«Փաշինյանը որևէ կարմիր գիծ չունի և որևէ խնդիր չունի հավատարմության երդում տալ մրցակից բևեռներին, ստորագրել ամենատարբեր պայմանագրեր». Ալեն Ղևոնդյան
Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երրորդ եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը:
Հայտարարության մեջ չի հիշատակվում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ինքնորոշման իրավունքը փոխարինվել է «էթնիկ հայ բնակչության իրավունքներ ու անվտանգություն» տերմինով: Դրանք Շառլ Միշելը կոչ է արել հարգել երկու կողմերին էլ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին կապող ճանապարհի սկզբունքների մասին: Հայտարարության մեջ չի հիշատակվում Ռուսաստանը և նրա միջնորդությամբ արդեն իսկ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները: Չի հիշատակվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին:
Բրյուսելյան հանդիպման արդյունքների ու հետևանքների մասին 168.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
– Պարոն Ղևոնդյան, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո ի՞նչ ձեռքբերումներ կամ կորուստներ ենք արձանագրում Հայաստանի ու Արցախի համար:
– Ունենք մի իրավիճակ, որ այն, ինչ հայտարարվել էր Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցման մասին, հստակ արտացոլվեց բրյուսելյան հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ:
Խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգի քննարկման մասին է, և հայտարարության մեջ խոսք չկար անկախության, ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի հստակեցման մասին: Հայտարարության մեջ վտանգավոր այլ կետեր ևս կան:
Կոմունիկացիաների բացում հասկացության տակ մտցվեց Զանգեզուրի միջանցքի տրամադրման թեզը: Ներառվեցին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով հայերի տեղափոխման ձևի, կարգի, մաքսատուրքերի վերաբեյալ դրույթներ, որն այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածքում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների՝ Տիգրանաշենի և Տավուշի որոշ տարածքների մասին է:
Փաստացի կարող ենք արձանագրել, որ հայկական կողմը համաձայնել է և հանձնելու է դրանք, որոնք գտնվում են Հայաստանի ռազմավարական ուղիների վրա, իսկ Ադրբեջանն այնտեղ վստահաբար դնելու է անցակետեր և սահմանելու է մաքսատուրքեր: Ադրբեջանը հասել է նրան, որ Զանգեզուրի միջանցքի և Հայաստանի ներսում Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ժամանակ գանձվող մաքսատուրքերի և հավանաբար նաև կարգավիճակի մասով ունեն համահավասարեցված կարգավիճակ:
Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որին հայկական կողմը, ի դեմս գործող վարչապետի, դեմ չէ, դեռ ավելին, կարողանում է ակտիվացնել Ադրբեջանի շահերի սպասարկման տիրույթը: Փաստացի Բրյուսելում քննարկել և համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք» կոչված հակահայկական թեզի շուրջ: Հայաստանն այս համաձայնագրի արդյունքում հայտնվելու է պատանդ-պետության կարգավիճակում, Արցախը, առհասարակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է դառնալու, իսկ Արցախի հայ բնակչության մշակութային ինքնավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հետագայում հնարավոր ցեղասպանություն, էթնիկ բնաջնջում ապահովելու իրավական անհրաժեշտ թեզ:
Եթե պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, հաջորդ օրն իսկ կունենանք Արցախի հայաթափում և Հայաստանի պատանդառություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այսօր Հայաստանի գործող վարչապետը վաճաքի սեղանին է դրել Հայաստանի քաղաքական և ինքնիշխան ապագան և Արցախի ու արցախահայերի գոյության իրավունքը: Այնպես որ, երկրում օրախնդիր է գլխավոր բանակցողից ազատվելը:
– Շառլ Միշելը կոչ է արել երկու կողմերին հարգել էթնիկ հայերի անվտանգությունն ու իրավունքները: Ինչո՞ւ այս հարցը չի քննարկվել, այլ միայն կոչի մակարդակով է եղել, և ինչո՞ւ է կոչն արվել նաև Հայաստանին:
– Առհասարակ այդ կոչերը դիվանագիտական տիրույթում ընդունված ձև են և, բնականաբար, ինչ-որ մեկն այդ կոչին չի հետևելու: Դրանք ուղղակի հրապարակային վերաբերմունքի արտահայտման լեգիտիմ ձևեր են, որ հետագայում հանկարծ մեղադրանքներ չհնչեն, թե որևէ մոտեցում չի ցուցաբերվել: Իսկ ինչո՞ւ նաև հայկական կողմին, որովհետև ինչո՞ւ մենք չենք մտածում, որ Ադրբեջանը պատրաստվում է մի շարք, այսպես կոչված, տեղահանված ադրբեջանցիների վերադարձնել էն տարածքները կամ «անկլավները», որոնք իրենք համարում են իրենցը: Սա պետք է դիտարկել նաև այդ կոնտեքստում, որ վաղն ադրբեջանական «խաղաղ բնակչություն» կարող է վերադառնալ Հայաստան: Այնպես որ, հետագա պրոցեսների ընթացքին կարելի է հասկանալ, թե այդ կոչն առավել շատ որ կողմին էր ուղղված, և ով էր հասցեատերը:
