Ավանի թաղապետի կարծիքով՝ զոհված կամավորականի այրի, իր կողմից աշխատանքից ազատված Լիանա Աղաջանյանը բացարձակ ոչ կոմպետենտ է

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանա Աղաջանյանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել ե Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը:

«Ես՝ Լիանա Աղաջանյանս, 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրիս, աշխատում էի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես գործավար-օպերատոր։ Ինչու եմ անցյալով գրում, քանի որ երեկ ինձ ստիպել-հասցրել են նրան, որ ազատման դիմում գրեմ վարչական շրջանի նորանշանակ թաղապետ՝ Վահե Մանվելի Հակոբյանի և տեղակալ Արսեն Հովհաննեսի Հովհաննիսյանի հրամաններով։

Չեմ ցանկանում մանրամասնեմ, թե ինչ բնույթի՝ «պարկեշտ» բառերով է ինձ հետ խոսել տեղակալը, ուղղակի մի բան կասեմ՝ ամուսինս զոհվել է հանուն հայրենիքի ու ինձ, իմ 2 երեխաներին մենակ է թողել։

Կարճ ասած՝ փնտրում եմ աշխատանք, որպեսզի կարողանամ վճարել տանս վարձը և պահել երեխաներիս»,- գրել էր Լիանա Աղաջանյանը:

Գրառման մեկնաբանությունների հատվածում զոհված կամավորականի այրին գրել է, որ իրեն աշխատանքից ազատել են այն բանի համար, որ «անընդհատ ներսուդուրս չի արել, երբ թաղապետը ներս է մտել»:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից, ի պատասխան 168.am-ի հարցի՝ ի՞նչն է եղել կնոջն աշխատանքից ազատելու պատաճառը, ասացին՝ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ, տիկին Լիանան մասնագիտական կոմպետենտության խնդիր ունի, իսկ ավելի կոնկրետ՝ բացարձակ ոչ կոմպետենտ է:

«Սակայն, հաշվի առնելով նրա կարգավիճակը, վարչական շրջանի ղեկավարը չի ցանկացել նրան աշխատանքից ազատել՝ մինչ այն պահը, երբ տիկին Աղաջանյանը սկսել է բարոյահոգեբանական բացասական միջավայր ձևավորել»,- Ավան վարչական շրջանի ղեկավարի խոսքերը փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Թե ինչպես ու ինչ չափանիշներով է միայն վերջերս՝ մոտ 1.5 ամիս առաջ, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հակոբյանը որոշել, որ Լիանա Աղաջանյանը ոչ կոմպետենտ է, հավանաբար գիտի միայն ինքը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ Ավան վարչական շրջանի ղեկավարը ՔՊ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրն է՝ Վահե Հակոբյանը: Նա Տիգրան Ավինյանի կադրն է:

Տեսանյութեր

Լրահոս