Քաղաքական որոշում կայացնողների խոսույթն է արցախցիների իրավունքից բխեցնել կարգավիճակը,  հարցերը պետք է իրենց ուղղել.  ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ Արցախի կարգավիճակի կամ դրան հասնելու արտաքին քաղաքականության տակտիկաները կամ մարտավարությունները քաղաքական որոշում կայացնող անձանց որոշումներն են։

«Սա նրանց խոսույթն է, այս հարցերը պետք է իրենց ուղղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, որ երբ իշխանությունը հայտարարում է, որ Արցախում ապրող մարդկանց իրավունքից պետք է բխեցնել  Արցախի կարգավիճակը, ուստի, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, չի՞ հայաթափվի։

Ըստ նրա, որպես մարդու իրավունքների պաշտպան, իր համար ամենակարևոր սկզբունքը, որի մասին բազմիցս խոսել է՝ Արցախում բնակվող արցախահայության բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է։

«Անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքների, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի բոլոր իրավունքները, ինչպես նաև քաղաքական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի ապահովման համար լուծումն է։ Սա է որպես պաշտպանի մանդատ՝ իմ ամենակարևոր մոտեցումը, որի մասին էլի խոսել եմ»,- հավելեց Քրիստիննե Գրիգորյանը։

Այս պահին Արցախում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են՝ հարցին էլ ՄԻՊ-ը պատասխանեց, որ այս պահին, բնականաբար, որևէ կերպ չեն կարող խոսել մարդու իրավունքների պաշտպանված լինելու կամ պաշտպանության բավարար վիճակի մասին։

«Առաջին հերթին, այնտեղ մարդկանց, ում հանդիպել եմ, ակնհայտ է, որ առաջին հերթին անվտանգային հարցերն են, մարդիկ չունեն անվտանգության զգացողություն։ Նրանք շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով՝ հոգեբանական, ուժի ճնշման կամ դրա սպառնալիքի ներքո ստիպված են եղել շատ դեպքերում լքել իրենց հայրենի տունը, չեն կարողանում օգտվել իրենց սեփականության իրավունքից և մեծ հաշվով չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը»,- եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս