Առայսօր պաշտոնական գնահատական չի տրվել Շուշիի անկման փաստին, չկան պաշտոնապես մեղադրվող անձինք․ Միքայել Համբարձումյան

Մեր երկիրն այսօր պատմական իրադարձությունների կիզակետում է։ Ցավալի է, որ պատերազմից մեկուկես տարի անց հանրությունը չունի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, և ո՞վ է դրա պատասխանատուն։ Իրավապահ մարմինները քննություն են իրականացրել, պետք է պարզեին՝ ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Շուշիի պաշտպանությունը, ի՞նչ բացթողումներ են եղել այդ ընթացքում, որ ունեցանք նման հետևանք։ Շահարկվում էր, թե Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը կարող էին ապահովել Շուշիի պաշտպանությունը, կամ՝ իբր նրանք են պատասխանատու Շուշիի անկման համար, մինչդեռ դրանք անհիմն և անտրամաբանական խոսակցություններ են։ Նրանք ընդամենը կարող էին նպաստել Շուշիի պաշտպանության ճիշտ կազմակերպմանը, բայց Շուշիի անկման համար պետք է պատասխան տան բանակը ղեկավարած զինվորականները, որոնք պատասխանատու են եղել մարտական գործողությունների համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

«Առայսօր պաշտոնական գնահատական չի տրվել Շուշիի անկման փաստին, չկան պաշտոնապես մեղադրվող անձինք։ ՀՀ իրավապահ մարմինների անելիքը դեռ մի կողմ, ի վերջո՝ Շուշին Արցախի Հանրապետության տարածքում է, հետևաբար՝ Արցախի իրավապահ մարմինները պետք է քննեին և պարզեին՝ որտե՞ղ են եղել թերացումները, ո՞վ է պատասխանատու անձը։ Եթե Սեյրան Օհանյանն է մեղավոր, նա պետք է պատասխան տա, բայց չեմ տեսնում նրան պատասխանատվության կանչելու գործողություններ։ Դրա պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները։ Այս հարցում ամենակարևոր դերակատարում ունեցող պաշտոնյան ՊԲ հրամանատարն է՝ Միքայել Արզումանյանը, նա էր Շուշիի պաշտպանության ճիշտ կազմակերպման հիմնական պատասխանատուն»,- ասաց պահեստազորի գնդապետը։

«Թե ո՞ւմ է հանձնարարվել, ի՞նչ միջոցներ են տրամադրվել, ինչպե՞ս է կազմակերպվել Շուշիի պաշտպանությունը, պետք է պարզվի հստակ և մանրամասն քննության արդյունքում։ Արվե՞լ է դա, թե՞ ոչ, եթե չի արվել՝ ինչո՞ւ։ Քաղաքական իրավիճակից ելնելով՝ իշխանությունը սլաքներն ուղղում է որոշ անձանց դեմ։ Եթե իշխանությունը տորպեդահարում է ընդդիմությանը՝ նրանց մեղադրելով Շուշիի անկման համար, ուրեմն հակադարձ քայլեր էլ պետք է լինեն։ Ընդդիմությունը պետք է փաստարկված ներկայացնի, որ իրենք չէին կարող պատասխանատու լինել այդ հարցում։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո, Շուշիի անկումն ինչո՞վ է պայմանավորված, և ո՞վ է դրա պատասխանատուն»,- նշեց Համբարձումյանը։

Պաշտոնաթող սպայի կարծիքով՝ ցածր, միջին և բարձր զինվորական աստիճանակարգում գտնվող և ենթադրյալ դավաճանություն թույլ տված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Պետք է հասկանալ՝ արժե՞ լուսաբանել պետական դավաճանության դեպքերը, միգուցե հնարավոր էր պրոֆիլակտիկ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներով կանխել նման երևույթները։ Սա նոր երևույթ չէ, նման դեպքեր եղել են նաև նախկինում։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են ցածր օղակի սպաները խոցելի դառնում։ Օտարերկրյա հատուկ ծառայությունները պարբերաբար փորձում են հավաքագրել զինծառայության մեջ գտնվող անձանց, տարբեր պատրվակներով կոնտակտ են ստեղծում համացանցով։ Բնականաբար, զինվորական անձը չի էլ պատկերացնում՝ ում հետ գործ ունի, սկսվում են ընկերական հարաբերություններ, հավաքագրողները ներկայանում են՝ որպես Ռուսաստանից կամ Վրաստանից ազգությամբ հայեր, հաճախ՝ որպես կանայք։ Վստահելի հարաբերություններ ձևավորելուց հետո գումար են առաջարկում՝ որպես օգնություն, այն փոխանցելուց հետո էլ պնդում են, թե իբր տեղի հայկական համայնքն ուզում է օգնել որևէ զորամասի, հետաքրքրվում են զինվորականների թվաքանակով, ընդ որում՝ խոսակցությունը տարվում է կենցաղային մակարդակով։ Բոլոր զինվորականները չէ, որ պատրաստված, զարգացած, զգուշավոր անձինք են։ Երբ այդ շեմն էլ է հաղթահարված, ավելի լուրջ առաջադրանք է տրվում։ Իսկ երբ մարդը հասկանում է՝ ինչի հետ գործ ունի, սկսում են շանտաժի ենթարկել, ներկայացնում են բանկային քաղվածքը»:

«Խելացի զինվորականը կատարվածի մասին իրազեկում է իր ղեկավարին կամ ԱԱԾ-ին։ Մեր հակահետախուզությունը մշտապես պրոֆիլակտիկա է իրականացրել զորամասերում, զինվորականությանը բացատրել է ռիսկերն ու վտանգները։ Բանակը վնասներ է կրում, երբ զինվորականները, տեղեկացված չլինելով այդ ռիսկերի մասին, հավաքագրվում են։ Տասնյակ հայ զինվորականներ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ են կանգնում և ստիպված, տեղի տալով շանտաժին, սկսում են լուրջ տեղեկատվություն փոխանցել հակառակորդին։ Ոմանք ասում են՝ տրամադրվող տվյալներն անէական են, բայց երբ մարդը հավաքագրվում է, նույնիսկ փոքր կամ ոչ էական նշանակության տվյալներ է տալիս, դրանից հետո նրա առջև ավելի լուրջ խնդիրներ են դնում։ Նման դրսևորումներ եղան նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ ինֆորմացիան հետախուզական ԱԹՍ-ներով չեն ստանում, ի վերջո՝ կան քողարկման միջոցներ, այնպես որ՝ խոսքը ներսից տրվող տեղեկատվության մասին է։ Կարևոր է, որ դավաճանները բացահայտվում են, բայց դրա հետ մեկտեղ՝ զինվորականներին անընդհատ պետք է իրազեկել այդ ռիսկերի մասին»,- ամփոփեց Միքայել Համբարձումյանը:

Տեսանյութեր

Լրահոս