«Կարտոֆիլի նոր բերքը կլինի այս ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին, որից հետո կարտոֆիլի գները շեշտակի կիջնեն». Հրաչ Բերբերյան
Արդեն տևական ժամանակ է, շուկայում կարտոֆիլի գինը հատել է 500 դրամի սահմանը, ինչը, ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ տրամաբանական չէ։
«Շուկայում վաճառվում է ջերմոցներում աճեցրած կարտոֆիլ, որի արժեքը սկսվում է 2 հազար դրամից։ Կարտոֆիլի նոր բերքը կլինի այս ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին, որից հետո կարտոֆիլի գները շեշտակի կիջնեն։ Մեզ մոտ ցանքատարածությունները պակասել են, և դրան զուգահեռ՝ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում վարում է տգետ քաղաքականություն, և արդյունքը բոլորը տեսնում են։ Կարտոֆիլն այսօր մարդկանց համար երկրորդ հացն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, այդ քաղաքականության արդյունքը եղավ նաև այն, որ այսօր գյուղացին նախարարություն չունի, որի միջոցով կարող է իր խնդիրներին լուծում գտնել։
«Միանշանակ այս ամենը միտումնավոր է արվել, եթե առաջին տարում կասկածում էինք, որ կարող է հմտությունների պակասից լինել, այսօր արդեն վստահ ենք, որ միտումնավոր են անում։ Տեսեք, կառավարությունը մի քանի ծրագրեր ունի, որոնք ուղղակի ծիծաղելի են՝ սուբսիդավորում են վարկերը, և եթե գյուղացին այդ վարկերը կտեսնի՝ կուրախանա։ Այսինքն՝ գյուղացուն սուբսիդավորելու անվան տակ կառավարությունը սուբսիդավորում է բանկերին։ Բազմիցս հորդորել ենք, որ գյուղացիներին սուբսիդավորեն ըստ հեկտարի, բայց կառավարությունը համառորեն աշխատում է մի քանի բանկերի հետ, ու երևի ջերմ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Հիմա մեր կառավարությունը որտե՞ղ է քնած, 4 տարի է՝ կառավարությունը մորմազգի ցեցի համար գումար է դուրս գրում, որոնք անհեթեթ ծախսվում են, ու խնդիրը մնում է։ Դրա համար, երբ լոլիկը, վարունգը և այլ կուլտուրաներ թանկ են վաճառվում, գյուղացին մեղավոր չէ՝ ինչ գյուղացուն տալիս են, այն էլ ստանում են։ Գյուղատնտեսությունը ստույգ գիտություն է, ինչ ցանես, այն էլ կհնձես»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանում ձեթի, շաքարավազի գներն արհեստականորեն բարձրացրեցին, այնպես էլ այսօր փորձում են որոշ միրգ-բանջարեղենի գներ բարձր պահել։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում լոլիկի արտադրությունը մի խումբ մարդկանց ձեռքին է, ուստի նրանց առհասարակ ձեռնտու չէ պայքարել մորմազգիի դեմ, քանի որ այդ դեպքում գյուղացիների լոլիկի գինը կհասնի 100 դրամի։
«Բայց ամռանը մեզ հրամցնում են ջերմոցի լոլիկ, իսկ սեպտեմբերից արդեն առհասարակ լոլիկ չենք ունենում, մինչդեռ Հայաստանում լոլիկի բերքահավաքը սկսվում էր օգոստոսից և ավարտվում սեպտեմբերի վերջին»,- նշեց Հ. Բերբերյանը։