«Խոշորացման այս գործընթացը բացառապես կրում է քաղաքական բնույթ, միակ նպատակը իշխանությունների հաստատումն է ՏԻՄ-երի մակարդակով». Աշոտ Սիմոնյան

Մայիսի 26-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց «Վարչատարածքների  բաժանման», ՏԻՄ-երի  և «Հանրային ծառայության» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ըստ Գնել Սանոսյանի՝ կառավարությունը պետք է այդ փաթեթը համարի անհետաձգելի և ուղարկի ԱԺ, քանի որ համայնքները պետք է խոշորացվեն։

Այս ժամանակ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 13 խոշորացված համայնքներ կրկին կխոշորացվեն և կդառնան 5 համայնք։

168.amի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն անդրադառնալով  արդեն խոշորացված համայնքները կրկին խոշորացնելու նախագծին, ասաց՝ գործընթացը, որը սկսվել է դեռևս նախորդ տարի, որի վերաբերյալ մեկ ձևական հանրային լսում անցկացվեց խորհրդարանում, այդ ժամանակ հստակ իր տեսակետն արտահայտել է, և ժամանակը ցույց է տվել, որ ճիշտ էր։

«Խոշորացման այս գործընթացը բացառապես կրում է քաղաքական բնույթ, որի միակ նպատակն իշխանությունների հաստատումն է տեղական ինքնակառավարման մակարդակով։ Այստեղ որևէ այլ շահ գոյություն չունի, իշխող քաղաքական ուժի կողմից ՏԻՄ-ի զավթումն է։ Արդյո՞ք հաշվի են առնում այդ համայնքների շահերը, ի վերջո, մենք անցել ենք խոշորացման գործընթաց՝ նույն Թալին համայնքի հետ կապված, կա՞ արդյոք որևէ գնահատական, թե ի՞նչն էր պատճառը, որ խոշորացման մեխանիզմում իր գործունեությունը ծավալող համայնքի ո՞ր խնդիրը չբավարարելու կամ ո՞ր խնդիրը չլուծելով է պայմանավորված, որ այժմ մենք նորից վերախոշորացնում ենք, այսինքն, ավելին, գերխոշորացնում ենք։ Ի՞նչն է պատճառը, որ մենք նորից խոշորացնում ենք արդեն խոշորացված համայնքը, ո՞րն է դրանից հանրային շահը, այդ համայնքի բնակիչն ի՞նչ լրացուցիչ դրական ազդակներ է ունենալու իր ամենօրյա կյանքի ընթացում։ Այս հարցերի պատասխանները չկան ու չեն էլ լինելու, որովհետև այս իշխանությանը սա չի հետաքրքրում։

Այս մարդիկ շատ հստակ հաշվարկներ են անում, եթե խոշորացվող համայնքի ղեկավարը կամ խոշորացվող համայնքում իրենք ունեն տոտալ ազդեցություն համայնքի ղեկավարի և ավագանու նկատմամբ, ուրեմն՝ իրենց համար ամեն ինչ լավ է։ Եթե, օրինակ, Անդրանիկ Պապիկյանի հետ իրենք ունեն խնդիր և Անդրանիկ Պապիկյանին դուրս թողնելով՝ խոսում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին, ասում են՝ եկեք այս ամենը ներառենք մեկ փնջի մեջ, և դրանով բոլոր խնդիրները կլուծեն անցանկալի համայնքապետի ու ավագանու հարցերը»,- նշեց Աշոտ Սիմոնյանը։

Այս համատեքստում, ըստ պատգամավորի՝ իշխանական պատգամավորները խորհրդարանում, Սիմոնյանի բնորոշմամբ, «կրկեսային» լսումներ կկազմակերպեն, կփորձեն իրենք իրենց համոզել, թե՝ տեսեք, ինչ լավ բան ենք անում։ Նաև կփորձեն ապահովել 1-2 տասնյակ դերակատարներ, որոնք կգնան խորհրդարան ու կծափահարեն իշխանության իրականացրած գործընթացին և դրանով առաջ կգնան։

«Սա իշխանությանը բնորոշ գործելաոճ է։ Եթե իրենք տվյալ համայնքներում ունեն իրենց թեկնածուն, ուրեմն՝ այդ համայնքներում ամեն ինչ լավ է։ Մենք ունենք մի շարք խոշորացվող համայնքներ, որտեղ, եթե թեկնածուն իրենց քաղաքական հայացքների կրողն է կամ դրանց դեմ գոնե չարտահայտվողն է, այդ համայնքներն իրենց համար ընդունելի են»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Թե ի՞նչ են շահել համայնքները խոշորացումից կամ ի՞նչ են շահելու կրկնակի խոշորացումից, նման հաշվետվություն կամ բացատրություն իշխանության կողմից Աշոտ Սիմոնյանին հայտնի չէ։ Սակայն հայտնի է այլ փաստ, որ խոշորացվող համայնքների գերակշիռ մասում այն հիմնավորումը, որ դնում էին դրա հիմքում, ասելով, թե կունենա ավելի շատ ազատ միջոցներ, և դա կուղղեն համայնքի զարգացմանը՝ կեղծ են։

«Եթե վերցնենք ու ուսումնասիրենք չխոշորացված համայնքների և արդեն խոշորացվող համայնքների միայն աշխատակազմին տրամադրվող բյուջեն, ապա կտեսնեք, որ այնտեղ էական տարբերություններ չկան։ Առանձին դեպքերում, խոշորացված համայնքի վարչական ծախսերը և աշխատակազմի բյուջեն շատ ավելի մեծ է, քան առանձին փոքր համայնքների բյուջեն։ Դրանք կեղծ լոզունգներ են, որոնք իշխանությունը փորձում է հիմնավորել։

Երկու ամիս առաջ քննարկվում էր, որ Վանաձորում համայնքի ղեկավարի ու ավագանու հետ կապված ճգնաժամ է առաջացել, ուստի օրենքը, ըստ իրենց,  պետք է փոխեին և այդպես էլ արեցին՝ օրենքը փոխեցին։ Նրանք ազատվեցին Մամիկոն Ասլանյանից և նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, իրենց համար ցանկալի անձի։ Այդ անձի շուրջ էլ վաղը կառուցելու են ընտրությունների գնալու իրենց ավագանու ցանկը և դրանով կզավթեն Վանաձորը։ Սա է իրենց ոճը, այսինքն՝ որտեղ հնարավորություն չունեն կալանավորելով, բիրտ ուժ գործադրելով հարցը լուծել, իրենք ունեն «աշխատող գործիք», կգրեն ցանկալի օրենք, մեծամասնությամբ կընդունեն, ծափ կտան ու կասեն, թե՝ համայնքի համար լավ բան ենք անում»,- եզրափակեց Աշոտ Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս