Ծխախոտից պետք է հրաժարվել միանգամից, քիչ-քիչ դադարեցնել չի լինում. մասնագետ
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:
ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով:
Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։
Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց՝ 51.5%-ը, կանանց` 1.8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը:
Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 քաղաքացի:
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի փոխանցմամբ՝ ծխախոտամոլությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում շատ լուրջ խնդիր է:
«Բոլորս նկատում ենք, որ ծխողների թիվը գնալով շատանում է: Ունենք էկոլոգիական խնդիրներ ու ավելացնելով նմանատիպ ռիսկի գործոն՝ մենք էլ ավելի ենք բարձրացնում հիվանդությունների առաջացումը, և ընթացքն ավելի է բարդանում ծխողների մոտ: Ծխախոտի ծուխը ևս ունի շատ մեծ բացասական ազդեցություն: Պետք է կուլտուրա ձևավորեն ծխողները, որպեսզի շրջապատի անձանց այդ ռիսկի գործոնի մեջ չներառեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Պողոսյանը:
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանն էլ հավելեց՝ ծխախոտը ոչ թե բարձր ռիսկ, այլ թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է:
«Ծխախոտի մեջ պարունակվում է նիկոտին, որը համարվում է առաջին թշնամին, սակայն ծխախոտի մեջ առկա է նաև, այսպես կոչված, խեժը: Նիկոտինը մեզ վնասում է այնքանով, որ առաջացնում է կախվածություն, մարդը անընդհատ ծխելու կարիք է ունենում, իսկ քաղցկեղածին նյութերը պարունակվում են ծխախոտի խեժի մեջ: Դրանք ամենաառաջինը տարբեր արոմատիկ ածխաջրածիններն են, բենզոլը, մկնդեղը, պոլոնիումը, որոնք բավականին վտանգավոր են, կարող են առաջացնել թոքի քաղցկեղ: Ծխախոտը բարձր ռիսկի գործոն է քաղցկեղի այլ տարատեսակների առաջացման համար, օրինակ, միզապարկի քաղցկեղ»,- մանրամասնեց Կարինե Սողոմոնյանը:
168.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է թողնել ծխելը, որո՞նք են այդ քայլերը։ Շատերը խորհուրդ են տալիս ծխախոտը փոխարինել մաստակով, կոնֆետներով, ի՞նչ այլ մեթոդներ կան, Տիգրան Պողոսյանը պատասխանեց.
«Առաջին հերթին ծխելը պետք է թողնել կամքի ուժի միջոցով: Կամքի ուժ բոլորն էլ ունեն, պետք է ձևավորեն այն և թողնեն ծխելը, որովհետև ծխելու արդյունքում մեկի մոտ սիրտն են վիրահատում, մյուսի մոտ քաղցկեղ է առաջանում, մյուսի հարազատի մոտ են նման խնդիրներ առաջանում, և ամեն իրադրությունում մարդը պետք է մշակի կամքի ուժ ու թողնի ծխելը: Իսկ այն, ինչ նշեցիք, մաստակ, կոնֆետ, կարելի է կիրառել: Կարելի է փորձել ամեն ինչ, ինչը կբերի նրան, որ մարդը կթողնի ծխելը կամ խիստ կնվազեցնի ծխախոտի օգտագործումը: Նշեմ, որ կան ծխախոտի փոխարինիչներ, որոնք ևս բացասական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Ծխախոտից պետք է հրաժարվել միանգամից, քիչ-քիչ դադարեցնել չի լինում»:
Կարինե Սողոմոնյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, շեշտեց՝ ամեն ինչ պետք է սկսվի կամքի ուժից, փոխվի գիտակցական մակարդակը:
«Տարբեր տեսակի հաբեր կան, որոնք օգնում են դադարեցնել ծխելը: Կան պրեպարատներ, որոնք փոխարինում են նիկոտինին: Իհարկե, բժշկի ցուցումով և հսկողությամբ պետք է լինի: Դեղահաբը, այսպես ասած, խաբում է նիկոտինային ընկալիչներին, սակայն կախվածություն չի առաջացնում»,- հավելեց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտը:
Մեր հարցին՝ հունվարի 1-ից հակածխախոտային օրենքի պահանջով փակեցին Հայաստանի բոլոր վաճառակետերի ծխախոտի դարակները։ Այս քայլով արդյո՞ք նվազեց ծխախոտամոլների թիվը, կամ ծխողները սկսեցին, այսպես ասած՝ մոռանալ և չգնել, Տիգրան Պողոսյանը նկատեց. «Ցանկացած քայլ, որն ուղղված է ծխախոտի օգտագործման նվազեցման համար, կարծում եմ, որ ճիշտ և օգուտ տվող քայլ է: Մեկ հոգի էլ դադարեցնի, դա ևս համարվում է դրական դինամիկա:
Կարինե Սողոմոնյանի կարծիքով էլ՝ եթե սահմանափակող միջոցառումներ ձեռնարկվեն, այդ սովորութային վարքագիծը գոնե որոշակիորեն կսահմանափակվի:
Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Օրենքի համաձայն` արգելվում է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: