանա սանձը ձեռքին պահի ցանկացած կուսակցության, որը կգա իշխանության։
Այս օրերին հանրահավաքի չեմ մասնակցել, բայց ելույթներ, հայտարարություններ ունեցել եմ, իմ վերաբերմունքը հստակ է, իսկ տարիքս թույլ է տալիս բավարարվել հանրահավաքներին ու երթերին իմ նախկին մասնակցությամբ, որը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելին է, քան այդ դեղնակտուցների մասնակցությունը»,- եզրափակեց Հրանտ Խաչատրյանը։