ԵՊՀ-ում բարեփոխումների նոր փուլ է սկսվել, օրակարգում դրույքների վերացման կամ կրեդիտներով վարձատրության հարցեր չկան
Մամուլում օրերս տեղեկություն էր տարածվել, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ֆակուլտետների դեկանների տեղակալների հետ՝ հայտնելու, որ դասախոսների համար դրույքները վերանում են, նրանք վարձատրվելու են՝ ըստ կրեդիտների, իսկ ոմանք էլ հեռացվելու են համալսարանից։ Մասնավորապես, սեպտեմբերից դասախոսների մոտ 30 տոկոսը կրճատվելու է։
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կրճատումներ լինելու են, և, ընդհանրապես, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ դասախոսների աշխատավարձը բարձրացնելու նպատակով.
«Երևանի պետական համալսարանում սկսվել է բարեփոխումների նոր փուլ: Ցուցաբերելով մարդակենտրոն մոտեցում՝ համալսարանը որդեգրել է պրոֆեսորադասախոսական կազմի դերի վերարժևորման փիլիսոփայություն, և այդ նպատակին են ծառայում ձեռնարկված մի շարք քայլեր: Աշխատավարձերի բարձրացման հարցը ներառված է ԵՊՀ ռազմավարական ծրագրում, և այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ։ Ցանկանում եմ նշել, որ մեր ուշադրության կենտրոնում ոչ միայն աշխատավարձերի բարձրացման հարցն է, այլև աշխատողների համար սոցիալական բազմաբնույթ ծրագրերի իրականացումը:
Օրինակ՝ այս տարի արդեն իսկ ներդրվեց առողջապահական փաթեթ, որը, կարելի է ասել, լավագույններից է, և 2022 թվականից ԵՊՀ աշխատակիցներն օգտվում են առողջապահական նոր փաթեթից։ Ինչ վերաբերում է կրճատումների վերաբերյալ տարածված տեղեկատվությանը, կարող եմ ասել, որ այն միանշանակ որևէ աղերս չունի իրականության հետ: ԵՊՀ-ում փոխդեկանների հետ անցկացված հանդիպման ժամանակ առհասարակ անդրադարձ չի կատարվել կրճատումների հարցին, այլ քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, իսկ փոխդեկանները բարձրաձայնել են կրթական գործընթացին առնչվող խնդիրներն ու մտահոգությունները»,- մեր հարցին ի պատասխան՝ պարզաբանեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետը:
Ինչ վերաբերում է դասախոսների համար սահմանված դրույքների վերանայմանն ու վարձատրությունը կրեդիտային սկզբունքով կատարելուն, Ազնիվ Գրիգորյանը նշեց, որ օրակարգում դրույքների վերացման կամ կրեդիտներով վարձատրության հարցեր չկան: