Ինչի՞ հաշվին է Տիգրան Ավինյանն ուզում մետրոյի կայարաններ «կառուցել» ու էլեկտրական ավտոբուսներ գնել
Երևանի քաղաքապետի ընտրությունները որքան մոտենում են, այնքան կենացները քաղցրանում են։ Իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրություններից 1,5 տարի առաջ լծվել է լայնածավալ քարոզչական արշավի։ Սկսվել է ուղեղների լվացման հերթական պրոցեսը։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչը Երևանի ընտրողներին խոստացել էին նախորդ ընտրությունների ժամանակ, նույնիսկ չմեկնարկած, հիմա էլ նոր կայարանի կառուցման մասին են սկսել խոսել։
«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ, և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։
Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։
Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին»,- այս լուրն իր ֆեյսբուքյան էջում շտապել է հայտնել Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանը։
Տարօրինակ է, թե ինչո՞ւ Տիգրան Ավինյանը, և ոչ թե՝ պաշտոնական աղբյուրները։ Չէ՞ որ հանդիպմանը, որպես պաշտոնական կողմ, մասնակցել է ֆինանսների նախարարը։
Ֆինանսների նախարարը կամ նախարարությունը ոչինչ չեն ասում մետրոյի նոր կայարանի կառուցման և էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին, իսկ Տիգրան Ավինյանն այնպիսի սրտաճմլիկ գրառում է կատարել, կարծես վաղը Երևանում սկսվելու են մետրոպոլիտենի կայարանի կառուցման շինարարական աշխատանքները, իսկ փողոցներում վխտալու են էլեկտրական ավտոբուսները։
Ո՞վ է, ի վերջո, Տիգրան Ավինյանը։
Ինչքան հայտնի է, նա վաղուց այլևս փոխվարչապետ չէ, պետական այլ բարձր պաշտոն չի զբաղեցնում, բայց պարզվում է՝ պետության անունից բանակցություններ է վարում Երևանում մետրոպոլիտենի կայան կառուցելու և մայրաքաղաքի համար էլեկտրական ավտոբուսներ գնելու վերաբերյալ։
Ո՞վ է նրան լիազորել կամ իրավունք տվել պետության անունից հանդես գալ ու մի բան էլ վարկային նոր ծրագրեր քննարկել ՎԶԵԲ-ի պաշտոնյաների հետ։ Ինչի՞ հաշվին է քաղաքապետի իշխանության թեկնածուն պատրաստվում Երևանում մետրոյի կայարաններ կառուցել ու էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերել։ Իբր մինչև հիմա քիչ վարկեր են վերցրել ու պետությանը դրել վարկային ծանր բեռի տակ, հիմա ուզում են նոր վարկեր վերցնել ու կրկին թողնել սերունդների վրա։
Չորս տարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շուրջ 3 միլիարդ դոլարով պետական պարտք է ավելացրել։
Եվ ո՞ւր են գնացել այդ գումարները, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի՞նչ արդյունք են տվել, ի՞նչ է շահել դրանից տնտեսությունն ու հասարակությունը։
Ո՛չ տնտեսությունն է զարգացել, և ո՛չ էլ հասարակության սոցիալական վիճակն է բարելավվել։
2018-2021թթ. ընթացքում մեր տնտեսության միջին տարեկան աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Հասարակության սոցիալական վիճակն էլ ոչ միայն չի լավացել, այլև վատացել է. վկա՝ աղքատության ցուցանիշները։
Ահա թե ինչի ենք հասել այդքան պարտքեր ներգրավելուց հետո։
Այն դեպքում, երբ պետական պարտքի գրեթե մեկ երրորդը կուտակել է այս իշխանությունը՝ ընդամենը 4 տարվա ընթացքում։
Այսքանից հետո ուզում են պետությանն ու հասարակությանը հերթական մեծ պարտքերի տակ դնել՝ իբր թե Երևանի քաղաքացու մասին են մտածում։ Մտածող ու անող էիք, անցած 3-4 տարիներին անեիք։
Աջափնյակի կայարան էին խոստացել կառուցել։ Մինչև հիմա նույնիսկ շինարարության նախագիծ չկա։
Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ ձև են անում, թե ուր որ է՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու է։ Այնինչ՝ նոր-նոր պիտի սկսվի շինարարության նախագծի մշակումը։
Ընդ որում, միայն նախագծման աշխատանքների համար 1,5-2 տարի ժամկետ է նախատեսված։
Մինչ այդ՝ փորձում են ընտրություններից առաջ տպավորություն ստեղծել, թե կատարում են իրենց խոստումը, սկսել են մետրոպոլիտենի Աջափնյակի խոստացված կայարանի կառուցման աշխատանքները։ Այնինչ՝ դրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան։ Նույնիսկ ֆինանսավորման հարցը լուծված չէ, ու դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ կպահանջվի նախագծումից հետո շինարարությունը մեկենարկելու և ավարտելու համար։
Հարց է նույնիսկ, այն ընդհանրապես կմեկնարկի՞, թե՞ ոչ։
Այս պահին ամեն ինչ զուտ քարոզչական դաշտում է։ Այնպես, ինչպես Տիգրան Ավինյանի հայտարարած Փեթակի կայարանի ու 250 էլեկտրական ավտոբուսների պարագայում։
Դրանք, անշուշտ, Երևանին ու երևանցուն շատ պետք են, բայց դա չի նշանակում, թե պետությանը վարկային բեռի տակ դնելով, ինչ-որ մեկը պիտի փորձի բավարարել իր քաղաքական ամբիցիաները։
Պատկերացնո՞ւմ եք գոնե, թե խոսքն ինչ գումարների մասին կարող է լինել։ Եվ ո՞վ է վճարելու այդ գինը, որով իշխող քաղաքական ուժը մտադիր է Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ կարգել։ Պարզ է, որ հասարակությունը։ Ի վերջո, այդ գումարները փակվելու են քաղաքացու վճարած հարկերի հաշվին։
Մետրոյի կայարան կառուցող ու էլեկտրական ավտոբուսներ բերող էիք, բերեք առանց վարկերի ու պետական պարտքը ծանրաբեռնելու։ Վարկերով բոլորն էլ կարող են 1 չէ, 10 կայարան կառուցել, ու 250 չէ, 2500 ավտոբուս բերել։
Եթե կարծում եք, որ նախկինները հնարավորություն չունեին վարկ վերցնել ու մետրոյի կայարան կառուցել կամ Երևանի համար նոր ավտոբուսներ գնել, ապա չարաչար սխալվում եք։ Չէ՞ որ գալու է նաև այդ վարկերը վերադարձնելու ժամանակը։
Առանց այդ էլ, գործող իշխանությունը, մինչև հիմա Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրները եթե նույնիսկ փորձել է ինչ-որ կերպ լուծել, ապա դա արել է կրկին պարտքերի հաշվին։ Կառավարությունը վարկ է վերցնում, որպեսզի Երևանի համար ավտոբուսներ գնի։ Ու դա ներկայացնում են՝ որպես մեծ բարեգործություն։ Իբր մտածում են Երևանի քաղաքացու մասին։ Այնինչ իրականում՝ երկիրը դնելով նոր պարտքերի տակ, մտադիր են լուծել իրենց քաղաքական խնդիրները և հասարակությանը մոլորեցնելով ու խաբելով՝ սեփական թեկնածուին կարգել Երևանի քաղաքապետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