Բաժիններ՝

Կենդանաբանական այգու տոմսերի գինը ոչ թե թանկացել է, այլ իրականացվել է գների համահարթեցում. խոսնակ

Երևանի կենդանաբանական այգին մայիսի 31-ին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելու, որ հունիսի 1-ից Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսի արժեքը 3-69 տարեկանների համար կլինի 1000 դրամ: Փոփոխությունների արդյունքում այցելուների որոշ խմբերի համար այգու մուտքն անվճար է, ինչպես նաև գործում են զեղչային տարբեր փաթեթներ:

Անվճար է մինչև 3 տարեկան, ինչպես նաև 70 և բարձր տարիքի անձանց համար, ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքների համար, հաշմանդամության կարգ ունեցող անձանց համար, մանկատանը կամ ծերանոցում հաշվառված անձանց համար, սահմանամերձ գյուղերի բնակիչների, սոցիալապես անապահով ընտանիքների համար: Անվճար այցելելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ, որը կհաստատի վերը նշված խմբերից որևէ մեկին պատկանելու հանգամանքը:

Զեղչ է սահմանվում 11 և ավելի անձերի դեպքում տոմսերի ընդհանուր արժեքից 5 տոկոսի չափով, դպրոցի, մանկապարտեզի, զարգացման կենտրոնի սաների համար յուրաքանչյուր տոմսի արժեքը կդառնա 300 դրամ: Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է տվյալ հաստատության տնօրենի կողմից ներկայացնել գրություն՝ նշելով հաստատության անվանումը, սաների թիվը և անուն-ազգանունը:

Իսկ այն, թե ինչո՞վ է պայմանավորված տոմսերի գնի բարձրացումը, Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց.

«Այգու մուտքի տոմսերի արժեքները ոչ թե թանկացել են, այլ իրականացվել է գների համահարթեցում, այսինքն՝ տոմսի գնի համար առաջարկվող 1000 դրամը միջինացված գին է: Նշեմ նաև, որ փոփոխությունների արդյունքում այցելուների որոշ խմբերի համար այգու մուտքն անվճար է։ Նաև գործում են զեղչային տարբեր փաթեթներ: «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը եկամուտ չհետապնդող հիմնարկ է և տոմսերից գոյացած միջոցներն այգու պահպանման և սպասարկման համար նախատեսված ծախսերի որոշակի մաս է կազմում»:

Հարցին, թե սահմանված գինը շաբաթվա բոլոր օրերի՞ն է վերաբերում, Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը պատասխանեց.

«Նշված գինը շաբաթվա բոլոր օրերի համար է»:

Նշենք, որ 16-69 տարեկանների համար մինչև հունիսի 1-ը տոմսի արժեքը աշխատանքային օրերին 800 դրամ էր, շաբաթ-կիրակի օրերին՝ 1200 դրամ, 3-15 տարեկանների համար աշխատանքային օրերին՝ 500 դրամ, շաբաթ-կիրակի օրերին՝ 600 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս