«Հուսամ՝ ընդդիմությունը մեզ ոչ սազական կազմակերպիչներով այս անգամ արտահերթ ընտրությունների չի՛ գնա». Մամիջանյան

Այս արևի տակ ոչինչ հավերժ չէ. հավերժ չէ նաև իշխանությունը, ուստի Ազգային ժողովի իրենց սենյակներոմ կյանքը վայելող իշխանական պատգամավորներին կոչ եմ անում մի պահ դուրս նայել պատուհանից. դուրս նայել ու տեսնել, թե ի՞նչ պետություն ստացան ու ի՞նչ վիճակում են պետությունը հանձնելու ուր որ է՝ ուզած թե չուզած։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին նման կոչով դիմեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով.

«Երբ նայեն, կտեսնեն, որ առանձնապես հրճվելու կարիք չունեն»։

Հարցին՝ իսկ եթե պատուհանից  դուրս նայեն ու որոշեն հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չեզոքացնելու համար փողոցում ավելացող ճնշումը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

««Հանրապետական» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ ասում էր՝ ընտրությունների գնալը սխալ է, որովհետև ինչպե՞ս կարելի էր ընտրության գնալ մի քաղաքական ուժի հետ, որը տարբեր պետական և մասնավոր հիմնադրամների տված աջակցությունը տալիս է՝ որպես ընտակաշառք, ինչպե՞ս կարելի է ընտրության գնալ այն ուժի հետ, որն ըստ վարկածների՝ մի քանի հարյուր հազար կեղծ անձնագիր է տպել, և առհասարակ՝ ինչպե՞ս կարելի է մուրճով քաղաքականություն անողի հետ գնալ ընտրության։ Իհարկե, եթե ուզում ես իմանալ, թե ի՞նչ է մտածում ՔՊ-ն, պետք է լսել Հովիկ Աղազարյանին, որն ասաց՝ «Դե, պետք լինի, մի հատ էլ ընտրության կգնանք», բայց մյուս կողմից՝ այդ ուժը շատ լավ հասկանում է, որ ընտրությունների դեպքում իրենք խնդիր են ունենալու։ Մյուս կողմից, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս անգամ ընդդիմությունն ականջալուր կլինի ՀՀԿ-ի կարծիքին ու մեզ ոչ սազական կազմակերպիչներով և ոչ սազական ընկերակցությամբ արտահերթ ընտրությունների չի գնա»,- ասաց Մամիջանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս