«Ապագան երեխա՞ն, հաջորդ սերո՞ւնդն է, թե՞ հացը, խորովածը և զգեստը. իմ կարծիքով՝ առաջինը». Հայկ Շեկյան
«Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի կարծիքով՝ «Արևածագ Արցախում» ծրագիրը որքան ավելի ինտենսիվ և ակտիվ իրականացվի, որքան ավելի շատ սուբյեկտներ միանան ծրագրին, այնքան ավելի դժվար կլինի ազդել Արցախի անկախության վրա՝ գազատարն անջատելով և այլ ահաբեկչական փորձերով:
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող «Shtigen Group» ընկերությունն Արցախ է ուղարկել 12 արևային ջրատաքացուցիչ՝ տալով «Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկը։
Հայկ Շեկյանը նշեց, որ ծրագրի ամբողջական իրականացման համար մեծ գումարներ են հարկավոր. «Եթե Արցախում պատկերացնենք 20-30 հազար տնտեսություն, յուրաքանչյուր տնտեսության համար մեկ արևային ջրատաքացուցիչ և մեկ արևային կայան, մեկ տնտեսության համար անհրաժեշտ է 2-2.5 մլն դրամ, այդ թվերը դուք պատկերացրեք՝ ինչ մեծ է»:
Նա ընդգծեց՝ առաջին քայլն անելով՝ ցույց են տվել, որ հարցը միայն պետությանը չէ, մասնավոր հատվածն էլ կարող է մեծ ներդրում ունենալ, ուստի հորդորում է բոլորին՝ միանալ նախաձեռնությանը։ Նա նշեց, որ արդեն արձագանքներ կան:
«Կա հետաքրքրություն թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից՝ այս նախաձեռնությանը միանալու, նվիրատվություններ անելու, այլ որևէ դերում ներգրավվելու, որովհետև կարծում եմ, որ նպատակը շատ պարզ է, հասկանալի և հստակ թիրախային»,- նշեց նա:
Հայկ Շեկյանի կարծիքով՝ ճգնաժամային իրավիճակում շատ կարևոր է տեսնել դրականի կղզիները, որոնք, ըստ նրա՝ աճի պոտենցիալ ունեն և հետագայում կարող են առաջ տանող ուժ լինել.
«Մի շարք նախաձեռնություններ կան, որոնք արդեն իրականացվում են բոլորովին այլ տեսլականով, ոչ թե՝ «մի բան անենք, որ այս խեղճ ժողովուրդը…» նարատիվով, այլ ընդլայնված վերարտադրության, հեռանկարային զարգացման, այստեղ տերը լինելու մտածողությամբ, հասկանալով, որ այսօր մենք կառուցում ենք հաջորդ սերունդների ապագան»:
Դիտարկմանը՝ մարդկանց մի մասն իր ապագան տեսնում է Հայաստանից դուրս, նա արձագանքեց.
«Եթե խոսքը կուշտ ապրելու և որոշակի սպառնալիքներից հետ մնալու մասին է, ապա միգուցե, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ մարդիկ հասկանում են, որ հաջորդ սերունդն այլևս իրենց պատկերացրածը չի լինելու, ես նաև դա եմ տեսնում: Եթե փորձենք հակակշռել այս երկու երևույթները, ապա Ձեր նշածը շատ ավելի մեծաքանակ է, բայց միշտ էլ այդպես է՝ ավելի խորը, ավելի հեռուն մտածող մարդկանց թիվը միշտ ավելի քիչ է լինում հասարակության մեջ, բայց նրանց ազդեցությունն է շատ ավելի մեծ լինում: Ես տեսնում եմ Հայաստան վերադարձող երիտասարդներ, որոնք գալիս են՝ դիմում են աշխատանքի, ասում են՝ անկախ ամեն ինչից, պլանավորում էին գալ Հայաստան: Մասսայական տեսնում եմ, որ մարդիկ իրենց երեխաներին ուզում են Հայաստանում մեծացնել: Հիմա եկեք հասկանանք՝ ապագան երեխա՞ն է, հաջորդ սերո՞ւնդն է, թե՞ հացը, խորովածը և զգեստը․ իմ կարծիքով՝ առաջինը: Իր որակով և ներուժով գերակշռում է առաջինը, այսինքն՝ այդ մարդիկ ստեղծելու են այնպիսի իրականություն, աշխատատեղեր, նախագծեր, որոնք որակապես այլ են լինելու և ստեղծելու են որակապես նոր ապագա: Ես չեմ ուզում մեղադրել որևէ մեկին, որովհետև խորհրդային հասարակությունը դաստիարակել է աշխատող մարդու, ում պետությունն ասում էր՝ դու գնա՝ աշխատի, ուրիշ բանի հետ գործ չունես: Հիմա այդ դասակարգը, օբյեկտիվորեն, անելանելի վիճակում է, որովհետև ինքը պետք է ստանա այդ պայմանները, և այդ իսկ պատճառով, այդ պայմանները փնտրող մարդիկ, բնականաբար, դուրս են նայում»:
Նկատեցինք՝ այդ մարդիկ նույն մտածողությամբ երեխաներ են դաստիարակել:
«Այո, թեկուզ կարող է թվալ, թե այս նոր սերունդը որակապես ամբողջովին ուրիշ պետք է լինի, բայց Ձեր ասած խոսքը հաստատում է դա»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայկ Շեկյանի խոսքով՝ Հայաստանում էլիտա ունենք, բայց այն միշտ չէ, որ պետք է տեսանելի լինի, երևա.
«Կարծում եմ՝ նրանք այն մարդիկ են, որոնք առանց աղմուկ բարձրացնելու՝ կրում են բավականին մեծ բեռ, և որոնց վրա է կառուցվում մի շարք բարդագույն խնդիրների լուծումը, լուծման տարբերակները կամ ապագա լուծումների փնտրտուքը: Եթե այս բարդագույն իրավիճակում մենք կանք և զարգանում ենք, եթե մեր տնտեսության մեջ նոր նախագծեր են իրականացվում, ինչ-որ մեկն արտադրություն է ստեղծում, ինչ-որ մեկը գյուղատնտեսական գործունեություն է սկսում և այլն, ապա դա հնարավոր չէ առանց մտքով առաջ գնացած մարդկանց: Այդ մարդիկ մտքով առաջ են գնացել, տեսել են որոշակի ապագա, տեսլական են ձևավորել և եկել են հետ՝ մարդկանց դա հաղորդելու: Առանց դրա հնարավոր չէ»:
Ծնունդով Արցախից մեր զրուցակիցը նշեց, որ Արցախում, բացի անվտանգության, պաշտպանության, բանակի կառուցման խնդիրներից, կա հասարակության կառավարման համակարգի տեսանկյունից մի շարք հարցերի, նախկին սխալների վերանայման և նոր բանաձևեր գտնելու խնդիր.
«Դա շատ խորը խնդիր է, եթե շատ չխորանամ այդ խնդրի բնորոշման և վերծանման մեջ, ապա երկրորդ խնդիրը, որ ես կթվարկեմ, դա ունակ կառավարիչներն են, կադրերը, այսինքն՝ աշխատող մարդն է խնդիրը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում