«Трудности перевода», կամ ինչո՞ւ է ԵՄ դեսպան Վիկտորինը ՀՀ Սահմանադրական դատարանը համարում իրենցը

Երեկ 168.am տեղեկացրել էր, որ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո, որին հրավիրված չէր ոչ մի ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր, իսկ միջոցառումը լուսաբանում էին ընտրյալ լրատվամիջոցներ, ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ:

Այսօր կրկին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց երկօրյա խորհրդաժողով՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում են Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Գրել էինք, որ բարձր մակարդակի խորհրդաժողով կոչվող միջոցառման մասնակիցների ցանկը բավականին ներկայացուցչական է, ելույթներով են հանդես գալու ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյա Ֆրեդերիկ Դոլտը, Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեն, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար (առցանց) Հաննե Յունկերը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի պաշտոնաթող նախագահ Գերհարդ Ռայսները, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախագահ Անկե Այլերսը:

Հայկական կողմից խոսք ունեն ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և այլք, իսկ հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպանները, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը, Էդմոն Մարուքյանը, Վահագն Հովակիմյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և շատ այլ իշխանությանը մոտ կանգնած գործիչներ:

Նկատենք, որ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» միջոցառմանը չի մասնակցում, օրինակ, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

Արդեն երեկ պարզ դարձավ, որ միջոցառումն ունենալու է միայն արարողակարգային լուսաբանում, այսինքն՝ ԶԼՄ-ների հավատարմագրում և լուսաբանում չէր նախատեսվում, բայց, այնուամենայնիվ, այն կլուսաբանեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոն և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Ինչևէ, միջոցառումը կայացավ, այն ընթացքի մեջ է, և ոչինչ, բացի «Մարիոթ Արմենիայի» դիմաց ընդդիմադիրների առավոտյան կարճատև ակցիայից, չի վրդովում եվրոպացի և տեղական ժողովրդավարների անդորրը: Դե, իսկ դատական իշխանության բարեփոխումներն էլ վստահաբար «հուսալի» ձեռքերում են, եթե հաշվի առնենք միջոցառման հրավիրյալների կազմը:

Ինչպես և նախատեսված էր, խորհրդաժողովի ժամանակ ՀՀ-ում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկավ ելույթով, որում, բնականաբար, նշեց, որ Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում:

Հրավիրյալ «Արմենպրեսն» է փոխանցում դեսպանի խոսքերը հայերենով և անգլերեն լեզվով: Տեսանյութ հրապարակված չէ, և դեսպան Վիկտորինի խոսքերի աղբյուրը մեզ համար այս պահին լոկ «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:

Իր բավականաչափ կանխատեսելի խոսքում Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանին (ՍԴ): ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան, և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասել է Վիկտորինը:

Եվ թեպետ ԵՄ դեսպանը կարևորել է, որ Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից, և որ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն, ըստ ամենայնի նրան չի հուզել այն հանգամանքը, որ ոստիկանների կողմից առերևույթ քրեական հանցանքի տարրեր պարունակող հարյուրավոր տեսանյութեր կան, որոնք վկայում են, որ անհամաչափ ուժ է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նրանց ծեծել են ու խոշտանգել, բայց առ այսօր որևէ ոստիկանի նկատմամբ քրեական գործ չկա հարուցված, ու որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

«Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակել է Վիկտորինը:

Թե ինչո՞ւ է Անդրեա Վիկտորինը համարում, որ ՀՀ ՍԴ-ն իրենցն է, դժվար է հասկանալ. Միգուցե մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորված հանգամանքներն այնքան են գերակայող, որ ակամայից դուրս են պրծնում: Հայտնի ռուսական ասացված կա՝ «Что на уме, то и на языке»:

Կրկնում ենք, մենք հնարավորություն չունենք օրիգինալից լսել դեսպան Վիկտորինի ելույթը, միակ հնարավորությունը «Արմենպրեսի» հայերեն թարգմանության բնօրինակ անգլերենի հետ համեմատությունն էր, ինչը և արեցինք:

Դեսպան Վիկտորինին, եթե վերջինս իսկապես ասել է՝ «Մեր Սահմանադրական դատարան», կարելի է հասկանալ: Նայելով ՍԴ ներկայիս կազմին ու հիշելով, թե այն ինչի արդյունքում է ձևավորվել, դժվար է չասել՝ «Մեր ՍԴ»:

Տեսանյութեր

Լրահոս