– Պարոն Ղևոնդյան, երբ նշվում է, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը կայանալու է միջպետական սահմանին, և ոչ թե որևէ միջնորդ երկրում, ապա կարելի է հասկանալ, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացից դուրս են մնում Ռուսաստանի ձեռքի տակ եղած քարտեզները:
– Նախ պետք է արձանագրել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը կամ հավաքական արևմուտքը վաղուց ակտիվ մրցակցության մեջ են այս գործընթացում, այնպես որ՝ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել նախաձեռնությունը Ռուսաստանից վերցնելու և սեփական միջոցներով խնդիրները լուծելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում: Այո, փորձում են խնդիրը ձևակերպել, իբրև հայկական և ադրբեջանական կողմերի միջև իրենց աշխարհագրական տարածքում տեղի ունեցող գործընթաց է, և երրորդ կողմը՝ այս դեպքում Ռուսաստանը, չպետք է խոչընդոտի: Ռուսաստանը, գոնե այս պահին, շահագրգիռ չէ գործընթացի ակտիվացմամբ, և մենք նույնպես չպետք է շտապենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենալու սահմանագծման և սահմանազատման գործընթացում, որևէ կերպ Հայաստանի շահերից չի բխում: Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա պարզ չէ, թե այդ սահմանազատումն ու սահմանագծումն ինչ սկզբունքներով են արվելու, որովհետև մինչ օրս հայկական կողմի համար կարծես թե լիովին լեգիտիմ հիմք են եղել ադրբեջանի ներկայացրած GPS-ներով քարտեզները:
– Պարոն Ղևոնդյան, կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն ակամայի՞ց է ընկել այս ծուղակը, երբ Բրյուսելում համաձայնում է Արևմուտքի առաջ քաշած պայմաններին, իսկ Մոսկվայում՝ Ռուսաստանի:
– Չեմ կարծում, որ դա ծուղակ է, դա ավելի շուտ գործելաձև է, որի հիմնական նպատակը մեկն է՝ կարողանալ որոշակի երաշխիքներ ստանալ Հայաստանում իշխանությունը պահելու համար: Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիր գիծ չունի և որևէ խնդիր չունի հավատարմության երդում տալ մրցակից բևեռներին, ստորագրել ամենատարբեր պայմանագրեր, հետագայում դրանցից հրաժարվել: Նա կարող է խոստումներ տալ Եվրամիությանը, հետո նույնը խոստանալ Ռուսաստանին, Թուրքիային, ԱՄՆ-ին, անգամ Սոմալիին: Վերջին տարիներին նրա հայտարարություններն ու արտաքին քաղաքականությունը դրա վառ ապացույցն են: Այո, Նիկոլ Փաշինյանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թե կարողանա արտաքին խաղացողների մոտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակահարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունն իրենց համար ընկալելի և ընդունելի է, հետևաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնա լիարժեք և համապարփակ զիջումների:
– Ռուսաստանը կհաշտվի՞ իրավիճակի հետ, սպասե՞լ որոշակի ուղերձների Ռուսաստանի կողմից, մինչև Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ չորրորդ հանդիպումը, որը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին:
– Բոլորին թվում է, թե, ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, Ռուսաստանը չունի անհրաժեշտ դիմադրության ներուժ և ներգրավվածության հնարավորություն: Նման տեսակետ ունի նաև Ադրբեջանի ղեկավարը, որը սովորաբար ավելի զուսպ ու հաշվենկատ է իրեն պահում, քան Հայաստանի ղեկավարը: Բայց Ռուսաստանը մրցակցության այս դաշտում դիրքերը չի զիջելու: Թե ինչ ճանապարհով կհակադարձի կամ նոր նախաձեռնություններով ու ճնշումներով կկարողանա շարունակել իր սկսած գործընթացը, կտեսնենք առաջիկայում: Ռուսաստանը, ի վերջո, պայքարում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ հավաքական արևմուտքի ռազմատեխնիկական ներուժի և տնտեսական պատժամիջոցների դեմ: Այնպես որ, քաղաքական առաջիկա զարգացումները կուրվագծեն, թե Ռուսաստանն ինչ չափով է ներգրավված այս մրցակցության մեջ, որովհետև շատ լավ հասկանում է, որ անդառնալիության շեմից հետո, իսկ դա Արցախի կորուստն է, չի լինի նաև Սյունիքը: Հետագայում Ռուսաստանի առաջ կդրվի նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը բավականին իրատեսական է, եթե հայ-թուրքական հարաբերությունները զարգանան արևմտյան սցենարով, իսկ Հայաստանը կարծես այդ սցենարի տակ իր ստորագրությունն արդեն դրել է:
Աննա Դեմիրճյան