Քիչ հետո կհրապարակվի Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
Քիչ հետո՝ 21.20 րոպեին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, կհրապարակի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մեր խնդրանքին՝ խոսել դատական նիստից իր տպավորությունների մասին, վերջինս նշեց՝ բոլոր մեկնաբանությունները՝ դատարանի որոշումից հետո:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արուսյակ Ալեքսանյանը կալանավորել էր նաև «ԱրԱր» և «Վերադարձ Հայաստան» հիմադրամների հիմնադիր Ավետիք Չալաբյանին:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ տեղեկացմամբ՝ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:
Այսօր Ռուբեն Մելիքյանը գրառում էր կատարել, որում նշել էր, որ այս պահին Հայաստանում 226 հոդվածով («Ազգային թշնամանք հարուցելը») քրեական հետապնդում է իրականացվում երկու անձի՝ Արմեն Գրիգորյանի և Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
«Իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու և Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային» (?) թշնամանք հարուցելու», իսկ սորոսական Սաշիկ Սուլթանյանը՝ հայերի և եզդիների միջև «ազգային թշնամանք հարուցելու» համար։
Արմեն Գրիգորյանին վռազ ձերբակալել են ու ցանկանում էին վռազ կալանավորել (նիստը հետաձգվեց այսօր ժամը 18:00-ին), իսկ Սաշիկ Սուլթանյանին չեն ձերբակալել, չեն կալանավորել, ավելին՝ վարույթի ընթացքում թույլատրում են մեկնել արտասահման ու վերադառնալ։
Սա ևս մեկ փաստ է՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ դրսևորվող խտրականության մասին՝ պայմանավորված Արմեն Գրիգորյանի քաղաքական հայացքներով»,-նշել էր իրավապաշտպանը: